«Սասնա ծռերի» անդամ Արմեն Լամբարյանի հարազատները դիմել են փաստաբան Ինեսսա Պետրոսյանին, որպեսզի նա ներգրավվի որպես Արմեն Լամբարյանի փաստաբան, սակայն, ՀՔԾ-ն հրաժարվել է ներգրավել:
«Արմեն Լամբարյանի հարազատներն ինձ են դիմել, այդ դիմումն ուղարկել եմ ԱԱԾ քննչական վարչություն, այնուհետեւ ՀՔԾ, սակայն, ՀՔԾ խմբի ղեկավարը հրաժարվում է ինձ ներգրավել որպես փաստաբան եւ չեմ կարողանում անգամ տեղեկանալ՝ Արմեն Լամբարյանն ինչ դատավարական կարգավիճակ ունի եւ նրա առողջական վիճակն ինչպես է»,-ասաց փաստաբանը:
Ինեսսա Պետրոսյանը նշեց, որ տարբեր տեղերից ահազանգեր կան, որ Արմեն Լամբարյանը խոշտանգվել է եւ հենց այդ պատճառով էլ թույլ չեն տալիս փաստաբանին եւ նրա հարազատներին տեսակցել նրան:
«Դա մտահոգիչ է եւ ես հիմքեր ունեմ կարծելու, որ Արմեն Լամբարյանի հետ ինչ-որ խնդիրներ կան: Ահազանգեր կան, որ նրան խոշտանգել են, թե ում կողմից չեմ կարող ասել եւ կարծում եմ, որ դա է պատճառը, որ թույլ չեն տալիս նրան տեսակցել, ոչ հարազատներին ոչ էլ ինձ»,-ասաց փաստաբանը:
Նշենք, որ Արմեն Լամբարյանին մեղադրանք չի առաջադրվել, նրա հետ քննչական գործողություններ չեն կատարվել:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հուլիսի 29-ին ՊՊԾ գնդում վիրավորվել էին Արայիկ Խանդոյանը (Միայնակ Գայլ), Արմեն Լամբարյանն ու Արթուր Մելքոնյանը։ Լամբարյանին եւ Մելքոնյանին տեղափոխել էին «Էրեբունի» բժշկական կենտրո: NEWS.am-ին հիվանդանոցից հայտնել էին, որ Արմեն Լամբարյանը գտնվում է Վերակենդանացման բաժանմունքում, նրա վիճակում դրական տեղաշարժ կա:





























