News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

NEWS.am-ի հետ հարցազրույցում Հալեպում Հայաստանի հանրապետության գլխավոր հյուպատոս Տիգրան Գեւորգյանը պատմում է Սիրիայում տիրող իրավիճակի, հայ համայնքի կյանքի, հյուպատոսարանի աշխատանքային առօրյայի մասին:

Պարո՛ն Գեւորգյան, ներկայացրեք խնդրեմ Հալեպի ներկա իրավիճակը եւ հալեպահայության կացությունը:

Ցավոք սրտի, ինչպես զինված բախումները, այնպես էլ հումանիտար խոր ճգնաժամը Սիրիայում եւ մասնավորապես Հալեպի նահանգում շարունակվում են: Զինյալ խմբավորումների կողմից պարբերաբար ռմբակոծությունների են ենթարկվում նաեւ Հալեպում հիմնականում հայերով բնակեցված թաղամասերը` Նոր Գյուղը, Սուլեյմանիեն, Ազիզիեն եւ այլն: Արդյունքում ունենք մարդկային զոհեր եւ վիրավորներ նաեւ մեր հայրենակիցների շրջանում: Զգալի վնասներ է կրել հատկապես Նոր Գյուղ թաղամասը: Վնասվել են այնտեղ գտնվող Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եւ Զվարթնոց եկեղեցիները, հայկական դպրոցները, մանկապարտեզները, տպարանը, Սիրիահայ օգնության խաչի կենտրոնը, ինչպես նաեւ մեր հայրենակիցներին պատկանող բազմաթիվ տներ եւ խանութներ: Ռմբակոծության է ենթարկվել նաեւ հին Հալեպում գտնվող համայնքի հոգեւոր կենտրոն հանդիսացող Առաջնորդանիստ Քառասուն Մանկանց եկեղեցին:

Ասեմ ավելին, երկրում, մասնավորապես Հալեպում առկա են նաեւ ջրամատակարարման եւ էներգամատակարարման լուրջ խնդիրներ, ինչպես նաեւ բենզինի եւ դիզելային վառելիքի ճգնաժամ: Շուրջ վեց ամիս է` Հալեպում չի գործում ինտերնետը:

Իրավիճակն այնպիսին է, որ հնարավոր չէ գուշակել, թե դեռ որքան երկար կշարունակվեն ռազմական գործողությունները, եւ բնական է, որ հալեպահայության մի ստվար հատված արդեն լքել է քաղաքը: Այնուամենայնիվ, հազարավոր մեր հայրենակիցներ դեռ շարունակում են նման ծանր պայմաններում գոյատեւել:

Ի՞նչ քայլեր է ձեռնարկում ՀՀ կառավարությունը` հալեպահայության ներկա օրհասական կացությունը մեղմելու ուղղությամբ:

Այն, որ սիրիական ճգնաժամի հենց սկզբից կայացվեց քաղաքական որոշում Դամասկոսում եւ Հալեպում համապատասխանաբար ՀՀ դեսպանության եւ գլխավոր հյուպատոսության գործունեության շարունակության վերաբերյալ, արդեն շատ բանի մասին է խոսում: Ցանկանում եմ ընդգծել, որ մեր դիվանագիտական ներկայացուցչությունների առկայությունն այստեղ ոչ թե սիմվոլիկ նշանակություն ունի, այլ կոչված է անել առավելագույնը` մեր հայրենակիցներին հնարավոր աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ: Եվ այն, որ օրական հարյուրավոր մարդիկ են տարատեսակ խնդիրներով այցելում գլխավոր հյուպատոսություն, խոսուն վկայությունն է նրա, որ մեր ներկայությունն այստեղ շատ կարեւոր է: Բերեմ մի քանի օրինակ: Չնայած այն բանին, որ ՀՀ օրենսդրության համաձայն` ազգությամբ հայերը կարող են մուտքի արտոնագիր ստանալ Հայաստանի սահմանային անցակետերում, Սիրիայի կամ երրրորդ երկրների օրենսդրությունով պայմանավորված, մեր հայրենակիցները պետք է ստանան մուտքի արտոնագիր մինչեւ Հայաստան ժամանելը, ինչը եւ իրականացվում է այսօր, ընդ որում բացարձակապես անվճար հիմունքներով: Բացի այդ, ինչպես գիտեք, սիրիահայերը հնարավորություն ունեն ՀՀ քաղաքացու անձնագրեր ստանալ պարզեցված կարգով` հենց Սիրիայում, եւ հազարավոր հալեպահայեր արդեն ստացել են ՀՀ քաղաքացիություն:

Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության շենքը

Ընդհանուր առմամբ, պետք է նշեմ, որ Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունն աշխատում է արտակարգ ռեժիմի պայմաններում` աշխատանքային ժամերից դուրս, անհրաժեշտության դեպքում նաեւ հանգստյան օրերին:

Ավելին, գլխավոր հյուպատոսության աշխատանքները չեն սահմանափակվում միայն Հալեպի նահանգով կամ Հալեպ քաղաքով: Վերջին մեկուկես տարիների ընթացքում Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունն իրականացնում է արտագնա հյուպատոսական գործառույթներ: Հաշվի առնելով ճանապարհների դժվար անցանելիությունն ու մեր հայրենակիցների տեղաշարժի հետ կապված մեծ դժվարությունները` յուրաքանչյուր եռամսյակ մենք մեկնում ենք Սիրիայի ծովափնյա շրջաններ` Տարտուս, Լաթաքիա եւ Քեսաբ, տեղում հյուպատոսական ծառայություններ մատուցելու նպատակով, ինչը բավականին լայն եւ դրական արձագանք է գտնում սիրահայ համայնքի շրջանակներում:

Այս տարվա մայիսին Սիրիա այցելեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Բնականաբար սիրիական իշխանությունների հետ հանդիպումների օրակարգում էր նաեւ սիրիահայության եւ մասնավորապես հալեպահայության առջեւ ծառացած խնդիրները: Այսօր, Սիրիայում ապրող ցանկացած հայ գիտակցում եւ տեսնում է, որ այս բարդ իրավիճակում Հայաստանի Հանրապետությունը նեցուկ է կանգնում իրեն: Գիտակցում եւ տեսնում է, որ եթե կա հնարավորություն որեւէ հարցում աջակցություն ցուցաբերելու, ապա մենք միանշանակ պատրաստ ենք իրականացնել մեր այս կարեւոր առաքելությունը:

Որքանո՞վ է այս պայմաններում երաշխավորված ՀՀ գլխավոր հյուպատոսության անվտանգությունը:

Հալեպում այսօր իրավիճակն այնպիսին է, որ թերեւս ոչ մի կառույցի կամ շրջանի անվտանգություն չի կարող լինել երաշխավորված: Մենք աշխատում ենք այն նույն պայմաններում, որում ապրում է այսօրվա Հալեպը: Ընդ որում, խոսքը գնում է եւ՛ անվտանգության, եւ՛ տարրական կենցաղային պայմանների մասին: ՀՀ գլխավոր հյուպատոսությունը միակ գործող օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունն է Հալեպում: Մնացածները վաղուց դադարեցրել են իրենց գործունեությունը եւ տարհանել են անձնակազմերը: Թույլ տվեք նշեմ, սակայն, որ մենք չենք կենտրոնանում իրավիճակի վտանգավոր կամ անվտանգ լինելու խնդրի վրա: Մեզ համար էականն այն առաքելությունն է, որ մենք այստեղ իրականացնում ենք, եւ այն պարտքն է, որ մենք ունենք մեր պետության եւ մեր հայրենակիցների նկատմամբ:

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ԱԳՆ պատվո շքանշան է շնորհում Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Տիգրան Գևորգյանին

Այս առթիվ նշեմ նաեւ, որ հաշվի առնելով քաղաքի հայության առջեւ ծառացած դժվարությունները` այսօր գլխավոր հյուպատոսությունը ժամանակավորապես տեղափոխվել է հայաշատ թաղամասերին ավելի մոտ տարածք, որպեսզի մեր հայրենակիցների համար ավելի դյուրին լինի հյուպատոսություն այցելելը:

Հայտնի է, որ Սիրիայում ռազմական գործողությունների ժամանակ հաճախ թիրախավորվում են նաեւ մշակութային հուշարձանները: Այս պայմաններում ինչպիսի՞ն է Հալեպի հայկական պատմամշակութային ժառանգության դրությունը:

Շատ կարեւոր հարց եք բարձրացնում: Սիրիական համակամարտության ընթացքում մշակութային ժառանգության նկատմամբ վանդալիզմի դեպքերը բազմաթիվ են եւ զարհուրելի: Հայկական մի շարք եկեղեցիներ նույնպես չեն խուսափել ռմբակոծություններից: Մեզ համար Հալեպի հարուստ պատմամշակութային ժառանգության պահպանման խնդիրն առաջնային կարեւորության հարց է: Բացի այդ, մասնավորապես Հալեպում առկա են բազմաթիվ արժեքավոր ձեռագրեր, մատյաններ, սրբապատկերներ եւ այլն, որոնց ապահովության հարցը եւս շատ արդիական է: Համայնքային կառույցների եւ գլխավոր հյուպատոսության համատեղ ջանքերով հնարավոր է եղել իրականացնել դրանց զգալի մասի տեղափոխումը Հայաստան, մի մասինն էլ` Լիբանան:

Շարունակու՞մ են արդյոք իրենց գործունեությունը երբեմնի ծաղկուն հալեպահայ համայնքային կառույցները:

Հալեպի հայ համայնքը մշտապես համարվել է Սփյուռքի մայր գաղութը: Թե ինչ ակտիվ համայնքային կյանքով էր ապրում Հալեպը մինչեւ ճգնաժամի բռնկվելը, հիացնում էր ամեն մի հայի: Սակայն ինձ համար հիացմունքի առարկա է այն, թե ինչպես են Հալեպի համայնքային կառույցները շարունակում իրենց գործունեությունը այս ծանր պայմաններում: Կարող եմ նշել, որ անգամ այսօր այնքան շատ համայնքային միջոցառումներ են կազմակերպվում այստեղ, որ ես ստիպված եմ լինում բաց թողնել դրանցից մի քանիսը` աշխատանքային ծանրաբեռնվածոությունից ելնելով: Մյուս կողմից, համայնքային կառույցները համախմբած աշխատում են` հալեպահայության առջեւ ծառացող խնդիրների լուծման ուղղությամբ: Համայնքում գործում է շտապօգնության եւ վերականգնման մարմինը, որում ընդգրկված են համայնքապետերը, ավանդական կուսակցությունների եւ բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչները: ՀՀ գլխավոր հյուպատոսությունը մշտական ինտենսիվ կապի մեջ է վերջիններիս հետ` փորձելով, հնարավորության սահմաններում, համատեղ լուծումներ գտնել առկա խնդիրներին:

Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Տիգրան Գևորգյանի հանդիպումը Բերիո թեմի Առաջնորդ Տեր Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ

Դիվանագետի աշխատանքում նրա անբաժան ուղեկիցներն են ընտանիքի անդամները: Պատմեք նաեւ Ձեր ընտանիքի մասին:

Իմ ավելի քան 20-ամյա դիվանագիտական կարիերայի ընթացքում ես համոզվել եմ, որ ամուր ընտանիքը դիվանագետի հաջող աշխատանքի առանցքային գրավականներից է: Ավելորդ է ասել, թե որքան բարդ է այսօր իմ հարազատների համար, սակայն նրանք բոլորն էլ ըմբռնումով են մոտենում իմ աշխատանքի առանձնահատկություններին: Կինս, ով մասնագիտությամբ լեզվաբան է, հաճախակի ինձ հետ միասին Հալեպում է լինում՝ հավասարապես կիսելով բոլոր դժվարություններն ու վտանգները: Որդիս նույնպես ընտրել է իմ մասնագիտությունը, դիվանագետ է եւ արդեն հասցրել է աշխատել արտերկրում՝ Իրաքում ՀՀ դեսպանությունում: Աղջիկս ուսանող է, սովորում է Հայ-ռուսական սլավոնական համալսարանի երկրորդ կուրսում:

Այս հարցն ուղղում ենք խորագրի շրջանակներում մեր բոլոր զրուցակիցներին: Ի՞նչ խորհուրդ կտաք դիվանագետի մասնագիտությունն ընտրել պատրաստվողներին:

Նախեւառաջ, պետք է ասեմ, որ ընտրել են շատ լավ մասնագիտություն: Դիվանագետներս պետական ծառայության համակարգի մաս ենք կազմում: Սա նշանակում է՝ յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է դառնալ դիվանագետ, պետք է պատրաստ լինի ամեն պահ ինչ-որ բան զոհաբերել հանուն այն կարեւոր առաքելության, որն իրականացնելու բախտը վիճակվել է իրեն:

Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Տիգրան Գևորգյանի հանդիպումը Սիրիայի Հայ Ավետարանական եկեղեցու համայնքապետ, վերապատվելի Հարություն Սելիմյանի և վարչության անդամների հետ

Բացի այդ, շատ կարեւոր է գիտակցել, որ մեր աշխատանքում մենք գործ ենք ունենում արտաքին աշխարհի հետ, որում համակարգային փոփոխությունները շատ արագ են տեղի ունենում: Ես շատ երկար տարիներ, որպես դիվանագետ, աշխատել եմ արաբական տարբեր երկրներում, սակայն այսօր տեղի են ունենում իրադարձություններ, որոնք անգամ ինձ համար դժվար ենթադրելի էին մի քանի տարի առաջ: Հետեւաբար, պետք է անդադար աշխատել սեփական մասնագիտական պատրաստվածության բարելավման ուղղությամբ, որպեսզի հնարավոր լինի այդ փոփոխություններին արձագանքելու ճիշտ լուծումներ առաջարկել:

ՀՀ անձնագրերի հանձնման արարողություն Հայոց բանակի 23-րդ տարեդարձի տոնակատարությունների շրջանակներում

Տիգրան Գեւորգյան, Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս

Ծնվել է 1969թ. Երեւանում:

Ավարտել է Երեւանի Պետական Համալսարանի արեւելագիտության ֆակուլտետը` արաբագիտություն մասնագիտությամբ:

1993թ. Եգիպտոսի Արաբական Հանրապետության ԱԳՆ դիվնագիտական ակադեմիայի հատուկ դասընթացների ունկնդիր

1993-1996թթ, ՀՀ ԱԳՆ Մերձավոր եւ Միջին Արեւելքի երկրների վարչության, արաբական երկրների բաժնի կցորդ

1996-1998թթ. Լիբանանում ՀՀ դեսպանությանն երրորդ քարտուղար

1998-1999թթ. ՀՀ ԱԳՆ Մերձավոր եւ Միջին Արեւելքի երկրների վարչության, արաբական երկրների բաժնի երրորդ, երկրորդ քարտուղար

1999-2003թթ. Եգիպտոսում ՀՀ դեսպանությանն երկրորդ, առաջին քարտուղար

2003-2005թթ. ՀՀ ԱԳՆ Մերձավոր եւ Միջին Արեւելքի երկրների վարչության, արաբական երկրների բաժնի վարիչի պաշտոնակատար

2005-2007թթ.  Եգիպտոսում ՀՀ դեսպանությանն առաջին քարտուղար

2007-2009թթ. ՀՀ ԱԳՆ Մերձավոր եւ Միջին Արեւելքի երկրների վարչության, արաբական երկրների բաժնի վարիչ

2009-2014թթ. Սիրիայում ՀՀ դեսպանության խորհրդական

2014թ. մայիսի 1-ից Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս

Ունի «Առաջին դասի Խորհրդական» դիվանագիտական աստիճան:

Տիրապետում է ռուսերեն, արաբերեն, անգլերեն եւ ֆրանսերեն լեզուներին:

Ամուսնացած է, ունի երկու զավակ:

Զրույցդեսպանիհետ.ՀրանտՊողոսյան

Զրույց դեսպանի հետ. Արա Սահակյան

Զրույց դեսպանի հետ. Գագիկ Ղալաչյան

Զրույց դեսպանի հետ. Նիկոլայ Սարկիսով

Զրույց դեսպանի հետ. Արա Այվազյան

Զրույց դեսպանի հետ. Աշոտ Քոչարյան

Զրույց դեսպանի հետ. Էդգար Ղազարյան

Զրույց դեսպանի հետ. Սարգիս Ղազարյան

Զրույց դեսպանի հետ. Աննա Աղաջանյան

Հարցազրույց դեսպանի հետ. Վլադիմիր Բադալյան

Հարցազրույց դեսպանի հետ. Արմեն Մելքոնյան

Հարցազրույց դեսպանի հետ. Արարատ Գոմցյան

Հարցազրույց դեսպանի հետ. Արսեն Սհոյան

Հարցազրույց դեսպանի հետ. Աշոտ Գալոյան

Հարցազրույց դեսպանի հետ. Թաթուլ Մարգարյան

Հարցազրույց դեսպանի հետ. Արման Կիրակոսյան

Հարցազրույց դեսպանի հետ. Գեղամ Ղարիբջանյան

Հարցազրույց դեսպանի հետ. Արմեն Խաչատրյան

Հարցազրույց դեսպանի հետ. Արամ Գրիգորյան

Զրույց դեսպանի հետ. Ավետ Ադոնց

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ