News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

NEWS.am-ի հետ հարցազրույցում  Հունաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Գագիկ Ղալաչյանը պատմում է ՀՀ դեսպանության գործունեության, հայ-հունական հարաբերությունների ու հայ համայնքի մասին։

Պարո՛ն դեսպան, Հայաստանն ու Հունաստանն ունեն ավանդական բարեկամական հարաբերություններ: Ներկայացրե՛ք այդ հարաբերությունների ամրապնդման ու առավել խորացման ուղղությամբ ՀՀ դեսպանության կատարած գործունեությունը:

Հայ եւ հույն ժողովուրդների կապերը դարերի պատմություն ունեն, եւ այսօր մեր երկրների միջպետական հարաբերությունները լավագույնս արտացոլում են մեր ժողովուրդների բարեկամությունը, ընդհանուր պատմությունն ու արժեքները: Հելլենիզմը, քրիստոնեությունը, այնուհետեւ Բյուզանդական եւ Օսմանյան կայսրություններում բազմադարյա խաղաղ գոյակցությունը, ինչպես եւ, ցավոք, անցյալ դարասկզբի ողբերգական իրադարձությունները դարձրել են մեզ բարեկամ ու բախտակից ազգեր: 

Դիվանագիտական հարաբերություններ Հունաստանի հետ հաստատվել են Հայաստանի անկախացումից անմիջապես հետո` 1992թ. հունվարին: Այս 23 տարիների ընթացքում ծավալվել եւ ձեւավորվել է երկկողմ հարաբերությունների բավականին հարուստ եւ հագեցած օրակարգ` ընդգրկելով համագործակցության ոլորտների լայն շրջանակ` քաղաքական, ռազմական, միջխորհրդարանական, կրթական, մշակութային եւ ապակենտրոնացված համագործակցությունը:

Հաճախակի բնույթ կրող բարձրաստիճան փոխայցերը եւս վկայում են շարունակաբար ամրապնդվող գերազանց քաղաքական երկխոսության մասին: Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր կայացել են ՀՀ Նախագահի, Ազգային ժողովի նախագահի, արտգործնախարարի եւ կառավարության այլ անդամների պարբերական այցեր Հունաստան, Հունաստանի նախագահի, խորհրդարանի նախագահի եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաների այցեր Հայաստան: Վերջին շրջանի այցելությունների շարքում կարեւորում եմ ապրիլին Հունաստանի խորհրդարանի նախագահ Զոի Կոնստադոպուլուի այցը Երեւան: Վերջինս ծավալուն ելույթով հանդես եկավ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումին եւ մասնակցեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի պաշտոնական միջոցառումներին:

Մեր երկրների միջպետական համագործակցության արդյունքներն ամրագրված են 40-ից ավելի երկկողմ պայմանագրերում, արձանագրություններում եւ հուշագրերում: Այս տարիների ընթացքում հաջողվել է նաեւ ամրապնդել ապակենտրոնացված համագործակցությունը` Գյումրիի եւ Սալոնիկի, Ալավերդիի եւ Աղիոս Իոաննիս Ռենտիի, Իջեւանի եւ Նիկեայի, Նոյեմբերյանի եւ Վիրոնայի միջեւ կնքված համագործակցության պայմանագրերով եւ հուշագրերով: Ներկայումս ընթացքում է Դիլիջան եւ Կոս քաղաքների միջեւ համագործակցային կապերի հաստատման գործընթացը:

Չեմ կարող չառանձնացնել հայ-հունական ռազմական համագործակցության օրինակելի մակարդակը: Այն ընդգրկում է համագործակցության բնագավառների լայն շրջանակ` ռազմական կրթություն, սպայակազմի վերապատրաստում, խաղաղապահություն, ռազմարդյունաբերություն եւ ռազմատեխնիկական համագործակցություն: Գնահատելի է հատկապես Հունաստանի բազմակողմանի աջակցությունը հայկական խաղաղապահ ուժերի կայացման գործում: 2004թ. հայ զինվորականների առաջին գումարտակը իր խաղաղապահ առաքելությունը սկսեց Կոսովոյում` ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելության շրջանակում տեղակայվելով հունական զորախմբի կազմում: Մինչեւ 2011թ. հունական հրամանատարության ներքո մեր գումարտակի գործունեությունը բազմիցս արժանացել է գովասանքի` օրինակելի ծառայության համար: Այս տարվա ապրիլին Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Պանոս Կամմենոսի հետ իմ հանդիպմանը առիթ ընձեռվեց արձանագրելու հայ-հունական ռազմական արդյունավետ համագործակցության բարձր մակարդակը եւ վերահաստատելու համագործակցությունն ամրապնդելու պատրաստակամությունը:

Խորհրդարաններում բարեկամության խմբերի գործունեությամբ եւ պարբերական փոխայցելությունների շնորհիվ դինամիկ զարգանում է նաեւ միջխորհրդարանական համագործակցությունը: Ուշագրավ եւ նաեւ խորհրդանշական էր, որ այս տարվա մայիսին կայացած Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի ոգեկոչման պաշտոնական միջոցառման գլխավոր բանախոսն էր Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Դեսպանության ամենօրյա գործունեության թիրախում մշտական աջակցությունն է համապատասխան գերատեսչությունների միջեւ գործընկերային կապերի ամրապնդմանն ու խթանմանը, փոխայցելությունների եւ աշխատանքային շփումների կազմակերպմանը, ինչպես նաեւ համագործակցության նոր ոլորտների եւ հնարավորությունների բացահայտումը:

Մյուս կարեւոր ուղղությունը մեր քաղաքացիների շահերի պաշտպանությունն է` հյուպատոսական տարաբնույթ ծառայությունների մատուցման միջոցով: Դրանք, ի դեպ, չեն սահմանափակվում հյուպատոսի գրասենյակում անձնագրային, նոտարական բնույթի փաստաթղթերի եւ տեղեկանքների տրամադրմամբ, այլ, անհրաժեշտության դեպքում, ենթադրում են նաեւ դատարաններում, բժշկական հաստատություններում, քրեակատարողական հիմնարկներում հայտնված մեր քաղաքացիների շահերի պաշտպանությունը` օրենքով սահմանված կարգով:

Հայտնի է, որ Հայաստանում համեմատաբար մեծ թվով հունական ընկերություններ են գործունեություն ծավալում: Արդյո՞ք նմանատիպ հայկական ընկերություններ գործում են նաեւ Հունաստանում: Եվ ընդհանրապես, ինչպիսի՞ քայլեր են ձեռնարկվում` հայ-հունական գործարար շրջանակների միջեւ կապերն ակտիվացնելու նպատակով:

Ցավոք, պետք է նշեմ, որ հայ-հունական հարաբերությունների «աքիլեսյան գարշապարը» մնում է տնտեսական համագործակցության ոլորտը: Պատճառները կապված են Հայաստանի տնտեսական շրջափակումից եւ փակ սահմաններից բխող ապրանքաշրջանառության սահմանափակումների հետ: Բեռնափոխադրման շրջանցիկ ուղիները ծախսատար են եւ զգալիորեն բարձրացնում են արտահանվող ու ներկրվող ապրանքների ինքնարժեքը` դարձնելով դրանք շուկայում ոչ մրցունակ:

Հունաստանում հայկական կապիտալով ընկերություններ չկան: Հունահայ մի քանի գործարարների ջանքերով եւ նախանձախնդրությամբ այսօր հունական շուկայում ներկայացված են հայկական կոնյակը, տարատեսակ գինիներ, պահածոյացված անուշեղեն եւ «AWI» ժամացույցները:

Չնայած առկա մարտահրավերներին, երկուստեք համոզմունք կա, որ հայ-հունական տնտեսական հարաբերությունների ողջ ներուժը դեռեւս բացահայտված չէ: Այդ նպատակով դեսպանության նախաձեռնությամբ 2011թ. իր գործունեությունը վերսկսեց Հունա-հայկական առեւտրաարդյունաբերական պալատը` հայ եւ հույն գործարարների մասնակցությամբ: 2014թ. աշնանը Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասի պաշտոնական այցի շրջանակում փոխըմբռնման հուշագիր ստորագրվեց Պալատի եւ Հայկական զարգացման գործակալության միջեւ: Նույն այցի շրջանակում կազմակերպվեց հայ-հունական գործարար համաժողով` հունաստանյան 16 ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, ընդ որում հունական պատվիրակության կորիզը կազմում էին հենց Հունա-հայկական առեւտրաարդյունաբերական պալատի անդամ գործարարները:

Գյուղատնտեսության ոլորտում համագործակցության հանգուցային կետերից է Հունաստանի կառավարության ֆինանսավորմամբ եւ տեխնիկական աջակցությամբ Հայաստանում հինգ տիպային սպանդանոցների բացումը` ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության «Աջակցություն սպանդանոցների զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում: Հունաստանի համապատասխան գերատեսչությունների հետ այս ոլորտում համագործակցության դրական փորձը եւ ոլորտի հայկական հաստատությունների ձեռք բերած կարողությունները կշարունակվեն օգտագործվել` արտադրելու ներքին սպառման ու արտահանման համար պիտանի եւ անվտանգ մսամթերք:

Տնտեսական հարաբերությունների զարգացման խոչընդոտներից էր նաեւ օդային հաղորդակցության սեզոնային բնույթը: Այս տարվա ապրիլից գործող «Էգեյան ավիաուղիներ»-ի կանոնավոր չվերթները պետք է որ դրական տեղաշարժ արձանագրեն թե´ զբոսաշրջության ծավալների, թե´ գործարար շփումների ավելացման առումով:

Տնտեսական համագործակցության ոլորտն, իբրեւ գործակցային օրակարգի խոցելի կետ, մշտապես դեսպանության ուշադրության կենտրոնում է: Ջանում ենք Հայաստանի շահագրգիռ մարմիններին եւ կազմակերպություններին մշտապես իրազեկված պահել Հունաստանում ընթացող տնտեսական բնույթի ցուցահանդեսների եւ տոնավաճառների վերաբերյալ, հայկական կողմի մասնակցության դեպքում` աջակցել կազմակերպական աշխատանքներին: Պարբերաբար, ինչպես անհատ շահագրգիռ հույն գործարարների, այնպես էլ Առեւտրի պալատի միջոցով գործարար լայն շրջանակների փոխանցվում են Հայաստանի տնտեսության, ներդրումային քաղաքականության եւ գործարար հնարավորությունների վերաբերյալ տեղեկատվական եւ գովազդային նյութեր: Հունական «Versus» զբոսաշրջային գործակալության հետ համագործակցությամբ, անցկացրել ենք Հայաստանին նվիրված միջոցառում` ներկայացնելով Հայաստանի պատմամշակութային արժեքների, տեսարժան վայրերի եւ զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների շուրջ տեղեկատվություն:

Առանձնակի կարեւորում եմ նաեւ Հայաստանի մասնակցությունը այս տարի փետրվարին կայացած Հունա-Եվրասիական գործարար նորաստեղծ խորհրդի` «Հունաստանը եւ Եվրասիական տնտեսական միությունը» խորագրով միջոցառմանը եւ վերջինիս շրջանակում ձեռք բերված եռակողմ համագործակցային պայմանավորվածությունները` խորհրդի, Հայաստանի արտադրողների եւ գործարարների (գործատուների) միության եւ Հունա-հայկական առեւտրաարդյունաբերական պալատի միջեւ:

Իմ պաշտոնավարման տարիները համընկել են հունական ֆինանսատնտեսական ճգնաժամի հետ: Այս տարիների ընթացքում հույն ժողովուրդը մեծ դժվարությունների միջով է անցել եւ ներկայումս էլ շարունակում է  մաքառել: Գրեթե մեկ քառորդով կրճատվել է հունական տնտեսությունը, աճել գործազրկությունը, երկրի ֆինանսատնտեսական ցուցանիշները բարելավելու նպատակով իրականացվել եւ շարունակվում են ներդրվել խնայողության կոշտ միջոցառումներ` կենսաթոշակների եւ աշխատավարձերի կրճատման, հանրային հատվածի օպտիմալացման, հարկադիր պարապուրդի եւ ծախսերը նվազեցնող այլ միջոցառումների տեսքով: Վերջին  դրամատիկ իրադարձություններից հետո, կարծում եմ, համընդհանուր ցանկություն է, որպեսզի Հունաստանն, ի վերջո, հաղթահարի տեւական ճգնաժամի հետեւանքները եւ վերագտնի տնտեսական կայուն զարգացման եւ բարեկեցության տանող ուղին: Հուսով եմ` հունական տնտեսության վերականգնմանը զուգընթաց, համատեղ ջանքերով հնարավոր կդառնա փոքր, բայց ներկայանալի նախաձեռնություններով տնտեսական համագործակցության մակարդակը առաջ մղել եւ աստիճանաբար մոտեցնել քաղաքական հարաբերությունների գերազանց մակարդակին:

Հունաստանի հայ համայնքը ավանդաբար մեր ամենաակտիվ եւ ծաղկուն համայնքներից է: Որո՞նք են համայնքին հուզող հիմնական խնդիրներն այսօր:

Հունաստանում հայերի դարավոր ներկայության խոսուն վկաներն են թե´ բազմաթիվ պատմական հիշատակումները, թե ցամաքային Հունաստանում եւ կղզիներում սփռված առանձին բնակավայրերի անվանումները: Իրենց համայնքային կարգավիճակը, որպես այդպիսին, հունահայերը ձեռք են բերել Հայոց ցեղասպանության հետեւանքով: Համիդյան ջարդերի, Հայոց ցեղասպանության, իսկ այնուհետ նաեւ 1923թ. Զմյուռնիայի աղետից հետո մինչեւ 150.000 հայ է ապաստան գտնել Հունաստանի տարբեր բնակավայրերում: Տարիների ընթացքում տարբեր գործոնների ազդեցությամբ այս թիվը նվազել է, եւ ներկայումս ոչ պաշտոնական տվյալներով Հունաստանում բնակվող հայերի թիվը կազմում է մինչեւ 35.000, որոնց շարքում գերակշիռ մասն են կազմում 90-ականներից հետո Հայաստանից եւ ԽՍՀՄ այլ նախկին հանրապետություններից Հունաստան արտագաղթած մեր հայրենակիցները: Ավանդաբար հայաշատ քաղաքներ են մայրաքաղաք Աթենքն ու Սալոնիկը: Փոքրաթիվ, սակայն կենսունակ համայնքներ ունենք Հունաստանի հյուսիս-արեւելքում՝ Կոմոտինի, Կավալա, Քսանթի, Դիդիմոտիխո, Ալեքսանդրուպոլիս քաղաքներում, ինչպես նաեւ Կրետե եւ Կոս կղզիներում:

Հունաստանի հայ համայնքը, հայկական ավանդական համայնքներից մեկը լինելով, աչքի է ընկնում համայնքային կյանքի կազմակերպվածության բարձր մակարդակով: Չնայած վերջին տարիների ահռելի տնտեսական դժվարություններին, իրենց գործունեությունը շարունակում են հայկական դպրոցները, հասարակական-քաղաքական, բարեգործական, մշակութային եւ մարզական կառույցները: Հայապահպանման գործում իր ուրույն տեղն ու դերն ունի նաեւ Հայոց եկեղեցին: Աթենքում լույս են տեսնում Եվրոպայի միակ հայալեզու օրաթերթը` «Ազատ օր»-ը, «Նոր աշխարհ», «Հայաստան» շաբաթաթերթերը, «Արմենիկա» ամսագիրը, հունալեզու, հայալեզու կայքէջեր եւ առցանց ռադիոհաղորդումներ:

Ինչպես բոլոր համայնքներում, հունաստանյան հայ համայնքի թիվ մեկ գերխնդիրը հայապահպանությունն է: Ներկայումս ցեղասպանությունը վերապրածների չորրորդ սերունդն է մեծանում, եւ հունական հասարակությանը լիակատար ինտեգրման պայմաններում երիտասարդների ուծացման վտանգն առարկայական է: Ֆինանսատնտեսական ճգնաժամն իր հերթին հավելյալ բարդություններ է ստեղծում դպրոցների, մշակութային եւ կրթական այլ կառույցների գործունեությունը բնականոն հունով շարունակելու համար: Իրապես դժվար է տարեցտարի կրճատվող եկամուտների պայմաններում միջոցներ հայթայթել ուսման կամ համայնքային կյանքի կենսունակությունն ապահովող տարաբնույթ միջոցառումների համար, որոնք ոչ միայն բարոյական, այլ նաեւ ֆինանսական մեծ ներդրումներ են պահանջում:

Ի պատիվ Հունաստանում բնակվող մեր հայրենակիցների, պետք է երախտագիտությամբ նշեմ, որ նրանց գործուն ջանքերի եւ նախանձախնդրության շնորհիվ մշտապես զգալի է համայնքային աջակցությունը թե´ դեսպանության գործունեությանը, թե´ համահայկական նշանակության կարեւոր նախաձեռնություններին:

Դուք նաեւ համատեղության կարգով ՀՀ դեսպանն եք Կիպրոսում, Ալբանիայում, Սերբիայում եւ Բոսնիա եւ Հերցեգովինայում: Անդրադառնանք այդ երկրների եւ Հայաստանի միջեւ ներկայումս առկա հարաբերությունների մակարդակին:

Բացառությամբ Կիպրոսի, դեսպանընկալ չորս երկրները` Հունաստանը, Սերբիան, Ալբանիան եւ Բոսնիա եւ Հերցեգովինան, բալկանյան տարածաշրջանին են դասվում, սակայն, ընդհանրություններով հանդերձ, էապես տարբերվում են թե´ միջազգային ասպարեզում իրենց դերակատարման, տնտեսական զարգացման, թե´ Հայաստանի հետ առկա հարաբերությունների առումով: Փորձեմ հակիրճ անդրադառնալ դրանցից յուրաքանչյուրին, նաեւ այդ երկրների հայ համայնքներին: Կիպրոսի հետ Հայաստանի հարաբերությունների պատկերը չի զիջում հայ-հունական հարաբերություններին եւ բնորոշվում է հարաճուն զարգացման միտումներով: Վերջին մեկ տարվա ընթացքում միայն կայացել են Կիպրոսի նախագահի, Ներկայացուցիչների պալատի նախագահի կրկնակի եւ պաշտպանության նախարարի պաշտոնական այցեր Հայաստան, ինչպես նաեւ Հայաստանի Ազգային ժողովի նախագահի այցելություն Կիպրոս: Վերջին տարիներին ակտիվացած միջպետական եւ միջխորհրդարանական շփումները համագործակցության երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերում որակապես նոր լիցք են հաղորդել հայ-կիպրական հարաբերություններին: Քաղաքական գերազանց հարաբերությունների վկայություններից մեկն էլ, անշուշտ, Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսի եւ Ներկայացուցիչների պալատի նախագահ Յաննակիս Օմիրույի մասնակցությունն է այս ապրիլին Երեւանում կայացած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի պաշտոնական միջոցառումներին:

Դեռեւս 2009թ. Հայաստան պաշտոնական այցի շրջանակում Կիպրոսի նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասը միտք էր արտահայտել, որ Կիպրոսը Հայաստանի դեսպանն է եվրոպական ընտանիքում: Եվ իսկապես, բազմակողմ համագորակցության եվրոպական եւ միջազգային հարթակներում երկու երկրների միջեւ առկա է սերտ ու արդյունավետ համագործակցություն` փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր հնարավոր ուղղություններով:

Չեմ կարող չնշել Կիպրոսի Հանրապետության բարյացակամ վերաբերմունքը եւ պետական հոգածությունը կիպրահայ համայնքի նկատմամբ: Կիպրահայ համայնքը հատուկ կարգավիճակ է վայելում` իրբեւ երկրի երեք պաշտոնական ազգային փոքրամասնություններից մեկը: Կիպրոսում եւս համայնքային կյանքի խճանկարը բնորոշվում է ավանդական հայ համայնքներին հատուկ բոլոր երանգներով: Համայնքը ներկայացված է երկրի խորհրդարանում` Ներկայացուցիչների պալատում` ի դեմս Կիպրահայ համայնքի պետական ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանի: Մեր հայրենակից Մարիոս Գարոյանը 2008-2011թթ. զբաղեցրել է Կիպրոսի խորհրդարանի նախագահի պաշտոնը` երկար տարիներ գլխավորելով նաեւ Կիպրոսի Ժողովրդավարական կուսակցությունը: Բոլորովին վերջերս դեսպանության հարկի տակ Սփյուռքի նախարարության ոսկե մեդալով պարգեւատրեցինք կիպրահայ ուսուցիչ, արվեստագետ Վարդան Թաշճյանին, ով երկարամյա մանկավարժական գործունեությունից զատ, Կիպրոսում մեծ համբավ վայելող, ամենաշատ ցուցադրված ժամանակակից գեղանկարիչներից մեկն է: Ընդհանրապես, Կիպրոսում եւ Հունաստանում բնակվող մեր հայրենակիցներից շատերը իրենց գործում հաջողությունների հասած անվանի քաղաքական գործիչներ, բժիշկներ, արվեստագետներ, գործարարներ եւ այլ մասնագիտությունների տեր մարդիկ են, որոնք իրենց գործունեությամբ ու վարքուբարքով մեծապես նպաստում են հայի դրական կերպարի կայացմանը: Միեւնույն ժամանակ, լիովին ինտեգրված լինելով հունական եւ կիպրական հասարակություններին` մեր հայրենակիցներն իրենց նպաստ ու ներդրումն են բերում երկրորդ հայրենիք դաձրած այս երկրներին:

Գոհացուցիչ է նաեւ վերջին տարիներին Սերբիայի հետ քաղաքական հարաբերությունների աշխուժացումը: Հայ-սերբական հարաբերությունների անկյունադարձային իրադարձություններ կարելի է համարել 2011թ. ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Բելգրադ եւ 2014թ. Սերբիայի Նախագահ Տոմիսլավ Նիկոլիչի պաշտոնական այցը Երեւան: Իբրեւ երկկողմ օրակարգի կարեւոր կետեր` նախանշվել են մեր երկրների միջեւ քաղաքական երկխոսության շարունակական ամրապնդումը, առեւտրատնտեսական կապերի խթանումը, միջխորհրդարանական կապերի զարգացումը, մշակույթի եւ զբոսաշրջության ոլորտում համագործակցությունը: Այս նպատակով նախագահների, ինչպես նաեւ արտգործնախարարների փոխայցերի ընթացքում ստորագրվել են մոտ մեկ տասնյակ փաստաթղթեր` ընդգրկելով համագործակցության այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են տնտեսական,  գիտատեխնիկական, օդային հաղորդակցությունների, զբոսաշրջության, կրթության, մշակույթի եւ սպորտի բնագավառները: Աշխատանքներ են տարվում Հայաստանի եւ Սերբիայի միջեւ իրավապայմանագրային դաշտի հետագա ընդլայնման ուղղությամբ, ինչը հիմք կհադիսանա հայ-սերբական համագործակցության նոր հեռանկարները կյանքի կոչելու:

Կարեւորում եմ նաեւ այս տարվա ապրիլին Սերբիայի Նախագահի մասնակցությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի պաշտոնական միջոցառումներին: Այս այցը վերահաստատեց եւ ամրագրեց Սերբիայի անվիճարկելի դիրքը Հայաստանի բարեկամ ազգերի ու պետությունների շարքում:

Սերբիայի հայ համայնքը խիստ փոքրաթիվ է, հիմնականում կենտրոնացած մայրաքաղաք Բելգրադում եւ հարակից քաղաքներում: Չնայած ավանդական հայ համայնքին բնորոշ կառույցների բացակայությանը` դպրոց, եկեղեցի, մշակութային կենտրոններ եւ այլն, մի քանի նվիրյալների ջանքերով հաջողվում է պահպանել ազգային ինքնությունն ու լեզուն, ինչպես նաեւ կապը հայրենիքի ու հայ մշակույթի հետ:

Թե´ Ալբանիայի, թե´ Բոսնիա եւ Հերցեգովինայի հետ հարաբերությունները, կարելի է ասել, ձեւավորման փուլում են: Ֆիզիկական ներկայության բացակայությունը հատկապես նման երկրներում, որտեղ կա հայերի եւ Հայաստանի վերաբերյալ իրազեկման խնդիր, առաջին պլան է մղում, այսպես կոչված, տեղական գործընկերոջ անհրաժեշտությունը: Ալբանիայի պարագայում իշխանությունների հետ նման կապող օղակ կարող է դառնալ փոքրաթիվ, բայց բավականին ներկայանալի հայ համայնքը: Վերջինս մեծապես տուժել է Էնվեր Խոջայի բռնատիրական ռեժիմի տարիներին, երբ ազգային փոքրամասնություններին արգելվում էր հաղորդակցվել կամ կրթվել մայրենի լեզվով, իսկ որեւէ տեսակի եկեղեցի կամ դավանանք ընդհանրապես արգելված էր: Այժմ ալբանահայերը ազգային ինքնության վերագտնման փուլում են, եւ դեսպանությունն ամեն կերպ փորձում է սատարել նրանց: Ընթացքի մեջ է Ալբանիայում Հայաստանի պատվավոր հյուպատոսի նշանակման հարցը, որը, կարծում եմ, մեծապես կխթանի հայ-ալբանական տնտեսական եւ մշակութային հարաբերությունների զարգացումը: Այս ամենին զուգահեռ, փորձում ենք նաեւ ձեւավորել համապատասխան իրավապայմանագրային դաշտ, որպես կայուն հենք, հայ-ալբանական միջպետական հարաբերությունների զարգացման համար:

Իբրեւ Հայաստանի դեսպան` Բոսնիա եւ Հերցեգովինայում հավատարմագրվել եմ 2013թ. վերջին, եւ ներկայումս ճանաչողական այցերի միջոցով դեսպանությունը ջանում է աշխատանքային հարաբերություններ հաստատել այս երկրի հետ: Աշխատանքներ են տարվում երկուստեք հետաքրքություն ներկայացնող ոլորտների վերաբերյալ երկկողմ համաձայնագրերի մշակման, ինչպես նաեւ Բոսնիա եւ Հերցեգովինայի մաս կազմող Սերբական Հանրապետության հետ համագործակցային հարաբերությունների հաստատման ուղղությամբ:

Պարո՛ն դեսպան, այս տարի նշվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Ի՞նչ միջոցառումներ են կայացել եւ կայանալու այդ առթիվ վերոնշյալ երկրներում:

Մեկ հարցազրույցի շրջանակում դժվար թե հնարավոր լինի ներկայացնել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների ողջ շարքը: Դրանց ընդգրկումը բավականին լայն է` պաշտոնական, քաղաքական միջոցառումներից մինչեւ մշակութային, կրթական ու մարզական միջոցառումներ: Կփորձեմ ներկայացնել առավել հանգուցային եւ նշանակալի իրադարձությունները:

Հայաստանում հանրության լայն շրջանակներին, թերեւս, հայտնի չէ այն փաստը, որ Հունաստանում եւ Կիպրոսում ապրիլի 24-ը օրենքով ամրագրված է որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր: Ամեն տարի Աթենքի կենտրոնական «Սինտաղմա» հրապարակում, ինչպես նաեւ Սալոնիկում եւ հայաշատ այլ քաղաքներում բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ տեղի է ունենում դափնեպսակների զետեղման հանդիսավոր արարողություն: Այս տարի եւս մասնակիցների եւ բանախոսների առավել ներկայանալի կազմով եւ բազմամարդ մասնակցությամբ հայ եւ հույն ժողովուրդները հարգանքի տուրք մատուցեցին անմեղ զոհերի հիշատակին:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող  հունաստանյան հանձնախմբի միջոցառումների մեկնարկն, ըստ էության, տրվեց 2014թ. դեկտեմբեր ամսին` Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի այցելությամբ եւ Հայաստանի Երգի պետական թատրոնի «Կոմիտաս. եկել եմ» երաժշտական ներկայացման ցուցադրությամբ: Մշակութային միջոցառումներից կցանկանայի առանձնացնել նաեւ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի փայլուն ելույթները Սալոնիկի մանկական երգչախմբերի ամենամյա միջազգային փառատոնի շրջանակում, որն այս տարի նվիրված էր Հայաստանին: Արդեն իսկ կայացած միջոցառումների շարքն ամբողջացնում են Սալոնիկի Գրքի միջազգային ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունը` Հայոց ցեղասպանությանը նվիրված  բազմալեզու գրականության ցուցադրությամբ, Հունաստանի Հանրային խորհրդի շենքում «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերում» խորագրով ցուցահանդեսի բացումը` Հայաստանի Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ, Նունե Եսայանի համերգները Աթենքում եւ Նիկոսիայում, բազմաթիվ այլ ցուցահանդեսներ, գրքի շնորհանդեսներ, համերգներ, թեմատիկ ընթերցումներ եւ դասախոսություններ, կինոդիտումներ, ծառատունկ եւ հեծելավազք, բարեգործական միջոցառումներ` կազմակերպված հունահայ համայնքի ջանքերով: Մեծ հուզումով դեսպանության ողջ անձնակազմը ապրիլի 23-ին ներկա գտնվեց Աթենքի Սուրբ Հակոբ եկեղեցում սրբադասման արարողության ուղիղ հեռարձակմանը: Աթենքի արքեպիսկոպոսարանի հրահանգով` Աթենքի հայկական եկեղեցիների զանգերին իրենց զանգերը միացրին նաեւ հունական եկեղեցիները` ի նշան խորհրդանշական մասնակցության ոգեկոչման միջոցառումներին:

Կիպրոսը իրավամբ կարելի է Հայոց ցեղասպանության ճանաչման  առաջամարտիկ համարել: ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի բարձր ատյանից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին առաջին անգամ բարձրաձայնվել է 1965թ.` Կիպրոսի արտգործնախարար Սպիրոս Կիպրիանուի կողմից: 10 տարի անց Կիպրոսը դարձավ Հայոց ցեղասպանությունը ճանաչած առաջին եվրոպական պետությունը, իսկ այս տարվա ապրիլի 2-ին Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ: Այդ օրերին ես գտնվում էի Նիկոսիայում` պաշտոնական այցով Կիպրոսում գտնվող Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակության կազմում: Այցի ընթացքում պարոն Սահակյանի մասնակցությամբ կայացան Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հայ-կիպրական համատեղ դրոշմանիշի թողարկման եւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի աջակցությամբ կազմակերպված «Հայոց ցեղասպանության վկայությունները լուսանկարներում եւ վավերագրերում» խորագրով ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունները: Հայաստանի Ազգային ժողովի նախագահին բացառիկ հնարավորություն ընձեռվեց նաեւ ելույթով հանդես գալու Կիպրոսի Ներկայացուցիչների Պալատում: Ապրիլի 30-ին Կիպրոսի Նախագահ Նիկոս Անաստասիադեսի բարձր հովանու ներքո Կիպրոսի արտգործնախարար Իոաննիս Կասուլիդեսի բանախոսությամբ Նիկոսիայում կայացավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման գլխավոր միջոցառումը:

Չեմ կարող չնշել նաեւ Սերբիայի եւ Ալբանիայի մեր փոքրաթիվ համայնքների ջանքերով իրականացված հիշատակի միջոցառումները: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի տեղական եւ հայաստանյան միջոցառումները, ինչպես նաեւ տարելիցի շուրջ միջազգային քաղաքական զարգացումները լայնորեն լուսաբանվել են դեսպանընկալ երկրների լրատվամիջոցների կողմից:

Տարին դեռ չի ավարտվել, եւ առաջիկայում եւս ծրագրել ենք իրականացնել մի շարք միջոցառումներ, որոնք ներկայումս գտնվում են նախապատրաստական փուլում:

Դիվանագիտական աշխատանքը բարդ է եւ ժամանակատար: Ինչպե՞ս են դրան վերաբերվում Ձեր ընտանիքի անդամները: Պատմեք նաեւ Ձեր ընտանիքի մասին:

Գաղտնիք չեմ բացահայտի, եթե նշեմ, որ դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարի աշխատանքը չի սահմանափակվում միայն աշխատասենյակում անցկացրած ժամերով, այլ ենթադրում է նաեւ մասնակցություն պաշտոնական ընդունելությունների, բարեգործական, մշակութային, համայնքային տարաբնույթ միջոցառումների: Կինս` Գոհարը, ոչ միայն ընկերակցում է ինձ, այլ նաեւ մեծ սիրով ստանձնում է որոշ մշակութային եւ բարեգործական միջոցառումներին մեր դեսպանության մասնակցության կազմակերպական աշխատանքները: Պատեհ առիթների դեպքում, եթե արարողակարգը թույլ է տալիս, հաճույքով մեզ են միանում նաեւ մեր որդիները` Յուրին եւ Լեւոնը: Ավագ որդիս՝ Կիմը, ներկայումս բնակվում է Մոսկվայում: Միջազգային հարաբերությունների ինստիտուտի ասպիրանտ է: Սպասում ենք նրա թեկնածուական թեզի պաշտպանությանը:

Վերջին հարցն ուղղում ենք խորագրի շրջանակում մեր բոլոր զրուցակիցներին: Ի՞նչ խորհուրդ կտաք դիվանագետի մասնագիտությունն ընտրել պատրաստվողներին:

Մեր մասնագիտության բազմաշերտ եւ լայնընդգրկուն բնույթը հաշվի առնելով` դժվար է մեկ նախադասությամբ ձեւակերպել դիվանագետի «հաջողության բանաձեւը»: Այդ մասին գրվել եւ շարունակում են գրվել հատորներ: Իմ խորին համոզմամբ` դիվանագետ չեն ծնվում, այլ թրծվում են երկարամյա աշխատանքի բովում: Ինչ խոսք, մարդկային որոշ որակների եւ համապատասխան գիտելիքների ու հմտությունների առկայությունը կարեւոր նախապայմաններ են, բայց ոչ բավարար: Դիվանագիտական հաջող կարիերայի հավակնող երիտասարդները պետք է իմանան, որ տարբեր երկրներ այցելությունների, բարձրաստիճան ղեկավարների ու պաշտոնյաների հետ հանդիպումների, պերճաշուք սրահներում ընդունելությունների ստվերում մնում է դիվանագետի ամենօրյա տքնաջան աշխատանքը` անվերջանալի գրագրություն, տեւական բանակցություններ եւ աշխատանքային հանդիպումներ: Նման աշխատանքի կայացման կարեւոր գրավականներն են քննարկման առարկայի կամ դեսպանընկալ երկրի խորը իմացությունը, հընթացս կողմնորոշվելու, համբերատար եւ ճկուն գործելու ունակությունները: Վերջապես, դիվանագետը պետք է զերծ մնա կանխակալ կարծիքներից ու վերաբերմունքից եւ երբեք չդադարի սովորել:

Գագիկ Ղալաչյան (կենսագրական տվյալներ)

Հունաստանի Հանրապետությունում

Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան

(Համատեղության կարգով Հայաստանի Հանրապետության դեսպան Կիպրոսի, Ալբանիայի, Սերբիայի Հանրապետություններում, Բոսնիա եւ Հերցեգովինայում)

Ծնվել է 1969թ. մարտի 4-ին Լվովում (Ուկրաինա):

Կրթությունը

1986-1989թթ. Լենինգրադի պետական համալսարանի արեւելագիտության ֆակուլտետ՝ Մերձավոր Արեւելքի պատմության ամբիոն

1989-1992թթ. Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ՝ Հայ ժողովրդի պատմության ամբիոն

1993-1995թթ. Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ դիվանագիտական ակադեմիա` Արտաքին քաղաքականության եւ միջազգային հարաբերությունների ամբիոն

Աշխատանքային գոոծունեությունը

1993-1995թթ. ՀՀ արտաքին գործերի նախարարության Թուրքիայի բաժնի կցորդ

1995-1996թթ. ՀՀ ԱԳՆ Եվրոպական երկրների վարչության 2-րդ եվրոպական բաժնի 3-րդ, ապա 2-րդ քարտուղար

1997-1999թթ. Հունաստանում ՀՀ դեսպանության 2-րդ քարտուղար

1999-2000թթ. ՀՀ ԱԳՆ քարտուղարության պետ

2000-2001թթ. ՀՀ ԱԳՆ ՍՎՄԱ վարչության ռազմաքաղաքական համագործակցության բաժնի վարիչ

2001-2004թթ. ՌԴ-ում ՀՀ դեսպանության խորհրդական, Հավաքական անվտանգության մասին պայմանագրի (ՀԱՊԿ) Գլխավոր քարտուղարին կից ՀՀ լիազոր ներկայացուցիչ

2003-2004թթ. ՀԱՊԿ մշտական խորհրդի անդամ

2004-2007թթ. ՀՀ ԱԳՆ Ասիայի, Օվկիանիայի եւ Աֆրիկայի վարչության պետ

2007-2009թթ. ՀՀ Նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ

15.10.2009թ. ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հունաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան:

06.05.2010թ. ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է համատեղության կարգով Հայաստանի Հանրապետության դեսպան Կիպրոսի Հանրապետությունում:

21.06.2010թ. ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է համատեղության կարգով Հայաստանի Հանրապետության դեսպան Ալբանիայի Հանրապետությունում:

17.02.2011թ. ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է համատեղության կարգով Հայաստանի Հանրապետության դեսպան Սերբիայի Հանրապետությունում:

07.09.2013թ. ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է համատեղության կարգով Հայաստանի Հանրապետության դեսպան Բոսնիա եւ Հերցեգովինայում

Ունի  Արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար  դիվանագիտական աստիճան:

Օտար լեզուների իմացությունը

անգլերեն, ռուսերեն, հունարեն

Ընտանեկան կարգավիճակը

Ամուսնացած է, ունի երեք որդի:

Զրույց դեսպանի հետ. Նիկոլայ Սարկիսով

Զրույց դեսպանի հետ. Արա Այվազյան

Զրույց դեսպանի հետ. Աշոտ Քոչարյան

Զրույց դեսպանի հետ. Էդգար Ղազարյան

Զրույց դեսպանի հետ. Սարգիս Ղազարյան

Զրույց դեսպանի հետ. Աննա Աղաջանյան

Հարցազրույց դեսպանի հետ. Վլադիմիր Բադալյան

Հարցազրույց դեսպանի հետ. Արմեն Մելքոնյան

Հարցազրույց դեսպանի հետ. Արարատ Գոմցյան

Հարցազրույց դեսպանի հետ. Արսեն Սհոյան

Հարցազրույց դեսպանի հետ. Աշոտ Գալոյան

Հարցազրույց դեսպանի հետ. Թաթուլ Մարգարյան

Հարցազրույց դեսպանի հետ. Արման Կիրակոսյան

Հարցազրույց դեսպանի հետ. Գեղամ Ղարիբջանյան

Հարցազրույց դեսպանի հետ. Արմեն Խաչատրյան

Հարցազրույց դեսպանի հետ. Արամ Գրիգորյան

Զրույց դեսպանի հետ. Ավետ Ադոնց

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ