News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

NEWS.am-ի հետ հարցազրույցում Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Ձյունիկ Աղաջանյանը պատմում է հայ-հոլանդական հարաբերությունների, ՀՀ դեսպանության աշխատանքային առօրյայի ու հայ համայնքի մասին:

Տիկին դեսպան, ինչպե՞ս կբնութագրեք Հայաստան-Նիդերլանդներ հարաբերությունների ներկա մակարդակը:

Երկու պետությունների միջեւ լավ հարաբերություններ գոյություն ունեն: Ձեւավորված եւ շատ դրական համագործակցություն է ծավալվում միջազգային կազմակերպություններում: Մեկ տասնամյակից ավելի է, ինչ Նիդերլանդները ներկայացնում է Հայաստանը Արժույթի միջազգային հիմնադրամի/ Համաշխարհային բանկի համապատասխան խմբում եւ դրա շրջանակներում կենսական օժանդակություն է տրամադրվել մեր երկրին՝ հատկապես տարաբնույթ բարեփոխումների իրականացման համար: Մեզ համար հոլանդական փորձագիտական կարողությունները մեծ արժեք են ներկայացնում՝  հաշվի առնելով այն, որ նրանք շարունակում են աշխարհում շատ ու շատ ուղղություններում առաջատար երկիր մնալ: Այնուհանդերձ, հարաբերությունների ներկա վիճակը ո'չ իր ծավալով, ո'չ իր ուղղություններով բավարար չի կարող համարվել: Բազմաթիվ են այն ոլորտները, որտեղ հնարավոր է երկուստեք շահավետ գործակցություն ապահովել, հատկապես ներգրավելով մասնավոր սեկտորը, սակայն մինչ օրս դրանք ամբողջ ներուժով չեն ծավալվել՝ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ հանգամանքներից ելնելով:

Օբյեկտիվ հանգամանքներից կարելի է նշել համաշխարհային ֆինանսական ճգնաժամը, որը ստիպեց Նիդերլանդներին բյուջետային կրճատումների գնալ՝  դրանով իսկ սահմանափակելով տեխնիկական աջակցության ծրագրերին օժանդակությունը բացառապես ցածր եկամուտ ունեցող երկրներով: Մասնավոր սեկտորն, իր հերթին, բիզնեսի ընդլայնման համար սկսեց դիտարկել այն երկրները միայն, որտեղ արագ եւ երաշխավորված շահույթների հնարավորություն կար, ինչպիսին է, օրինակ, Չինաստանը:

Սուբյեկտիվ հանգամանքներից կարելի է նշել հայկական բիզնեսի գերակշիռ մասի՝  եվրոպական շուկա մտնելու անպատրաստ լինելը: Սա կապված է թե՛ գործընթացի ծախսատար լինելու հետ, քանի որ եվրոպական սպառողին, ի տարբերություն նախկին խորհրդային տարածքի, հիմնականում անծանոթ է հայկական արտադրանքը,այն պետք է ներկայացվի եւ գովազդվի: Ավելին, միշտ չէ, որ արտադրողները կարող են ստանձնել այն ծավալները, որ ակնկալվում են այդ շուկա մտնելու համար, եւ պահպանել այն չափորոշիչները, որոնք պարտադիր են: Անհարաժեշտ է նաեւ որոշ փաստաթղթային ձեւակերպումներ իրականացնել արտադրանքի սերտիֆիկացման համար, որը եւս ջանքեր ու միջոցներ է պահանջում: Եվս մի սուբյեկտիվ գործոն, որը նույնպես իր ազդեցությունն է թողնում տնտեսական համագործակցության ծավալման տեմպերի վրա. ցանկացած ծրագիր որ սկսվում է, տարիների ու հետեւողական աշխատանք է պահանջում, ինչին միշտ չէ, որ երկու կողմից էլ պատրաստ են լինում:

Սակայն, պիտի նշեմ, որ նկատելի տեղաշարժեր կան: Օրինակ, ջերմոցային տնտեսությունների ուղղությամբ շարժն ակնհայտ է, թեեւ, իհարկե, ծավալները հեռու են բավարար լինելուց՝  հաշվի առնելով երկրի ներուժը, հատկապես օրգանական սննդի արտադրության մասով: Վերջերս նաեւ ընթացքի մեջ մտավ խոզաբուծական ծրագիրը, որը կարող է խթանել Հայաստանում անասնաբուծության այս ուղղությունը՝ ժամանակակից բուծման մեթոդների կիրառմամբ: Դանդաղ, բայց հաստատուն աճ կա նաեւ զբոսաշրջության բնագավառում:

Որո՞նք են Նիդերլանդներում Հայաստանի դեսպանության գործունեության հիմնական ուղղությունները:

Իր բացման օրվանից ի վեր ՀՀ դեսպանությունը զբաղվում է երկկողմ հարաբերությունների բոլոր ուղղություններով՝ քաղաքական, տնտեսական, մշակութային, հյուպատոսական, համայնքային եւ այլն: Քաղաքական երկխոսությունը մշտական է եւ դրական դինամիկա ունի: Բնականաբար քննարկման առարկա են տարածաշրջանային զարգացումները, ԵՄ հետ գործընթացները, Արեւելյան գործընկերության խնդիրները եւ այլն:

Տնտեսական հարաբերություններին ավելի մեծ ծավալներ հաղորդելու առումով քննարկման են ներկայացված մի շարք ծրագրեր: Դրանց դրական ընթացքի մասին ժամանակին մեր հանրությունը եւս կտեղեկացվի:

Դեսպանության կողմից մեծ կարեւորություն է տրվում հայկական մշակույթը ներկայացնելուն եւ հանրայնացնելուն, ինչպես նաեւ երկկողմ մշակութային կապեր հաստատելուն: Այս առումով ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Հայաստանի մշակույթի նախարարությանն՝ ի դեմս նախարար Հասմիկ Պողոսյանի, մշտապես մեր ծրագրերին աջակցելու համար: Կազմակերպվում են համերգներ, ցուցահանդեսներ, հայկական համույթները մասնակցում են Նիդերլանդներում անցկացվող միջազգային փառատոներին: Աշխատանքները շարունակական բնույթ են կրում եւ դրանց մասին եւս մեր հանրությունը պարբերաբար իրազեկվում է:

Շատ կարեւոր ուղղություն է նաեւ հյուպատոսականը: Բազում հարցեր կապված են անօրինական միգրացիայի հետ՝ դրանից բխող բարդություններով:

ՀՀ դեսպանությունը էական ուշադրություն է դարձնում ամբողջ Նիդերլանդներով մեկ տարածված հայ համայնքի հետ աշխատանքին, ամեն կերպ օժանդակում է կառույցների կայացմանը, մեկօրյա դպրոցների հիմնմանը, աճող սերնդի հայեցի դաստիարակմանն ու հայկական մշակույթին, պատմությանն ու ավանդույթներին հաղորդակից լինելուն:

Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի դեսպանությունը հիմնադրվել է 4 տարի առաջ: Որո՞նք են եղել այս ոչ այնքան երկար ժամանակահատվածի հիմնական ձեռքբերումները:

Դժվար է 4 տարվա համար ձեռքբերումներ նշել, հատկապես հաշվի առնելով այն ժամանակահատվածը, որը զուգորդեց ՀՀ դեսպանության բացմանը. համաշխարհային տնտեսկան ու ֆինասնական ճգնաժամ, Հայաստանի հետ տեխնիկական աջակցության ծրագրերի դադարեցում` որպես արդեն միջին եկամուտ ունեցող երկրի, Նիդերլանդներում երկու կառավարությունների հաջորդական փոփոխություներկու եւ կես տարվա ընթացքում` կառավարական ճգնաժամերի արդյունքում, Հայաստանի` Մաքսային միության անդամակցության հայտարարություն, այնուհետեւ`Եվրասիական միության անդամակցություն, որը ավելի քան մեկ տարով դանդաղեցրեց ԵՄ` համապատասխանաբար նաեւ Նիդերլանդների հետ գործընթացները: Չնայած այս խնդիրներին, Հայաստանի դեսպանությանը հաջողվել է հետեւողականորեն առաջ տանել ծրագրերն`կյանքի կոչելով դրանցից ոմանք, ինչի մասին արդեն նշեցի, եւ սկսել նորերը: Ավելին, Հայաստանի դեսպանությունը Նիդերլանդների քաղաքական շրջանակներում ու դիվանագիտական կորպուսում ակտիվ դերակատարի համբավ է ձեռք բերել, որը դրական է անդրադառնում նաեւ երկրի հետ կապված հարցերի վրա:

2014թ.-ին, Հաագայում անցկացվող Միջուկային գագաթաժողովի շրջանակներում, կայացավ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի եւ Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռուտեի հանդիպումը, որը բացառաիկ էր իր նշանակությամբ: Հայաստանը այն մեկ տասնյակ երկրների շարքում էր, որ պետության ղեկավարի մակարդակով երկկողմ հանդիպում ունեցավ:

ՀՀ դեսպանության տարած աշխատանքի շնորհիվ է նաեւ, որ այս տարի կայացավ Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի այցը Հայաստան, ինչն առաջինն էր Հայաստան-Նիդերլանդներ հարաբերությունների ողջ պատմության ընթացքում:

Դեռեւս 2011թ.-ին տեղի ունեցավ Անվտանգության խորհրդի նախագահի այցը Նիդերլանդներ,  որի ժամանակ, հոլանդական կողմի հետ համագործակցությամբ, սկիզբը դրվեց մատչելի բնակարանաշինության ծրագրին: Այս ժամանակահատվածում կայացել են նաեւ ՀՀ կրթության ու գիտության եւ ՀՀ սփյուռքի նախարարների այցերը Նիդերլանդներ:

Ինչպիսի՞ քայլեր են ձեռնարկվում հոլանդացիների համար Հայաստանի ներդրումային եւ զբոսաշրջային գրավչությունը բարձրացնելու ուղղությամբ:

Կարծում եմ, որ Հայաստանի ներդրումային ու զբոսաշրջային գրավչությունը բարձրացնելու հարցը ՀՀ դեսպանությունների իրավասությունից դուրս է, սակայն այն ըստ պատշաճի ներկայացնելը եւ հնարավորինս գործընկերներ ներգրավելն, իրոք, դեսպանության գործունեության առաջնային խնդիրներից է: Աշխատանքները տարվում են առանձին ուղղություններով` թիրախային կերպով, քանի որ, Նիդերլանդների առանձնահատկություններից ելնելով, այստեղ հանձնաժողովային կամ պետական կառույցների կողմից ուղղորդված մոտեցումները չեն գործում: ՀՀ դեսպանությունն արդեն երկրորդ տարին մասնակցում է Հաագայում կազմակերպվող «Դեսպանությունների փառատոն» միջոցառմանը` ներկայացնելով հայկական արտադրատեսակներ եւ զբոսաշրջային տեղեկատվություն տրամադրելով այցելուներին: Հայկական զբոսաշրջային գործակալությունները մի քանի տարի շարունակ մասնակցել են Ուտրեխտում կազմակերպվող ամենամյա տոնավաճառին` ներկայացնելով Հայաստանի զբոսաշրջային միջավայրն ու առաջարկվող ծառայությունները: Հույս ունենք, որ 2016թ.-ի հունվարին եւս Հայաստանը կմասնակցի այդ տոնավաճառին: Դեսպանությունը հետեւողական աշխատանք է տանում ոչ միայն հայկական արտադրատեսակները հոլանդական սպառողին ներկայացնելու, այլեւ հոլանդական ընկերություններին՝ Հայաստանի տնտեսության համար  հեռանկարային համարվող ոլորտներում ներգրավելու ուղղությամբ: Մայիսին Ամստերդամում տեղի ունեցավ Հայկական գինիների առաջին ցուցադրություն- համտեսը, որը մոտ երկու տարի առաջ սկսված ծրագրի տրամաբանական շարունակությունն էր: Առաջիկայում նախատեսվում է Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարներին նվիրված կլոր-սեղանի կազմակերպում, որը նոր խթան կարող է դառնալ նոր ներդրողների գրավվման հարցում:

Ի՞նչ մակարդակի վրա են գտնվում երկու երկրների միջեւ գործարար շփումները:

Գործարար շփումները, ինչպես արդեն նշեցի, զարգանում են, բայց այստեղ շատ գործ կա անելու: Եվ կարծում եմ այս իրավիճակը բնորոշ չէ միայն Նիդերլանդներին, այլ, գուցե թե, ամբողջ արեւմտաեվրոպական հատվածին, որտեղ ավանդական հայկական համայնքներ չկան: Նրանց առկայությունն, իրոք, շատ է օգնում, քանի որ շուկա մտնելու համար բաց դուռ են դառնում: Այլ պարագայում` պետք է մրցակցել արդեն իսկ շուկան զբաղեցնող ընկերությունների հետ, ինչը ենթադրում է նոր որակով հանդես գալ: Այսօր դա կարող է լինել օրգանական սնունդը, որի հանդեպ շուկայի հակվածությունը մեծանում է: Հայկական արտադրանքն այս տեսակետից կարող է մրցունակ լինել եւ իր ուրույն տեղը զբաղեցնել այդ շուկայում, սակայն դրա համար եւս որոշակի աշխատանք է պահանջվում, հատկապես` փաստաթղթավորման մասով:

Ի՞նչ կարող եք ասել Նիդերլանդների հայ համայնքի մասին: Որո՞նք են համայնքին հուզող հիմնական խնդիրները:

Չնայած այն բանին, որ հայ-հոլանդական հարաբեությունները դարերի խորքն են գնում, ներկայիս համայնքը բավականին նոր կարելի է համարել: Առաջին հոսքը եղել է նախորդ դարի 50-ական թվականներին. սկզբում նանսենյան անձնագրեր կրողներներով, իսկ հետո` հրավիրյալ աշխատողի կարգավիճակ ունեցող անձնացով է սկսել ձեւավորվել հայկական համայնքը: Հիմնական մասը եկել է Թուրքիայից` Անատոլիայից, այնուհետեւ համալրվել Ստամբուլից արտագաղթածներով: Հետագայում նրանց են միացել իրանահայերը, իրաքահայերը, նախկին խորհրդային տարածքից մեկնած, Ադրբեջանից փախստական հայերը: Քիչ չեն նաեւ Հայաստանից եկածները: Համայնքը վերջերս սկսվել է համալրվել սիրիահայերով:

Բնականաբար, ցանկացած ներգաղթողի առաջին խնդիրը կարգավիճակի լուծումն է, եւ դա շատ հաճախ տարիներ է տեւում: Մեծ ուշադրություն է դարձնում համայնքն աճող սերնդի հայեցի դաստիարակմանը: Դրա պատճառով է, որ վերջերս բազմացել են կիրակնօրյա դպրոցները, եւ այնտեղ հաճախող թե' երեխաների, եւ թե'մեծահասակների թիվը զգալիորեն ավելացել է: Եվ սա շատ ողջունելի է: Հիմնվում են նաեւ երգի եւ պարի խմբակներ, որոնք հնարավորություն են տալիս ազգային մշակույթին հաղորդակից լինել: Սա շատ է օգնում առավել զարգացած սերունդ ունենալ: Յուրաքանչյուր անձ, ինտեգրվելով հոլանդական հասարակության մեջ, ավելի մեծ ներդրում կարող է ունենալ դրանում, եթե իր մեջ կրում է իր ազգի կողմից դարերով կերտված մշակույթն ու ավանդույթները, փոխանցված փորձառությունն ու իմաստությունները`դրանով իսկ հարստացնելով այդ հասարակությունը:

Ինչպես աշխարհի յուրաքանչյուր անկյունում բնակվող հայի, նրանց եւս հուզում են համազգային խնդիրները` Հայոց ցեղասպանության ճանաչումը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը, տարածաշրջանային կայունությունը, որի պարագայում միայն կարող է մեր երկիրը ծաղկել, մեր պետության տնտեսական զարգացումը: Վերջինիս գործում նրանք եւս իրենց ներդրումն ունեն` իրենց հարազատներին օգնելու եւ գրեթե ամեն տարի հայրենիք այցելելու միջոցով: Նրանցից ոմանք էլ փորձ են անում դրսում ձեռք բերած փորձն ու գիտելիքը ներդնել հայրենիքում: Սրանք դեռեւս առաջին քայլերն են, բայց ապագայում, կարծում եմ, դրանց թիվը կավելանա:

Այս տարի լրացել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Ներկայացրեք, խնդրեմ, տարելիցի շրջանակներում Նիդերլանդներում կազմակերպված միջոցառումները:

Դրանք բազմաթիվ են եւ թվարկել հնարավոր չի լինի: Կնշեմ միայն մի քանի խոշորները: Մարտի 6-7-ին Հաագայի Գլոբալ արդարադատության ինստիտուտում  տեղի է ունեցել «Հայոց ցեղասպանության ժառանգությունը. 100 տարի անց» խորագրով խորհրդաժողովը, որը կազմակերպվել էր Նիդերլանդների  Պատերազմի, Հոլոքոստի ու ցեղասպանության ուսումնասիրությունների ինստիտուտի(ՆԻՈԴ), Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Հայկական ուսումնասիրությունների ինստիտուտի եւ Հարյուրամյակի նախագիծ հիմնադրամի կողմից: Խորհրդաժողովը մեկնարկել էր մարտի 5-ին Հաագայի «Մարդկության տուն» թանգարանում կայացած քննարկումով, որի ժամանակ ցուցադրվել է «Տատիկի դաջվածքները» ֆիլմը:

Ապրիլի 20-ին Հաագայի Սբ. Հակոբի մայր տաճարում տեղի է ունեցել Հայոց ցեղապանության 100-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման երեկո, որը կազմակերպվել էր Համագործակցող հայկական կազմակերպությունների կողմից՝ Նիդերլանդներում ՀՀ դեսպանության հովանու ներքո: Երեկոյին մասնակցել են 800-ից ավելի մարդ` ներկայացնելով Նիդերլանդների խորհրդարանն, արտաքին գործերի եւ սոցիալական հարցերի ու աշխատանքի նախարարությունները, դիվանագիտական կորպուսը, միջազգային դատարաններն ու կազմակերպությունները, հասարակական ու գիտական շրջանակները, ինչպես նաեւ հոլանդական հասարակության ու հայ համայնքի լայն շերտերը:

Ապրիլի 17-ին, իրազեկման երթի շրջանակներում, Systemof a Downխումբը համերգով է հանդես եկել նաեւ Ամստերդամում:

Ամստերդամում անցկացվող «Հոլանդիայի փառատոնի» շրջանակներում հունիսի 7-ին  «Մյուզիկ խըբաու» եւ «Պոդիում Մոզաիկ» համերգասրահներում տեղի են ունեցել Գյուրջիեւի անվան ժողովրդական գործիքների անսամբլի համերգները` համապատասխանաբար «Հայաստան. Արեւելք եւ Արեւմուտք» եւ «Գյուրջիեւի եւ Կոմիտասի երաժշտությունը» , իսկ հունիսի 9-ին կայացել է կլոր սեղան քննարկում «Հիշողության արվեստը» խորագրով, որի ժամանակ դիտարկվել են արվեստի վրա Հայոց ցեղասպանության ազդեցության խնդիրները:

Սեպտեմբերի 22-ից հոկտեմբերի 9-ը, Նիդերլանդներում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ, Հաագայի քաղաքապետարանի «Ատրիում» սրահում գործել է Հայոց ցեղապանության100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսը` «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին» խորագրով: Ներկայացվել են համաշխարհային մամուլի անդրադարձները համիդյան կոտորածներին, 20-րդ դարասկզբի հայկական ջարդերին ու ցեղասպանությանը`դրա հետեւանքներով ու մարդկային ճակատագրերով հանդերձ: Ցուցահանդեսում տեղ էին գտնել նաեւ հոլանդական մամուլի առաջաբան էջերի լուսաբանումները, որոնք հոլանդական հասարակությանը ծանոթացնում էին մեկդարյա վաղեմության նյութերին ու հասարակական վերաբերմունքին Մերձավոր Արեւելքում ծավալվող իրադարձություններին:

Բնականաբար, համայնքն իր մոտեցումներն է արտահայտել թե' Նիդերլանդների խորհրդարանում հարցի շարունակական քննարկմամբ, եւ թե' ապրիլի 18-ին կայացած ցույց-հանրահավաքով, որին մի քանի հազար մարդ է մասնակցել:

Դուք նաեւ հանդիսանում եք Քիմիական զենքի չտարածման կազմակերպությունում Հայաստանի մշտական ներկայացուցիչը: Ի՞նչ է տալիս այս կազմակերպությանը անդամակցելը Հայաստանի Հանրապետությանը:

Հայաստանը. լինելով միջազգային հանրության անդամ, չի կարող անմասն լինել համաշխարհային գործընթացներից: Դրանով էր պայմանավորված այն, որ Հայաստանը դարձավ Քիմիական զենքի չտարածման կազմակերպության հիմնադիր անդամներից մեկը: Գուցե առաջին հայացքից որոշակիորեն անհասկանալի լինի Հայաստանի կապը այս կազմակերպությանը` դատելով մեր երկրում քիմիական զենքի բացակայության հանգամանքից, սակայն կազմակերպությունը միայն այդ զենքի ոչնչացման ու չտարածման հարցերով չէ, որ զբաղվում է, այլ նաեւ քիմիական արտադրության զարգացման խնդիրներով, որոնք, զարգանալով որոշակի սահմանակարգերով, չպետք է հնարավորություն տան այդ զենքի ստեղծման համար: Այստեղ է, որ Հայաստանը կարող է մեծ օգուտ քաղել:

Ավելին, որպես Հայաստանի մշտական ներկայացուցիչ այս կազմակերպությունում, ես 2013թ.-ի կեսերին ստանձնել եմ նաեւ կազմակերպության համաշխարհայնացման համար ֆասիլիտատորի պարտականությունները: Այս ժամանակահատվածում կազմակերպությանը միացան Սիրիայի Արաբական Հանրապետությունը, Մյանմարը եւ մոտ մեկ ամիս առաջ`Անգոլան: Հարավային Սուդանը եւս կանգնած է անդամակցության շեմին: Այս վերջին երկու երկրների պարագայում գործընթացին իմ մասնակցությունը, որպես ֆասիլիտատորի, անմիջական է եղել:

Տիկին դեսպան, ի՞նչ խորհուրդ կտայիք այն երիտասարդներին, որոնք ընտրել են կամ ցանկանում են ընտրել դիվանագետի մասնագիտությունը:

Խորհորդ տալն, ընդհանրապես, անշնորհակալ զբաղմունք է: Կարող եմ միայն հորդորել, որ երիտասարդները, դիվանագետի մասնագիտությունն ընտրելիս, արտաքին փայլով չառաջնորդվեն: Այն խաբուսիկ է: Իսկական դիվանագետ դառնալու համար պետք է մշտական, հետեւողական ու տքնաջան աշխատանք, որի գեր-գերագույն մասը հանրությունից անտես է մնում: Այն պահանջում է անմնացորդ նվիրում իր ժողովրդին ու երկրին: Պատահական չեմ օգտագործում «երկրին», քանի որ դիվանագետով դրսում դատում են Հայաստանի ու հայ ազգի մասին: Լավ դիվանագետը կարող է իր երկրի ու ժողովրդի համար բազում բարեկամներ ձեռք բերել, որը երբեք աննկատ չի անցնում:

Ձյունիկ Աղաջանյան Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան

Ձյունիկ Աղաջանյանը ծնվել է 1966թ.-ին, Երեւանում:

Աշխատանքային գործունեություն

մարտ 2011թ. - ներկա Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպան

մայիս 2010թ. – փետրվար 2011թՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի խորհրդական

2007 - 2011թթԿանանց հարցերով խորհրդի անդամ, Գենդերային բռնության դեմ պայքարի միջգերատեսչական հանձնաժողովի անդամ, ՀՀ-ում մարդականց շահագործման (թրաֆիկինգի) հարցերով խորհրդին կից աշխատանքային խմբի ղեկավար, ԳՐԵԿՈ-ին ներկայացվելիք Հայաստանի Հանրապետության վերաբերյալ 3-րդ փուլի գնահատման զեկույցի նախապատրաստման աշխատանքային խմբի անդամ, ՄԱԿ-ի խոշտանգումների եւ այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ու պատժի դեմ կոնվենցիայի 19-րդ հոդվածի համաձայն համատեղ 3-րդ եւ 4-րդ ազգային զեկույցը նախատրաստող աշխատանքային խմբի ղեկավար, ՄԱԿ-ի տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագրի 16-րդ հոդվածի համաձայն համատեղ 2-րդ եւ 3-րդ ազգային զեկույցը նախապատրաստող աշխատանքային խմբի ղեկավար, ՄԱԿ-ի ռասսայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի 9-րդ հոդվածի համաձայն 5-րդ եւ 6-րդ ազգային զեկույցը նախապատրաստող աշխատանքային խմբի ղեկավար, Միգրացիոն համակարգի կառավարման բարեփոխումների վերաբերյալ առաջարկությունների մշակման միջգերատեսչական աշխատանքային խմբի անդամ

փետվար 2007թ. – մայիս 2010թՀՀ ԱԳՆ Միջազգային կազմակերպությունների վարչության պետ

2004 - 2006թթՄԱԿ-ի Փոքր զենքի եւ թեթեւ սպառազինության հարցերով Վերանայման կոնֆերանսի փոխնախագահ, ՄԱԿ-ի  «Փոքր զենքերի եւ թեթեւ սպառազինությունների ապօրինի առեւտուրն իր բոլոր ասպեկտներով կանխելու, դրա դեմ պայքարելու եւ այն վերացնելու նպատակով գործողությունների ծրագրի իրականացումը քննարկող ՄԱԿ-ի երկրորդ երկամյա հանդիպումը» փոխնախագահ, ՄԱԿ-ի գլխավոր ասամբեայի 59-րդ նստաշրջանի առաջին /զինաթափման հարցերով/ կոմիտեի փոխնախագահ

հոկտեմբեր 2003թ. – դեկտեմբեր 2006թՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար

փետրվար 2001թ. – սեպտեմբեր 2003թՀՀ ԱԳՆ Հասարակայնության հետ հարաբերությունների վարչության պետ, խոսնակ

ապրիլ 1999թ. - հունվար 2001թՀՀ ԱԳՆ Քաղաքական ծրագրավորման վարչության Տեղեկատվության բաժնի վարիչ

հուլիս 1998թ. – ապրիլ 1999թՀՀ արտաքին գործերի նախարարի օգնական` քաղաքական հարցերով

հուլիս 1997թ. – հունիս 1998թՄիգրացիայի միջազգային կազմակերպության ՄԱԿ-ում ներկայացուցչության խորհրդական, ՄԱԿ-ի հարցերով պատասխանատու /ՆյուՅորք/

հոկտեմբեր 1995թ. – սեպտեմբեր 1996թՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալի օգնական, ԱՄՆ եւ Կանադայի վարչության 3-րդ քարտուղար

հուլիս 1993թ. – սեպտեմբեր 1995թԱՄՆ-ում ՀՀ դեսպանության 3-րդ քարտուղար

մայիս 1993թ. - հուլիս 1993թՀՀ ԱԳՆ Ամերիկայի երկրների վարչության կցորդ

փետրվար 1993թ. – մայիս 1993թՀՀ ԱԳՆ Ամերիկայի երկրների վարչության գործավար

մայիս 1992թ. - փետրվար 1993թՀՀ արտաքին գործերի նախարարության Իրավապայմանագրային վարչության գործավար

Ունի «Արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար՚ի» դիվանագիտական աստիճան

Կրթությունը

մայիսհունիս 2002թՈւփսալա համալսարանի Խաղաղության եւ հակամարտությունների ուսումնասիրությունների ֆակուլտետի կատարելագործման միջազգային ծրագիր, Ուփսալա` Շվեդիա Դիպլոմ

1996 – 1998թթԿոլումբիայի համալսարանի Միջազգային եւ հանրային հարաբերությունների դպրոց, ՆյուՅորք` ԱՄՆ Միջազգային հարաբերությունների մագիստրոսի կոչում

1984 – 1989թթԵրեւանի պետական համալսարանի Բանասիրական ֆակուլտետի ռոմանագերմանական լեզուների ամբիոն Գերազանցության դիպլոմ, 1989թ.

1987 – 1989թթԵՊՀ Հասարակական մասնագիտություններից ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժին Գերազանցության դիպլոմ, 1989թ.

Օտար լեզուների իմացությունը

Անգլերեն, ռուսերեն:

Զրույց դեսպանի հետ. Տիգրան Գեւորգյան

Զրույց դեսպանի հետ. ՀրանտՊողոսյան

Զրույց դեսպանի հետ. Արա Սահակյան

Զրույց դեսպանի հետ. Գագիկ Ղալաչյան

Զրույց դեսպանի հետ. Նիկոլայ Սարկիսով

Զրույց դեսպանի հետ. Արա Այվազյան

Զրույց դեսպանի հետ. Աշոտ Քոչարյան

Զրույց դեսպանի հետ. Էդգար Ղազարյան

Զրույց դեսպանի հետ. Սարգիս Ղազարյան

Զրույց դեսպանի հետ. Աննա Աղաջանյան

Հարցազրույց դեսպանի հետ. Վլադիմիր Բադալյան

Հարցազրույց դեսպանի հետ. Արմեն Մելքոնյան

Հարցազրույց դեսպանի հետ. Արարատ Գոմցյան

Հարցազրույց դեսպանի հետ. Արսեն Սհոյան

Հարցազրույց դեսպանի հետ. Աշոտ Գալոյան

Հարցազրույց դեսպանի հետ. Թաթուլ Մարգարյան

Հարցազրույց դեսպանի հետ. Արման Կիրակոսյան

Հարցազրույց դեսպանի հետ. Գեղամ Ղարիբջանյան

Հարցազրույց դեսպանի հետ. Արմեն Խաչատրյան

Հարցազրույց դեսպանի հետ. Արամ Գրիգորյան

Զրույց դեսպանի հետ. Ավետ Ադոնց

Զրույց դեսպանի հետ. Սերգեյ Սարգիսով

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ