News
Լրահոս
News
Կիրակի
Նոյեմբեր 18
Տեսնել լրահոսը

NEWS.am-ի հետ հարցազրույցում Մեքսիկական Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը պատմում է հայ-մեքսիկական հարաբերությունների, ՀՀ դեսպանության աշխատանքային առօրյայի ու հայ համայնքի մասին:

Պարո՛ն դեսպան, ինչպե՞ս կբնութագրեիք հայ-մեքսիկական հարաբերությունների ներկայիս մակարդակը:

Հայ-մեքսիկական հարաբերություններն այսօր վերելք են ապրում, թեեւ գտնվում են զարգացման դեռեւս սկզբնական փուլում: Վերջին քսան տարիների ընթացքում Մեքսիկայի դերը համաշխարhային տնտեսության եւ միջազգային հարաբերությունների ընդհանուր ճարտարապետության մեջ զգալիորեն աճեց, երբ այն դարձավ Մեծ 20-յակի անդամ եւ լատինաամերիկյան տարածաշրջանային լիդեր: Հայաստանի անկախացումից հետո Մեքսիկան, որտեղ հայկական համայնքը սակավաթիվ է, եւ որի հետ տնտեսական, մշակութային եւ հումանիտար շփումները խիստ սահմանափակ են, գերակա ուղղություն չի հանդիսացել հայկական դիվանագիտության համար: Նույնը կարելի է ասել Մեքսիկայի մասին, որի արտաքին քաղաքականության ավանդական խարիսխներից էր «մեկուսացման քաղաքականությունը», առանձնապես հետաքրքրություն չի ցուցաբերել Ամերիկյան մայրցամաքի համատեքստից դուրս: Իրավիճակը Էապես փոխվեց 2000-ականների սկզբին, երբ Մեքսիկայի նոր ղեկավարությունը որդեգրեց նախաձեռնողական եւ ներգրավվածության քաղաքականություն, ինչի շնորհիվ Մեքսիկան այսօր գլոբալ դերակատարում ունի եւ այն էլ ավելի մեծացնելու արդարացված հավակնություններ:

Առանձնազրույց Մեքսիկայի Նախագահ Էնրիկե Պենյա Նիետոյի հետ՝

հավատարմագրերի հանձնման արարողությունից հետո

Հայաստանն այլեւս «անտեսել» չէր կարող 120 միլիոն բնակչությամբ, Հյուսիսամերիկյան ազատ առեւտրի պայմանագրի (NAFTA) անդամ այս երկիրը (մեծությամբ՝ աշխարի 11-12րդ տնտեսությունը), առավել եւս մեր հարեւանների աճող ակտիվության պայմաններում: Երկու երկրների հարաբերություններին նոր դինամիկա հաղորդեց 2012 թ. ՀՀ ԱԳ Նախարարի այցը Մեքսիկա, որին հետեւեց ՀՀ ոչ-ռեզիդենտ դեսպանի հավատարմագրումը եւ 2014թ.-ին Մեխիկոյում ՀՀ դեսպանատան հիմնադրումը: Մեքսիկան, թեեւ, Հայաստանում դեռեւս դեսպանություն չունի (տարածաշրջանում միակ մեքսիկական դեսպանությունը գործում է Բաքվում՝ Կոլումբիայի դեսպանության հետ համատեղությամբ), սակայն արդեն պլանավորում է դա անել միջնաժամկետում:

Նշեցինք, որ դեսպանությունը բացվել է 2014թ-ին: Ինչպե՞ս եք գնահատում այս կարճ ժամանակահատվածում դեսպանության կողմից ծավալած գործունեությունը: Ի՞նչ մարտահրավերների եք առնչվել այս ժամանակահատվածում:

Դեսպանության բացումից անցած մեկ ու կես տարին Հայաստանի դիվանագիտական առաքելության համար ստեղծման եւ կայացման շրջան էր: Հայաստանի ներկայացուցչության ձեւավորմանը զուգահեռ Մեխիկոյում մեր երկրի դեսպանությունը իրականացրել է քաղաքական, տնտեսական, մշակութային, հանրային տեղեկատվության եւ հակաքարոզչության համալիր ծրագիր, որի որակական ընդհանուր վերլուծությունը դեռեւս վաղ է անել: Սակայն, արված աշխատանքի զուտ քանակական հաշվարկը, կարծում եմ, կարելի է գոհացուցիչ համարել: Հայաստանը այսօր ավելի ճանաչելի է Մեքսիկայում, մեր երկրների միջեւ քաղաքական շփումների մակարդակը բարձրացել է, միջխորհրդարանական համագործակցությունն ակտիվանում է, մշակութային կապերը բուռն զարգացում են ապրում, ազգային համալսարանների միջեւ համագործակցության պայմանագիր է ստորագրվել (որի արդյունքում Մեխիկոյում կդասավանդվեն հայագիտական, իսկ Երեւանում մեսոամերիկյան քաղաքակրթության առարկաներ), նախապատրաստվում է Մեխիկո-Երեւան համագործակցության պայմանագիր եւ, վերջապես, կազմավորվում է Մեքսիկայի հայ համայնքը:

Կայացման ճանապարհին կան բազմաթիվ բարդություններ՝ տեխնիկականից, անվտանգության խնդրի սահմանափակումներից մինչեւ կորպորատիվ մշակույթի տարբերություններ, սակայն հիմնական բարդությունը, թերեւս, Հայաստանի նկատմամբ ընդհանուր հետաքրքրվածության բացակայությունն է, մասնավորապես, պետական կառույցների եւ մասնավոր հատվածի շրջանում: Բարեբախտաբար, մշակութային հարուստ ավանդույթներով Մեքսիկան արվեստասերների հոծ բանակ ունի, որոնց համար հարազատ են դարձել Փելեշյան, Էգոյան, Մանսուրյան, Քաշքաշյան, Թանկյան անունները, որոնք մեծապես օգնում են բարձրացնել Հայաստանի հանդեպ հանրության հետաքրքրությունը: Ի դեպ, մեծ երջանկություն էր 2015 թ.-ին Մեքսիկայում հյուրընկալել մեր այս մեծերին:

Հայտնի է, որ Ադրբեջանն ակտիվ հակահայկական քարոզչություն ու արշավներ էր իրականացնում երկրում, ինչի արդյունքում 2011թ.-ին Մեքսիկայի խորհրդարանի կողմից Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ իրականությունը խեղաթյուրող բանաձեւեր ընդունվեցին, ինչպես նաեւ տեղադրվեցին Ադրբեջանի նախկին նախագահի եւ այսպես կոչված Խոջալուի հուշարձանները: Մեխիկոյում ՀՀ դեսպանության հիմնումից հետո, ի՞նչ փոփոխություններ են արձանագրվել:

Հայաստանում եւ Սփյուռքում մենք` հայերս, խիստ հիվանդագին ենք ընդունում երրորդ երկրներում ընդունված յուրաքանչյուր հակահայկական բանաձեւ կամ  հայտարարություն: Թեեւ այս դրսեւորումները միտված են Հայաստանի դեմ, սակայն դրանք առաջին հերթին հարվածում են բանաձեւն ընդունող երկրի հեղինակությանը, թե երկրի ներսում, եւ թե արտերկրում: Լատինական Ամերիկայում Ադրբեջանի կողմից կիրառվող սխեմայով՝ Ադրբեջանի դիվանագետները եւ գործակալները օրենսդիր մարմնի գումարման բառացիորեն վերջին օրերին կաշառում են որեւէ պատգամավորի՝ հակահայկական բանաձեւ կամ հայտարարություն ընդունելու նպատակով: Այս սխեմայի հաշվարկը կառուցված է այն իրողության վրա, որ բանաձեւ ընդունողները որեւէ քաղաքական պատասխանատվություն չեն կրում, իսկ հաջորդ խորհրդարանը որքան էլ ափսոսանք հայտնի նախորդ գումարման խորհրդարանի ոչնչով չարդարացված որոշման համար, իրավասություն չունի այն չեղյալ ճանաչելու:

Բաց դռների օր – ընդունելություն ՀՀ դեսպանությանը Մեխիկոյի հայ համայնքի համար

Ադրբեջանական դիվանագիտության այս գարշելի ծուղակն են սովորաբար ընկնում միջազգային քաղաքականությունից անտեղյակ մարգինալ օրենսդիրները: Այսպիսի մի ծուղակի զոհ դարձավ նաեւ Մեքսիկայի պես ժողովրդավարական եւ խորհրդարանական հարուստ ավանդույթներ ունեցող երկիրը, որտեղ 2011 թ. երկրի խորհրդարանի թե վերին եւ թե ստորին պալատների արտաքին հարաբերությունների հանձնաժողովները հրապարակեցին դեկլարատիվ բնույթի այսպես կոչված «punto de acuerdo» կամ համաձայնության կետեր՝ խիստ միակողմանի, հակահայկական ձեւակերպումներով: Երկրի մայրաքաղաքի կառավարությունն էլ որոշում ընդունեց քաղաքի կենտրոնական վայրերից երկուսում տեղադրել Հեյդար Ալիեւի հուշարձանը եւ կառուցել Խոջալուի հրապարակ: Ալիեւի արձանի հետագա պատմությունը հայտնի է հայ ընթերցողներին: Այն տեղահանելուց հետո Ադրբեջանը Մեքսիկայում բացասական PR-ի հսկայական չափաբաժին ստացավ: Սկանդալի զոհ դարձան նաեւ որոշ պաշտոնյաներ, որոնց կաշառելու պատմության մանրամասները մեքսիկական եւ միջազգային թերթերի էջերին հայտնվեցին` մեծ հարված հասցնելով երկրի հեղինակությանը: Ինչ վերաբերում է Մեքսիկայի գործադիր իշխանություններին, ապա նրանք բազմիցս իրենց խիստ անհամաձայնություն են հայտնել օրենսդիր մարմնի բանաձեւի վերաբերյալ, եւ վերահաստատել իրենց անկողմնակալությունն Արցախյան հակամարտության վերաբերյալ: Ավելին, 2015թ.-ի մայիսին Երեւանում գտնվող Մեքսիկայի Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գաբրիելա Կուեւասը հայաստանյան հեռուստալրագրողներին տրված հարցազրույցում աներկբա նշեց, որ հակառակ Ադրբեջանի պնդումներին, Մեքսիկան չի ճանաչում, այսպես կոչված, «Խոջալուի ցեղասպանությունը»: Ուշագրավ է, որ Մեխիկո քաղաքի կառավարությունն այսօր Ադրբեջանին նյութական փոխհատուցման տարբեր առաջարկներ է անում Ալիեւ/Խոջալու կառույցների վերջնական ապամոնտաժի դիմաց, սակայն ադրբեջանական կողմը խոչընդոտում է հարցի լուծմանը: Համոզված եմ, որ այս պատմությունն իր տրամաբանական եւ Ադրբեջանի համար անպատվաբեր ավարտ կունենա, ինչպես նաեւ կվերացվեն այլ խարդավանքների հետեւանքները, որոնք Ադրբեջանն իրականացրել է Կենտրոնական Ամերիկայի մի շարք երկրներում:

Ազգային Տոնին նվիրված ընդունելություն

Ներկայացնեք, խնդրեմ, Մեքսիկայի հայ համայնքը, որը բավականին ակտիվ համայնքի համբավ ունի: Որո՞նք են համայնքին հուզող հիմնական խնդիրներն այսօր:

Մեքսիկայում հայկական համայնքի ներկայության մասին բավականին լավ արձանագրված է թե՛ Կաթոլիկ ինկվիզիցիայի կողմից (որը վերահսկում էր ոչ-կաթոլիկների մուտքը նոր Իսպանիա), թե՛ Իսպանական գաղութային իշխանությունների, եւ թե՛ անկախ Մեքսիկական պետության կողմից: Հայերի ներկայության մասին ամենառաջին արձանագրությունն արվել է 17-րդ դարի վերջում` 1692թ.-ին: Նոր Իսպանիա ներգաղթող հայերը հիմնականում Նոր Ջուղայից էին, կան հայ կաթոլիկ միսիոներներ: Հայերի մասին վավերագրական արձանագրությունները վկայում են հայերի ներկայության մասին նաեւ 19-րդ դարում՝ ընդհուպ մինչեւ Ցեղասպանությունը, երբ գաղթականների որոշակի քանակ ճանապարհ բռնեց դեպի Մեքսիկա: Հայ գաղթականների մեծ մասը Մեքսիկա էր գալիս այնուհետեւ ԱՄՆ տեղափոխվելու նպատակով, սակայն մուտքի արտոնագիր այդպես էլ չստանալով՝ հիմնադրվում էր Մեքսիկայի հյուսիսային նահանգներում կամ մայրաքաղաքում: Անցած դարի 50-ական թվականներին Մեքսիկայում հայկական համայնքի թիվը գերազանցում էր 5,000-ը, իսկ համայնքը կազմակերպված էր հայկական սփյուռքի ավանդական օջախների նմանակությամբ՝ կուսակցական եւ համայնքային այլ կառույցների առկայությամբ: Այս համայնքի ճնշող մեծամասնությունը 60-70-ական թվականներին արտագաղթեց ԱՄՆ, իսկ մնացած հայերը եկեղեցու, դպրոցների եւ համայնքային այլ կառույցների բացակայության պայմաններում հիմնականում ձուլվեցին մեքսիկական հասարակության հետ՝ նրանցից շատերը չեն խոսում հայերեն եւ հաճախում են Կաթողիկե կամ Ուղղափառ եկեղեցիներ:  1980-ականների վերջերից Մեքսիկա են սկսում ներգաղթել հայեր ՀԽՍՀ-ից, իսկ 1990-ականներից՝ Հայաստանի Հանրապետությունից: Այդ ժամանակաշրջանում Մեքսիկայի իշխանությունները սկսեցին մշտական աշխատանքի/բնակության հրավիրել խորհրդային մասնագետների՝ զարգացնելու երկրի գիտահետազոտական եւ մշակութային բնագավառները: Արդյունքում Մեքսիկայում հիմնավորվեցին հարյուրից ավելի հայաստանցի ֆիզիկոսներ, աստղաֆիզիկոսներ, կենսաբաններ, ինչպես նաեւ դասական երաժիշտներ: Արդի շրջանում Մեքսիկայի հայկական համայնքը ավելանում է Վենեսուելայից եւ ԱՄՆ Կալիֆորնիա նահանգից ներգաղթող հայերի հաշվին:

Հանդիպում Մեքսիկայի Արտգործնախարար Խոսե Անտոնիո Միդ Կուրիբրենյայի հետ

Պետք է նշեմ, որ դեսպանության հիմնումից ի վեր առաջնային խնդիրներից մեկը հայկական համայնքի եւ համայնքային կյանքի կազմակերպումն է: Այս առումով առանցքային դարձավ Հայ Առաքելական Եկեղեցու Մեքսիկայի թեմի եւ ծխական խորհրդի հիմնադրումը (2015 թ. փետրվար), որպես ՀԱԵ Արեւմտյան թեմի մաս:

Հանդիպում 2010-2013թթ.-ին  Forbes-ի կողմից աշխարհի ամենահարուստ

մարդ ճանաչվող Մեքսիկայի գործարար Կառլոս Սլիմի հետ

Պարո՛ն դեսպան, այս տարի նշվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Ի՞նչ միջոցառումներ են կայացել եւ կայանալու այդ առթիվ Մեքսիկայում:

Առանձնահատուկ հպարտությամբ կարող եմ նշել, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը Մեքսիկայում նշվեց բարձր մակարդակով, այն էլ տեղական իշխանությունների որոշակի վերապահումների ներքո եւ մեծ համայնքի բացակայության պայմաններում: Ոգեկոչման միջոցառումների մեկնարկը տրվեց երկրի գլխավոր տաճարում Մեքսիկայի Կարդինալի կողմից մատուցված Էկումենիկ Պատարագով եւ շարունակվեց մայրաքաղաքի եւ երկրի բազմաթիվ այլ շրջանների թատերաբեմերում, օպերային թատրոններում, համերգասրահներում եւ համալսարաններում: Առանձնահատուկ հաճույքով եմ նշում Տիգրան Մանսուրյանի Ռեկվիեմի կատարումը երկրի գլխավոր Միներիա նվագախմբի կատարմամբ՝ ղեկավարությամբ Ռոբերտ Մլքեյանի, Հայաստանի Ֆիլհարմոնիկ նվագախմբի ելույթը աշխարհահռչակ Նետսա սրահում, «Հայաստանի Բաց Վերքը» մոնումենտալ ցուցահանդեսը՝ Հիշատակի եւ Հանդուրժողականության թանգարանում, որը տեւեց 5 ամիս, Ազգային Համալսարանում կազմակերպված մուլտիմեդիա ցուցահանդեսը, Արամ Խաչատրյանի «Դաշնամուրային կոնցերտի» կատարումը UNAM նվագախմբի եւ դաշնակահար Դորա Սեւիլյանի կողմից, Մեքսիկայի ամենահեղինակավոր վերլուծական կենտրոնի կողմից հրատարակված «Հայաստան՝ մի պատմություն» հատորը, որը Հայոց ցեղասպանությանը նվիրված իսպաներեն երբեւէ լույս տեսած ամենանշանակալի հավաքածուն է, Քիմ Քաշքաշյանի ելույթը Տիգրան Մանսուրյանի «Արարատ» շարքով, Ակապուլկոյի եւ Չիուաուայի սիմֆոնիկ նվագախմբերի համերգները եւ այլն: Միջոցառումների շարքում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում նաեւ աշխարհահռչակ System of a Down խմբի ելույթը՝ 26,000 հանդիսատեսի առջեւ: 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները դեռեւս շարունակվում են եւ կավարտվեն Գվադալահարայի գրքի միջազգային ցուցահանդեսում, որտեղ Հայաստանը կներկայացնի Ցեղասպանության թեմայով իսպանալեզու գրականություն, մասնավորապես՝ Մեքսիկայում հրատարակված գրքեր:

Ցեղասպանության 100-ամյակին նվիրված ցուցահանդես Ազգային Համալսարանում

Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում` հայ-մեքսիկական գործարար շրջանակների միջեւ շփումներն ակտիվացնելու ուղղությամբ:

Վերջին քսան տարիների ընթացքում Մեքսիկան վերածվել է խոշորագույն առեւտրային պետության, որը 40-ից ավելի ազատ առեւտրի պայմանագրեր ունի աշխարհի տարբեր երկրների եւ առեւտրային բլոկերի հետ: 12 այլ առաջատար երկրների հետ Մեքսիկան անցած ամիս Անդր-Խաղաղօվկիանոսյան Գործընկերության պայմանագիր (Trans-Pacific Partnership Agreement) կնքեց, ինչը հավանաբար կփոխի համաշխարհային առեւտրի կանոնները: Մեքսիկական տնտեսությունը, 2 տրիլիոն ԱՄՆ դոլարին մոտեցող ՀՆԱ-ով որոշակի հետաքրքրություն կարող է ներկայացնել Հայաստանի գործարարների եւ առհասարակ տնտեսության համար: Անցած 1.5 տարիների ընթացքում Հայաստանը մասնակցել է Մեխիկոյում խոշորագույն ցուցահանդեսներին եւ լայնորեն ներկայացրել իր սննդարդյունաբերությունը: Արդյունքում որոշակի հետաքրքրություն է ձեւավորվել հայկական ջրեղենի, կոնյակի եւ «Էթնիկ» հյութերի նկատմամբ: Կարծում եմ 2016թ.-ի սկզբին հայրենական արտադրողները առաջին պատվերները կստանան Մեքսիկայից, որից հետո անհրաժեշտ կլինի լուրջ մարկետինգային աշխատանք իրականացնել՝ այդ պատվերների ծավալները մեծացնելու եւ պահպանելու համար: Դեսպանությունը կապեր է ստեղծել նաեւ Մեքսիկայի բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների հետ, որոնք աշխատելով ԱՄՆ Սիլիկոնյան հովտի հետ, այսօր երկրի ՀՆԱ-ի շուրջ 25% են ներկայացնում: Մեքսիկան կապիտալ արտահանող երկիր է: Այսպես, 2014թ.-ին Մեքսիկան արտերկրում 25 միլիարդ ԱՄՆ դոլարի ներդրում է կատարել, այդ թվում` ԱՄՆ-ում: Դեսպանությունը ներկայումս նախապատրաստում է մեքսիկացի ներդրողների այց Հայաստան՝ տեղում ներդրումային հնարավորություններն ուսումնասիրելու եւ համագործակցության եզրեր փնտրելու համար: Առեւտրային այդ առաքելությունը նախատեսված է 2016թ.-ին:

Մեքսիկայում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններն ու դիվանագետները

SOAD-ի համերգին՝ Սերժ Թանգյանի հետ

2013թ.-ի հոկտեմբերին ՀՀ-ում Մեքսիկայի դեսպան Ռուբեն Ալբերտո Բելտրան Գեռերոնի եւ ՀՀ Նախագահի Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում, երկուստեք նշվել է, որ երկու երկրների հարաբերությունների ամրապնդման գործում մեծ դեր են վերապահում խորհրդարանական դիվանագիտությանը եւս, որտեղ «զգալի աշխատանք կա իրականացնելու»: Ի՞նչ քայլեր են իրականացվել նշված ուղղությամբ:

Հայ-մեքսիկական միջխորհդարանական համագործակցությունը, թերեւս մեր երկկողմ հարաբերությունների լոկոմոտիվն է: Գարնանը Երեւանում էր Մեքսիկայի Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը, որի այցելության ընթացքում ՀՀ ԱԺ-ի հետ Փոխըմբռնման հուշագիր ստորագրվեց: 2016թ.-ի փետրվարին նախատեսված է ՀՀ ԱԺ պատվիրակության պատասխան այցը: Եկող տարվա սկզբին Մեքսիկայի նոր գումարման Պատգամավորների պալատում՝ Կոնգրեսում, կստեղծվի Մեքսիկա-Հայաստան բարեկամության խումբ:

Մոմավառություն 2015 թ. ապրիլ 23-ի գիշերը Հայկական հուշարձանի շուրջ՝ Պարկե դե Մեխիկո

Դուք համատեղության կարգով ՀՀ դեսպանն եք նաեւ Կուբայում: Ի՞նչ մակարդակի վրա են ներկայումս գտնվում Հայաստան-Կուբա հարաբերությունները:

Մեր հայրենակիցների շրջանում Կուբան՝ իր ռոմանտիկ-հեղափոխական հմայքով, ջերմ եւ բարեկամական զգացմունքներ է արթնացնում: Ընդհանուր առմամբ, բարեկամական են եղել նաեւ ՀՀ-Կուբա միջպետական հարաբերությունները Հայաստանի անկախացումից հետո: Սակայն բարեկամությունը պահպանելու եւ ամրապնդելու համար անհրաժեշտ են նաեւ կոնկրետ գործողություններ եւ դրանցից ամենակարեւորը՝ մշտական երկխոսություն եւ այցելություններ: Իհարկե, ավագ սերնդի կուբացիները դեռեւս հիշում են լեգենդար անուններ՝ Արամ Խաչատրյան (ԽՍՀՄ-Կուբա բարեկամության կոմիտեի նախագահ), Անաստաս Միկոյան (Կարիբյան ճգնաժամի ընթացքում ԽՍՀՄ բանագնաց), սակայն շարքային կուբացին խորհրդային շրջանի հուշերն արդեն մոռացել է: Հայաստանը Կուբա «վերադարձավ» 2014թ.-ի հունվարին, երբ ՀՀ Արտգործնախարարը պաշտոնական այցով ժամանեց Հավանա եւ կուբացի գործընկերոջ հետ պայմանավորվեց հայ-կուբայական հարաբերություններին նոր ընթացք ու բովանդակություն հաղորդել: Անցած մեկ ու կես տարվա ընթացքում Հայաստանը Կուբայում դեսպան հավատարմագրեց, արդեն երկու անգամ մասնակցեց երկրի խոշորագույն առեւտրատնտեսական ցուցահանդեսին եւ այսօր հիմնադրում է ներկայացուցչական գրասենյակ՝ հավատարմագրված դիվանագետով եւ առեւտրային կցորդով: Հայ-կուբայական մերձեցման այս դինամիկան, կարծում եմ, գոհացուցիչ է, եւ համոզված եմ, որ մոտ ապագայում Հավանայի մեր գրասենյակը կվերածվի դեսպանության, ինչն իր հերթին մեզ թույլ կտա նաեւ ակտիվացնել կապերը Կարիբյան ավազանի երկրների հետ:

Հայաստանի անդրանիկ մասնակցությունը Մեխիկոյի « Բարեկամ Մշակույթների » փառատոնին

Այս հարցն ուղղում ենք խորագրի շրջանակում մեր բոլոր զրուցակիցներին: Ի՞նչ խորհուրդ կտաք այն երիտասարդների, որոնք ընտրել են, կամ պատրաստվում են ընտրել դիվանագետի մասնագիտությունը:

Լուրջ մարտահրավերներ ունեցող Հայաստանի նման փոքր երկրների դիվանագետները իրավունք չունեն փոքր նպատակներ դնել իրենց առջեւ: Փոքր խնդիրներ լուծելով, մենք կարողանում ենք լավագույն դեպքում պահպանել ստատուս քվոն, ինչը չի բխում մեր Հայրենիքի եւ ժողովրդի շահերից: Ուստի, պետք է միշտ առաջնորդվել մաքսիմալիստական նպատակներով (Think Big!), ինչն ամենեւին էլ չի նշանակում կորցնել իրատեսության զգացումը, այլ հակառակը՝ ճիշտ գնահատել իրականությունն ու կարելիության իրական սահմանները գտնել:

Մեքսիկայի Ազգային հեռուստատեսության Ֆորմուլա ծրագիրը

հյուրընկալվում է ՀՀ դեսպանի գրասենյակում

Խոսե Մարտիի հուշարձանին ծաղկեպսակ տեղադրելու արարողությունը Հավանայում

Գրիգոր Հովհաննիսյան

Ծնվել է 1971 թ.-ի հունվարի 26-ին, Երեւանում

Կրթություն՝

2000-2001թթ. Իրավունքի եւ Դիվանագիտության Ֆլեթչեր ինստիտուտ,

Թաֆթս համալսարան. Մագիստրոս

1992-1993թթ. Բեյրութի Հայկազյան Համալսարան, Լիբանան

Դիպլոմ. Միջազգային հարաբերություններ եւ Մերձավոր Արեւելք

1987-1992թթ. ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետ, արաբագիտություն

Աշխատանքային փորձ՝

2014 թ.-ից Մեքսիկական Միացյալ Նահանգներում ՀՀ Արտակարգ եւ լիազոր դեսպան, 

համատեղության կարգով ՀՀ դեսպան Կուբայում, Կոստա Ռիկայում, Պանամայում, Գվատեմալայում

2009-2013թթ. Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր հյուպատոս. ԱՄՆ Արեւմտյան ափ

2007-2009թթ. « Շուշիի վերածնունդ » հիմնադրի գործադիր տնօրեն

2006թթ. Սայդայի տարածաշրջանային Համակարգող, Լիբանանում

ՄԱԿ-ի Արտակարգ Առաքելություն

2005-2008թթ. ԵՊՀ Արաբագիտության ամբիոնի դասախոս.

Մերձավոր Արեւելքի քաղաքական եւ տնտեսական համակարգեր

2004թ. Գլխավոր Խորհրդական. Իրաքում ՄԱԿ-ի առաքելություն (UNAMI), Հորդանան-Կաթար

2002-2003թթ. Պաղեստինյան Ինքնավարությունում ՄԱԿ-ի Քարտուղարության Համակարգող. Արեւմտյան Ափ եւ Գազայի հատված

2001-2003թթ. Խմբի ղեկավար եւ Արտակարգ իրավիճակների պլանավորման կոորդինատոր. Մերձավոր Արեւելքի Խաղաղության գործընթացում ՄԱԿ-ի Հատուկ Համակարգողի Գրասենյակ (UNSCO), Երուսաղեմ՝ Իսրայել, Պաղեստինյան Ինքնավարություն, Սիրիա, Լիբանան, Հորդանան

1998-2000թթ. Կինշասայի եւ Բրազավիլի գրասենյակների ղեկավար. ՄԱԿ-ի Քարտուղարության Համակարգող Գրասենյակ, Կոնգոյի Դեմոկրատական եւ Կոնգոյի Հանրապետություններ

1996-1998թթ. Հատուկ Համակարգողի խորհրդական ծրագրերի եւ հանրային կապերի գծով. ՄԱԿ-ի Հատուկ Առաքելություն Աֆրիկյան Մեծ Լճերի տարածաշրջանում՝ Ռուանդա, Զաիր, Բուրունդի, Ուգանդա, Թանզանիա, ԿԱՀ, Քենիա

1994-1996թթ. «Շելթր » Ծրագրի համակարգող. ՄԱԿ-ի Փախստականների հարցերով Գերագույն Հանձնակատարի գրասենյակ, Երեւան

Դիվանագիտական կարգավիճակ՝ Արտակարգ եւ լիազոր դեսպան

Լեզուներ՝ Անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն, ռուսերեն, իսպաներեն

Ընտանեկան կարգավիճակ՝ ամուսնացած է, ունի երկու երեխա

Զրույց դեսպանի հետ. Ձյունիկ Աղաջանյան 

Զրույցդեսպանիհետ. ՏիգրանԳեւորգյան

Զրույցդեսպանիհետ. ՀրանտՊողոսյան

Զրույցդեսպանիհետ. ԱրաՍահակյան

Զրույցդեսպանիհետ. ԳագիկՂալաչյան

Զրույցդեսպանիհետ. ՆիկոլայՍարկիսով

Զրույցդեսպանիհետ. Արա Այվազյան

Զրույց դեսպանի հետ. Աշոտ Քոչարյան

Զրույց դեսպանի հետ. Էդգար Ղազարյան

Զրույց դեսպանի հետ. Սարգիս Ղազարյան

Զրույց դեսպանի հետ. Աննա Աղաջանյան

Հարցազրույց դեսպանի հետ. Վլադիմիր Բադալյան

Հարցազրույց դեսպանի հետ. Արմեն Մելքոնյան

Հարցազրույց դեսպանի հետ. Արարատ Գոմցյան

Հարցազրույց դեսպանի հետ. Արսեն Սհոյան

Հարցազրույց դեսպանի հետ. Աշոտ Գալոյան

Հարցազրույց դեսպանի հետ. Թաթուլ Մարգարյան

Հարցազրույց դեսպանի հետ. Արման Կիրակոսյան

Հարցազրույց դեսպանի հետ. Գեղամ Ղարիբջանյան

Հարցազրույց դեսպանի հետ. Արմեն Խաչատրյան

Հարցազրույց դեսպանի հետ. Արամ Գրիգորյան

Զրույց դեսպանի հետ. Ավետ Ադոնց

Զրույց դեսպանի հետ. Սերգեյ Սարգիսով

 

Տպել
Partner news