News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

NEWS.am-ի հետ հարցազրույցում Ղազախստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Սահակյանը պատմում է ՀՀ դեսպանության գործունեության, հայ-ղազախական հարաբերությունների ու հայ համայնքի մասին։

Պարո՛ն դեսպան, ներկայացրեք Ղազախստանում ՀՀ դեսպանության գործունեությունն ու աշխատանքի հիմնական ուղղությունները:

Դեսպանությունը ներկայացնում եւ ապահովում է Հայաստանի պաշտոնական հարաբերությունները Ղազախստանի եւ Ղրղզստանի հետ, նպաստում քաղաքական, տնտեսական, մշակութային եւ այլ ոլորտներում երկկողմ համագործակցության ու փոխշահավետ կապերի ամրապնդմանն ու զարգացմանը, պաշտպանում Հայաստանի, նաեւ նրա քաղաքացիների շահերն այդ պետություններում:

Մեր գլխավոր խնդիրներից է, որպեսզի Հայաստանի կողմից իրականացվող արտաքին եւ ներքին քաղաքականությունը, մեր իշխանությունների ձեռնարկած քայլերը, մեզանում տեղի ունեցող իրադարձությունները պարզ ու հասկանալի ներկայացվեն դեսպանընկալ պետությանն ու հասարակությանը:

Առանձին ու բավականաչափ աշխատատար ոլորտ է հյուպատոսական ծառայությունների մատուցումը:

Ի՞նչ նոր հնարավորություններ կան հայ-ղազախական հարաբերությունների հետագա զարգացման համար:

Հայ-ղազախական (ինչպես եւ հայ-ղրղզական) միջպետական հարաբերությունները կրում են բարեկամական, դաշնակցային բնույթ, ունեն զարգացման մեծ հնարավորություն, եւ փորձը ցույց է տալիս, որ այդ հնարավորությունների իրացման թիրախները պետք է դիտարկել ոչ միայն կառավարությունների մակարդակում, այլեւ զարկ տալ փոխգործակցությանը առանձին գերատեսչությունների, կազմակերպությունների, ձեռնարկությունների, գործարար շրջանակների, քաղաքացիական հասարակության հաստատությունների, անհատների հարթություններում: Ավելին կարող եմ ասել՝ քաղաքական անկախության վերջին քառորդ դարում կոփված մեր միջպետական բարիդրացիական հարաբերությունները, իրավապայմանագրային հիմքը հանդիսանում են այն ամուր հարթակը, խարիսխը, որի վրա կարող են կառուցվել, պայմանականորեն ասված, մակրոկապերը եւ, անգամ, անհատական հարաբերությունները՝ գիտնականների, արվեստի աշխատողների, պատգամավորների, քաղաքական դեմքերի, գործարարների, լրագրողների, հասարակական գործիչների, պարզ մարդկանց միջեւ: Դրան խանգարող հանգամանքներ չկան, բացառությամբ, թերեւս, իներցիայի կաշկանդող ուժի եւ նոր, որոշ իմաստով՝ անծանոթ ուղղությամբ հավելյալ ջանքեր գործադրելու ծուլության: Պարտքս եմ համարում նկատել, որ Ղազախստանը մեծ հնարավորությունների երկիր է, որտեղ ծրագրվում եւ իրականացնում են խոշոր հեռանկարային նախագծեր, միջավայրը նպաստավոր է փոխշահավետ համագործակցության համար:        

Խոսենք Ղազախստանի հայ համայնքի մասին: Որո՞նք են համայնքին հուզող հիմնական խնդիրներն այսօր:

Ղազախական տափաստաններում հայտնված առաջին հայերը դեպի Կենտրոնական Ասիա առաջացող ռուսական զորքերին հետեւող առեւտրականներն են եղել, գլխավորապես՝ աստրախանցի: Իսկ զանգվածաբար հայերը բերվել են այստեղ` որպես ստալինյան համակենտրոնացման ճամբարների կալանավորներ կամ աքսորականներ: Մեր տառապյալ եղբայրներից ու քույրերից շատերն անհիշատակ հանգչում են այս հողում:

Մյուս մեծ ալիքը խոպանի յուրացմանը պարտադիր-կամավոր հավաքագրվածներն են կազմել: Իսկ վերջին ալիքը աշխատանքային միգրանտներն են, որոնց մի զգալի մասը ճանապարհաշինությամբ զբաղված սեզոնային աշխատողներ են:

Ներկայումս համայնքը՝ խիստ խայտաբղետ իր սոցիալական կառուցվածքով,  առանձնապես չի ստվարանում եւ, ըստ գնահատումների, կազմում է 20-25 հազար մարդ, որի ճնշող մեծամասնությունը ամուր կապված է Հայրենիքի հետ, խոսում է հայերեն, դիտում հայկական հեռուստաալիքներ, հետեւում հայաստանյան իրադարձություններին: Առավել բազմաքանակ է նախկին մայրաքաղաք Ալմաթիի հայությունը: Այստեղ ապրում են նշանավոր գիտնականներ, արվեստի գործիչներ, պետական պաշտոնյաներ, գործարարներ, աճում է նոր սերունդ, որը մի կողմից ներառված է տեղի միջավայրի մեջ, իսկ մյուս կողմից՝ Հայրենիքի հետ առնչակցության զարթոնք է ապրում:

Ղազախստանում համայնքային կազմակերպությունները (որ պաշտոնապես կոչվում են մշակութային կենտրոններ) գրանցված են որպես մարզային կառույցներ, ու քանի որ երկիրը հսկայական տարածք ունի (աշխարհում 9-րդն է), միմյանցից կտրված են, յուրաքանչյուրն ապրում է իր կյանքով: Սակայն խնդիրները նույնական են՝ մտավորական առաջնորդների սակավություն, թույլ կիրակնօրյա դպրոցներ, հայ հոգեւոր-կրոնական կյանքի իսպառ բացակայություն: Այս ամենը լրացվում է արտաքին գործերի նախարարության (մասնավորապես՝ դեսպանության), ինչպես եւ սփյուռքի, մշակույթի, կրթության եւ գիտության նախարարությունների նախանձախնդիր ջանքերի շնորհիվ:

ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո որքանո՞վ են ընդլայնվել հայ-ղազախական տնտեսական հարաբերությունները:

ԵՏՄ-ն ծանրակշիռ տարածաշրջանային տնտեսական նախագիծ է, այն ապրում է կայացման շրջան, եւ նաեւ դրա շրջանակներում հայ-ղազախական առեւտրատնտեսական հարաբերությունների հետագա զարգացում է նախանշվում` հատկապես հաշվի առնելով «չորս ազատությունների» (ապրանքների, ծառայությունների, կապիտալի եւ աշխատուժի ազատ տեղաշարժի) կենսագործման շարունակական կայացումը:

Դուք համատեղության կարգով ՀՀ դեսպանն եք նաեւ Ղրղզստանում: Ի՞նչ մակարդակի վրա են ներկայումս գտնվում հայ-ղրղզական հարաբերությունները:

Ըստ էության, Ղրղզստանի հետ մեր հարաբերությունները բարիդրացիական են եւ, ինչպես Ղազախստանի պարագայում է, փոխշահավետ առեւտրատնտեսական կապերի ընդլայնման առարկայական խոչընդոտներ գոյություն չունեն: Ճիշտ է, երբեմն հանդիպում են դատողություններ առ այն, որ Հայաստանը հեռու է տարածաշրջանից, չկա ընդհանուր սահման, փոքր շուկա է եւ այլ: Անգամ կան էթնիկ-կրոնական ընդհանրության վրա հարաբերությունները կառուցելու ջատագովներ: Սակայն պետական քաղաքականությունը երկու երկրներում էլ կառուցված է լրջմիտ կանխադրույթների վրա, եւ մեր գործունեության մեջ ելնում ենք հենց դրանից:

Կենտրոնական Ասիայում հպարտությամբ են խոսում «Մետաքսի ճանապարհի» մասին, դրան նոր շունչ տալու ծրագրեր են իրականացվում: Եվ եթե դարեր առաջ «Մետաքսի ճանապարհը» գործել է հաղորդակցության անհամեմատ թույլ միջոցների ու աներեւակայելի սպառնալիքների պայմաններում, ապա 21-րդ դարում այն առավել եւս իրագործելի է: Իսկ Հայաստանի տնտեսական շրջափակումն էլ հավերժ չի շարունակվելու:

Պարո՛ն դեսպան, այս տարի նշվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Ի՞նչ միջոցառումներ են կայացել եւ կայանալու այդ առթիվ Ղազախստանում եւ Ղրղզստանում:

Ինչպես աշխարհի բոլոր հայաշատ վայրերում, Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում եւ մի շարք խոշոր մարզկենտրոններում նույնպես ապրիլի 23-ին հայերը հեռուստատեսությամբ միատեղ հետեւեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվող Ցեղասպանության զոհերի սրբադասման կարգին, ապա՝ մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը: Իսկ ապրիլի 24-ի այցելեցին տեղի որեւէ քրիստոնեական եկեղեցի՝ ներկա գտնվելու հոգեհանգստի կարգի մատուցմանը:

Ինքս ապրիլի 23-ին Աստանայից ավելի քան 1400կմ հեռու գտնվող Ակտոբե քաղաքի հայերի հետ էի: Ապրիլի 24-ի կեսօրին, ի հիշատակ 1.5 միլիոն հայ նահատակերի, հոգեհանգստի կարգ մատուցվեց նախ Աստանայի ռուս ուղղափառ, իսկ երեկոյան՝ հռոմեա-կաթոլիկ եկեղեցու մայր տաճարներում: Ընդհանուր առմամբ, ներկա էր մոտ 200 մարդ, որոնցից շատերը ապա մասնակցեցին դեսպանատանը կազմակերպված ընդունելությանը: Իմ ելույթում ես միասնության կոչ արեցի եւ մասնավորապես ասացի. «Եթե մեկ դար առաջ մենք ներկայանում էինք աշխարհին` որպես անղեկ ու հուսահատ ազգ, ապա այսօր ունենք մեր հույսի փարոսը՝ Հայաստանի անկախ Հանրապետությունը»: Իր հայրենակիցներին սրտառուչ խոսք հղեց Ղազախստանում Լիբանանի դեսպան Վազգեն Գավլաքյանը: Հայերենով ջերմ ելույթ ունեցավ ՌԴ Դաշնային խորհրդի անդամ (Բաշկիրիայից ընտրված) Ռաֆայիլ Զինուրովը:

Նույն օրը Արվեստի ազգային համալսարանի դահլիճում տեղի ունեցավ Մարիաննա Օստանկովիչի հեղինակային համերգը, որը մեր շնորհալի հայրենակիցը նվիրել էր Ցեղասպանության զոհերի հիշատակին:

Ավելի վաղ, ապրիլի 3-ին Բիշքեկում` տեղում հավատարմագրված մի շարք դիվանագետների մասնակցությամբ, տեղի էր ունեցել Հայոց ցեղասպանությանը նվիրված համաժողով: Ելույթ ունեցան մեր պատվավոր հյուպատոսը, հայ համայնքի ղեկավարը, ՌԴ դեսպանության խորհրդականը, ղրղզ մտավորականներ, նաեւ՝ ՀՀ դեսպանը:

Հայտնի է, որ դեսպանի աշխատանքը խիստ ժամանակատար է: Ինչպե՞ս են դրան վերաբերվում Ձեր ընտանիքի անդամները: Պատմեք նաեւ Ձեր ընտանիքի մասին:

Ասեմ, որ ընտանիքս շարունակում է ապրել Հայաստանում, եւ մենք ինքնակամ ենք ընտրել զոհողության այս ճանապարհը: Դրա համար կան ծանրակշիռ պատճառներ՝ ծնողի հոգս, աշխատանք, ուսում, միջավայրը փոխելու խնդիր եւ այլն:

Վերջին հարցն ուղղում ենք խորագրի շրջանակում մեր բոլոր զրուցակիցներին: Ի՞նչ խորհուրդ կտաք դիվանագետի մասնագիտությունն ընտրել պատրաստվողներին:

Միայն այն հանգամանքը, որ դիվանագետը որոշակի պարբերականությամբ ծառայության է կոչվում իր երկրից դուրս, արդեն էապես կանխորոշում է նրա եւ նրա ընտանիքի կենսակերպը: Բայց սա, բոլոր դեպքերում, արտաքին շղարշն է: Ավելի խորքային նշանակություն ունեն գիտելիքները, բարոյական նկարագիրը, աշխատանքային հմտությունները, փորձը: Հավանաբար, տեղին է խորհուրդ տալ նորագիրներին՝ ծանրութեթեւ անել, թե որքանով են պատրաստ կրելու դիվանագետի բարձր կոչումը եւ ծառայության ծանր բեռը:

Արա Սահակյան Ղազախստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (համատեղության կարգով Հայաստանի Հանրապետության դեսպան Ղրղզական Հանրապետությունում)

Ծննդյան թիվը և վայրը

1955թ. հունվարի 1, Հայաստան

Կրթությունը

1978թ. ավարտել է Երևանի Պետական Համալսարանի պատամության ֆակուլտետի փիլիսոփայական բաժանմունքը:

Աշխատանքային գործունեությունը

2013թ. օգոստոսի 21-ի հրամանագրով նշանակվել է Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Աստանա):

2007 – 2013թթ. Հեռուստատեսության և ռադիոյի ակադեմիա, դասախոս

1995 – 1999թթ. ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր

1995 – 1998թթ. ՀՀ Ազգային Ժողով, փոխնախագահ

1990 – 1995թթ. ՀՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր

1992 – 1995թթ. ՀՀ Գերագույն Խորհրդի 1-ին փոխնախագահ

1990 – 1992թթ. ՀՀ Գերագույն Խորհրդի քարտուղար

1980 – 1990թթ. Զբաղվել է դասախոսական և գիտական գործունեությամբ:

Օտար լեզուների իմացությունը

Ռուսերեն, գերմաներեն

Ընտանեկան կարգավիճակը

Ամուսնացած է, ունի երկու երեխա եւ երեք թոռ:

Զրույց դեսպանի հետ. Գագիկ Ղալաչյան

Զրույց դեսպանի հետ. Նիկոլայ Սարկիսով

Զրույց դեսպանի հետ. Արա Այվազյան

Զրույց դեսպանի հետ. Աշոտ Քոչարյան

Զրույց դեսպանի հետ. Էդգար Ղազարյան

Զրույց դեսպանի հետ. Սարգիս Ղազարյան

Զրույց դեսպանի հետ. Աննա Աղաջանյան

Հարցազրույց դեսպանի հետ. Վլադիմիր Բադալյան

Հարցազրույց դեսպանի հետ. Արմեն Մելքոնյան

Հարցազրույց դեսպանի հետ. Արարատ Գոմցյան

Հարցազրույց դեսպանի հետ. Արսեն Սհոյան

Հարցազրույց դեսպանի հետ. Աշոտ Գալոյան

Հարցազրույց դեսպանի հետ. Թաթուլ Մարգարյան

Հարցազրույց դեսպանի հետ. Արման Կիրակոսյան

Հարցազրույց դեսպանի հետ. Գեղամ Ղարիբջանյան

Հարցազրույց դեսպանի հետ. Արմեն Խաչատրյան

Հարցազրույց դեսպանի հետ. Արամ Գրիգորյան

Զրույց դեսպանի հետ. Ավետ Ադոնց

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ