News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

NEWS.am-ի հետ հարցազրույցում Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Սերգեյ Սարկիոսվը պատմում է հայ-ամերիկյան հարաբերությունների, Լոս Անջելեսում հյուպատոսարանի աշխատանքային առօրյայի ու հայ համայնքի մասին:

Պարոն Սարկիսով, ներկայացրեք Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության պատմությունն ու կատարած աշխատանքները:

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հիմնվեց 1995թ., որի ստեղծման անհրաժեշտությունը թելադրված էր ինչպես ստվար եւ սփյուռքում ամենակազմակերպված հայ համայնքի առկայությամբ, որոնց զգալի մասը հանդիսանում են ՀՀ քաղաքացիներ, այնպես էլ համաշխարհային տնտեսական ցուցանիշներում Կալիֆորնիա նահագի առեւտրա-տնտեսական հզոր դերակատարությամբ:

Դրանք էին գլխավոր հյուպատոսության հիմնադրման հիմնական երկու շարժառիթները, որոնցով էլ ուղղորդվում է գլխավոր հյուպատոսության գործունեությունը տարիներ շարունակ: ՀՀ իրավաբանական եւ ֆիզիկական անձանց շահերի պաշտպանությունը, մեր տասնյակ հազարավոր քաղաքացիներին իրավական բնույթի եւ հյուպատոսական ծառայությունների տրամադրումը, Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդումը եւ հետագա խորացումը մշտապես գտնվել են գլխավոր հյուպատոսության ուշադրության կենտրոնում: Բացի այդ, հայ-ամերիկյան առեւտրատնտեսական կապերի ընդլայնումն ու հետագա զարգացումը, ապրանքաշրջանառության աշխուժացումն ու ծավալների մեծացումը հանդիսացել են եւ այժմ էլ մնում են գլխավոր հյուպատոսության գործունեության գերակա ուղղությունները: Ինչպես հայտնի է, ՀՀ եւ ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի միջեւ 2001թ. ստորագրվեց Փոխըմբռնման հուշագիր, ինչպես նաեւ Երեւանում իր գործունեությունը ծավալեց Կալիֆորնիայի առեւտրական գրասենյակը, ինչի արդյունքում զգալիորեն ավելացան Հայաստանից ԱՄՆ արտահանման ծավալները: Տեղի են ունեցել նաեւ բազմաթիվ առեւտրատնտեսական ցուցահանդեսներ, գործարար-համաժողովներ, որոնք մեծապես նպաստել են ՀՀ Կառավարության կողմից ազգային տնտեսության ամենաարագ զարգացող եւ կենսական նշանակություն ունեցող ուղղություններից մեկը հանդիսացող տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության արդյունավետության բարձրացմանը:

Հայոց ցեղասպանության հիշատակի հրապարակի բացման արարողությունը Լոս Անջելեսում

Հիմնականում ինչպիսի՞ հյուպատոսական ծառայություններ ստանալու համար են դիմում ՀՀ քաղաքացիները:

Նախ կցանկանայի նշել, որ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը սպասարկում է ԱՄՆ արեւմտյան ափի շուրջ 15 նահանգներ: Մեր հյարենակիցների զգալի մասը, ինչպես գիտեք, բնակվում է Կալիֆորնիա նահանգում՝ մեծմասամբ Լոս Անջելեսի մարզում: Վերջին տարիներին, սակայն, տարբեր դրդապատճառներով նկատվում է ՀՀ քաղաքացիների հոսք դեպի Կալիֆորնիայի այլ քաղաքներ, ինրպես նաեւ Նեւադա, Արիզոնա եւ Յուտա նահանգներ:

Ուրախությամբ պետք է նշեմ, որ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունն առաջիններից մեկն էր օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններից, որ հաջողությամբ ներդրեց եւ արդեն անցյալ տարվանից կիրառում է կենսաչափական անձնագրերի տրամադրումը ՀՀ քաղաքացիներին: Համակարգի գործարկումը թույլ տվեց ավելի դյուրացնել եւ արագացնել քաղաքացիների անձնագրավորման գործընթացը:

Քաղաքացիները հիմնականում դիմում են հյուպատոսություն տարբեր անձնագրավորման, նոտարական, իրավական հարցերով, վերջին երկու տարիների ընթացքում համեմատաբար ավելացել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմողների թիվը: Մեր աշխատանքային թիմը անում է ամեն ինչ, որպեսզի հյուպատոսություն դիմող քաղաքացիները ստանան որակյալ ծառայություններ: Հյուպատոսական որակյալ ծառայությունների տրամադրման ապահովումը միշտ հադիսացել եւ շարունակելու է հանդիսանալ գլխավոր հյուպատոսության աշխատանքային գերակայություն:

Ֆրեզնոյում ՀՀ պատվավոր հյուպատոսի գրասենյակի բացման արարողություն, 2014թ. հոկտեմբերի 20

Վերջին տարվա ընթացքում հյուպատոսության կողմից ձեռնարկվել են մի շարք քայլեր հյուպատոսական ծառայություններն էլ ավելի որակյալ եւ հասանելի դարձնելու ուղղությամբ: Որպես կարեւոր քայլ, ցանկանում եմ առանձնացնել արտագնա հյուպատոսական ընդունելությունների կազմակերպումը Կալիֆորնիայի Ֆրեզնո եւ Նեւադայի Լաս Վեգաս քաղաքներում՝ ՀՀ պատվավոր հյուպատոսների գրասենյակներում:

Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում ՀՀ եւ ԱՄՆ տարբեր քաղաքների միջեւ ապակենտրոնացված համագործակցություն զարգացնելու ուղղությամբ:

ՀՀ գլխավոր հյուպատոսությունը մշտապես հետեւողական եւ շարունակական բնույթի քայլեր է իրականացրել Հայաստանի եւ Արեւմտյան Ամերիկայի քաղաքների միջեւ ապակենտրոնացված համագործակցության զարգացման ուղղությամբ, ինչի արդյունքում արդեն իսկ Երեւանը եւ Լոս Անջելեսը, Վանաձորը եւ Փասադենան, Կապանը եւ Փասադենան, Էջմիածինը եւ Ֆրեզնոն, Կապանը եւ Գլենդեյլը, ինչպես նաեւ Գյումրին եւ Գլենդեյլը հռչակվել են քույր-քաղաքներ եւ ներկայումս էլ տեղական իշխանությունների մակարդակով զարգանում է համագործակցությունը: Նշված ձեւաչափում կայացել են պատվիրակությունների մի շարք փոխայցելություններ, հստակեցվել են փոխշահավետ բազմակողմ համագործակցության ոլորտները՝ ելնելով տվյալ բնակավայրերի առանձնահատկություններից եւ պատմականորեն ձեւավորված բնութագրերից:

Քալիֆորնիայի եւ հատկապես Լոս Անջելեսի հայ համայնքն ամենախոշորներից է աշխարհում: Որո՞նք են համայնքին հուզող խնդիրներն այսօր:

Հարավային Կալիֆորնիայի եւ հատկապես Լոս Անջելեսի հայ համայնքը, հանդիսանալով Հայկական Սփյուռքի խոշորագույն եւ միաժամանակ ամենակազմակերպված համայնքներից մեկը, իր բնականոն զարգացումն է ապրում՝ համայնքում գործող բազմաթիվ կառույցների, այդ թվում` եկեղեցիների, ավանդական կուսակցությունների, երիտասարդական կազմակերպությունների եւ ուսանողական միությունների, հայրենակցական միությունների, բարեգործական կազմակերպությունների, կրթական եւ մարզա-մշակութային օջախների, մշակութային եւ մասնագիտական միավորումների, զանգվածային լրատվության միջոցների ամենօրյա աշխատանքի շնորհիվ: Ըստ որոշ վիճակագրական տվյալների, միայն Քալիֆորնիա նահանգում գործում են ավելի քան 500 համայնքային կառույցներ: Արեւմտյան Ամերիկայի հայ համայնքը Հայկական Սփյուռքի դինամիկ զարգացող միավոր է, եւ վերջինիս առավել արդյունավետ առաջընթացի ապահովման գործընթացում ՀՀ գլխավոր հյուպատոսության դերակատարումը կայանում է համայնքային կառույցների հետ սերտ համագործակցության մեջ՝ նպատակ ունենալով աջակցել նրանց հայապահպանության եւ ազգային ինքնագիտակցության ամրապնդման, հայեցի կրթության ապահովման, երիտասարդության մարզա-մշակութային դաստիարակության եւ այլ ոլորտներում: Հարկ եմ համարում մատնանշել, որ տարբեր հարցերում տարակարծիք լինելով հանդերձ, համազգային նշանակության եւ կենսական կարեւորություն ունեցող հարցերում հայ համայնքը ցուցաբերում է օրինակելի միասնականություն, ինչը մեզ համար գնահատվում է որպես բացառիկ կարեւորություն ունեցող հանգամանք:

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Սերգեյ Սարկիսովը եւ ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը

Համընդհանուր ուժերի համադրման արդյունքում եւ հայկական լոբբիստական կառույցների ակտիվ աշխատանքի շնորհիվ` 2014թ. Քալիֆորնիա նահանգի օրենսդիր երկու մարմինները ճանաչեցին Լեռնային Ղարաբաղի անկախությունը, իսկ 2015թ. ընթացքում համայնքային կառույցների համակարգված գործունեության արդյունքում ԱՄՆ արեւմտյան ափի բոլոր հայաշատ քաղաքներում իրականացվեցին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակման բազմաթիվ մեծածավալ միջոցառումներ:

Ինչ վերաբերում է համայնքին հուզող այժմեական խնդիրներին, ապա կարծում եմ, որ դրանք հիմնականում նույնն են, որոնք առկա են Սփյուռքի այլ հայաշատ օջախներում՝ հայապահպանության ամրապնդումը, Հայրենիք-Սփյուռք կապերի առավել սերտացումը եւ երիտասարդ սերնդին Հայրենիքի հետ կապելու հնարավորությունների ընդլայնումը:

Ձեր աշխատանքը հաճախ պահանջում է անհետաձգելի գործողությունների իրականացում տարբեր արտակարգ իրավիճակներում: Կարո՞ղ եք նմանատիպ որեւէ դեպք հիշել:

Բարեբախտաբար, արտակարգ իրավիճակներ շատ հազվադեպ են առաջանում, երբ հյուպատոսության անհետաձգելի արձագանքի կարիք է լինում: Սակայն մենք` դիվանագետներս, միշտ պատրաստ ենք այդօրինակ զարգացումների պարագայում անմիջապես արձագանքել եւ ողջ ծավալով իրականացնել մեր ծառայողական պարտականությունները: Որպես օրինակ` կարող եմ հիշատակել 2014թ. օգոստոսին Կալիֆորնիա նահանգի հյուսիսում գտնվող Նապա քաղաքի մերձակայքում տեղի ունեցած բավական ուժգին երկրաշարժը, որի հետեւանքով եղան մեծածավալ ավիրածություններ: Այդ ժամանակահատվածում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը մշտապես կապի մեջ էր տեղի իշխանությունների հետ՝ պարզելու տուժածների մեջ ազգությամբ հայերի կամ ՀՀ քաղաքացիների հնարավոր առկայությունը, ինչպես նաեւ տուժածներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու հնարավորությունները: Միաժամանակ, գլխավոր հյուպատոսությունը ՀՀ ԱԳՆ-ի միջոցով մշտական կապի մեջ էր ՀՀ ՏԿԱԻՆ համապատասխան ստորաբաժանումների հետ` վերոնշյալ խնդիրների արդյունավետ լուծումն ապահովելու համար:

Պարո՛ն Սարկիսով, այս տարի նշվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Ի՞նչ միջոցառումներ են կայացել եւ կայանալու այդ առթիվ Լոս Անջելեսում:

Արեւմտյան Ամերիկայի հայ համայնքի գործնականում բոլոր ակտիվ կառույցները, գլխավոր հյուպատոսության հետ համագործակցելով, դեռեւս 2012 թվականից սկսեցին նախապատրաստվել 100-րդ տարելիցի միջոցառումներին: Ինչպես արդեն իսկ նշել էի, համայնքային կազմակերպություններն, արտահայտելով միասնական կամք, կազմավորեցին ԱՄՆ արեւմտյան ափում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների կազմակերպման հանձնախումբ: Հետագա երկու տարիների ակտիվ աշխատանքի արդյունքում կազմակերպվեցին եւ իրականացվեցին բազմաթիվ լայնածավալ միջոցառումներ, որոնք լուսաբանվել են ինչպես համաամերիկյան, այնպես էլ համաշխարհային լրատվամիջոցների կողմից:

Տեղի ունեցած մի քանի տասնյակ միջոցառումներից կցանկանայի առանձնահատուկ նշել առավել հնչեղ մի քանիսը՝ Լոս Անջելեսի կենտրոնական կաթոլիկ տաճարում կայացել է միջկրոնական համատեղ պատարագ՝ տարբեր կրոնների եւ եկեղեցիների մի քանի տասնյակ հոգեւոր առաջնորդների կողմից, հայտնի ամերիկյան քաղաքական գործիչների, տեղական իշխանությունների եւ բազմահազարանոց ներկաների մասնակցությամբ, Լոս Անջելեսում ամենամյա բողոքի քայլարշավը այս տարի գրանցեց աննախադեպ մասնակցություն՝ 160000-ից ավելի մարդ դուրս եկավ փողոց իրենց բողոքի ձայնն արտահայտելու համար, ամենամյա քայլարշավի մեկնարկային վայրը՝ Լոս Անջելեսի կենտրոնական հրապարակներից մեկը, քաղաքային խորհրդի որոշմամբ անվանակոչվեց «Հայոց ցեղասպանության հիշատակի հրապարակ», ապրիլի 24-ին Նեւադա նահանգի Լաս Վեգաս քաղաքում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի հիմնարկեքի հանդիսավոր արարողությունը, իսկ հուշարձանը կբացվի մինչեւ ընթացիկ տարվա վերջ: Կալիֆորնիայի Ֆրեզնո քաղաքի կենտրոնական փողոցներից մեկն անվանակոչվեց «Արմենիա» եւ Ֆրեզնոյի համալսարանի պուրակում բացվեց Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված հուշարձան, Կոլորադո նահանգի մայրաքաղաք Դենվերում` նահանգային կառավարական շենքի բակում, բացվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձան-խաչքար, Արեւմտյան Ամերիկայի մի շարք նահանգների խորհրդարաններ, տասնյակ քաղաքային խորհուրդներ հատուկ բանաձեւերով եւ հռչակագրերով պաշտոնապես  ճանաչեցին եւ դատապարտեցին Հայոց ցեղասպանությունը:

Կայացած միջոցառումների ողջ ցանկը հնարավոր չէ թվարկել այս հարցազրույցի ձեւաչափում, եւ ես նշեցի միայն մի քանի առանցքային իրադարձությունները: Հավելեմ, որ տեղի են ունեցել նաեւ բազմաթիվ մշակութային միջոցառումներ եւ հիշատակի երեկոներ:

Դիվանագետի աշխատանքը բարդ ու ժամանակատար է: Ինչպե՞ս են դրան վերաբերվում Ձեր ընտանիքի անդամները: Պատմեք նաեւ Ձեր ընտանիքի մասին:

Ես երջանիկ մարդ եմ. ունեմ մեծ եւ համերաշխ ընտանիք: Սակայն դա չի նշանակում, որ իմ ընտանիքում ամեն ինչ իդեալական է: Մենք վիճում ենք եւ ամեն ինչում չէ, որ համաձայնում ենք միմյանց հետ: Բայց, դրանով հանդերձ, մենք մի ամբողջություն ենք: Իմ հարազատները դեմ էին Լոս Անջելես մեկնելուն՝ մի շարք պատճառներով: Ինձ հաջողվեց համոզել նրանց, որ իմ աշխատանքն այստեղ անհրաժեշտ է իմ հայրենիքին: Թող պաթետիկ հնչի, բայց դա ճշմարտություն է:

Ընտանիքիս մասին. ունեմ դուստր, նա բժշկուհի է, աշխատում է մոսկովյան հիվանդանոցներից մեկում: Ավագ որդիս կինոռեժիսոր է, նա նույնպես այժմ աշխատում է Մոսկվայում: Երեք կրտսեր զավակներս դպրոցական են, սովորում են Լոս Անջելեսում: Կինս բժշկուհի է, Մոսկվայում բժշկական կենտրոնների ցանցի ղեկավար էր: Նա ստիպված եղավ թողնել աշխատանքը իմ գործուղման պատճառով: Ծնողներս թոշակառու են, ապրում են Ֆրանսիայում:

Այս հարցն ուղղում են խորագրի շրջանակում մեր բոլոր զրուցակիցներին: Ի՞նչ խորհուրդ կտաք դիվանագետի մասնագիտությունն ընտրել պատրաստվողներին:

Առաջին հերթին, կցանկանայի նշել, որ, իմ խորին համոզմամբ, դիվանագետ դառնալու առաջին նախապայմանը պետք է լինի հայրենասիրությունը՝ հայրենիքին ծառայելու գործին անմնացորդ նվիրվելու պատրաստակամությունը: Նման գաղափարական հենք ունեցող դիվանագետները միշտ լինում են ինքնավստահ եւ իրենց քայլերում հաստատակամ: Որպես մասնագիտական ունակություն` սկսնակ դիվանագետներին խորհուրդ կտամ զարգացնել երկխոսություն վարելու արվեստը՝ ցանկացած իրավիճակում եւ ցանկացած կողմի հետ, ինչն անխուսափելիորեն հետագայում կվերածվի բնավորության գծի: Այստեղ կցանկանայի մեջբերել մեծն Իսահակ Նյուտոնին. «Տակտն առանց թշնամի ձեռք բերելու տեսակետ ներկայացնելու արվեստ է»:

Սերգեյ Սարկիսով Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս

Սերգեյ Սարկիսովը ծնվել է 1959թ. Մոսկվայում:

Ավարտել է Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական համալսարանը, տնտեսական գիտությունների թեկնածու է:

Մինչեւ 2012թ. գործունեություն է ծավալել ֆինանսական ոլորտում, աշխատել է տարբեր երկրներում` Հայաստանում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Բելառուսում, Ղազախստանում եւ Բալթյան երկրներում:

Սերգեյ Սարկիսովը հանդիսանում է Ապահովագրական կազմակերպությունների Եվրասիական միության նախագահը, Միջազգային ապահովագրական ընկերակցության անդամ է (ոլորտի խոշորագույն կառույցը աշխարհում, կենտրոնակայանը` Վաշինգթոն):

Տիրապետում է ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն եւ իսպաներեն լեզուներին:

Ամուսնացած է, ունի հինգ երեխա:

Զրույց դեսպանի հետ. Տիգրան Գեւորգյան

Զրույցդեսպանիհետ.ՀրանտՊողոսյան

Զրույց դեսպանի հետ. Արա Սահակյան

Զրույց դեսպանի հետ. Գագիկ Ղալաչյան

Զրույց դեսպանի հետ. Նիկոլայ Սարկիսով

Զրույց դեսպանի հետ. Արա Այվազյան

Զրույց դեսպանի հետ. Աշոտ Քոչարյան

Զրույց դեսպանի հետ. Էդգար Ղազարյան

Զրույց դեսպանի հետ. Սարգիս Ղազարյան

Զրույց դեսպանի հետ. Աննա Աղաջանյան

Հարցազրույց դեսպանի հետ. Վլադիմիր Բադալյան

Հարցազրույց դեսպանի հետ. Արմեն Մելքոնյան

Հարցազրույց դեսպանի հետ. Արարատ Գոմցյան

Հարցազրույց դեսպանի հետ. Արսեն Սհոյան

Հարցազրույց դեսպանի հետ. Աշոտ Գալոյան

Հարցազրույց դեսպանի հետ. Թաթուլ Մարգարյան

Հարցազրույց դեսպանի հետ. Արման Կիրակոսյան

Հարցազրույց դեսպանի հետ. Գեղամ Ղարիբջանյան

Հարցազրույց դեսպանի հետ. Արմեն Խաչատրյան

Հարցազրույց դեսպանի հետ. Արամ Գրիգորյան

Զրույց դեսպանի հետ. Ավետ Ադոնց

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
NESA կենտրոնի ներկայացուցիչներն այցելել են Քննչական կոմիտե. վերապատրաստման պայմանավորվածություններ են ձեռք բերվել
ՀՀ քննչական կոմիտեում շարունակվում են Կոմիտեի տարածքային մարմինների…
Գրիգոր Էլիզբարյանն ԱՄՆ գործընկերներին է ներկայացրել զինվորական դատախազության գործունեությունը
Գլխավոր դատախազի տեղակալներն ընդունել են ԱՄՆ Միջազգային իրավական հետազոտությունների պաշտպանական ինստիտուտի ներկայացուցիչներին…
Քննարկվել են Քննչական կոմիտեի և ԱՄՆ ԹՊԻՀ գրասենյակի միջև համագործակցության ոլորտները
Արսեն Այվազյանը տիկին Կուրթին ողջունել է առաջին անգամ ՀՀ քննչական կոմիտեում և վստահություն հայտնել, որ նրա համակարգման ներքո Հայաստանում…
Պապոյանն ընդունել է ԱՄՆ դեսպանին. կարեւորել են 2024-ին «Ամերիկայի մրցունակության փոխանակում» ծրագիրը ՀՀ-ում անցկացնելը
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Առևտրի և ներդրումների հարցերով աշխատանքային...
Արդարադատության ոլորտում գործող և սպասվող թվային հարթակները փոխնախարարը ներկայացրել է ԱՄՆ ՄԶԳ պատվիրակությանը
Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա աշխատանքային քննարկումների…
ՀՀ ԿԸՀ անդամ Աննա Գրիգորյանը մասնակցել է ԱՄՆ Պետդեպարտամենտի միջազգային այցելուների առաջնորդական ծրագրին
ՀՀ ԿԸՀ անդամ Աննա Գրիգորյանը ԱՄՆ Պետդեպարտամենտի միջազգային...
Ամենաշատ