Հայաստանի Քննչական կոմիտեի զինվորական քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում արցախցի գեներալ Վահան Բադասյանի հայտարարությունների վերաբերյալ: Նախօրեին Բադասյանն անձամբ է գրավոր հաղորդում ներկայացրել:
«Ես փաստեր եմ ներկայացրել բանակում չարաշահումների վերաբերյալ: Անուններ այս պահին տալ չեմ կարող, քանի որ հնարավոր է վնասեմ քննությանը: Հաջորդն օրինակ ես սպառազինության մասին եմ հայտարարելու, որ վատ որակի զենք են մատակարարում բանակին»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վահան Բադասյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Վահան Բադասյանը խոսել էր ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի կողմից չարաշահումների մասին: Նա մասնավորապես հայտարարել էր, որ Մովսես Հակոբյանը, չարաշահելով իր պաշտոնական դիրքը, խախտելով գնումների մասին օրենքը, շուկայականից զգալի բարձր գներով իր ձեռնարկության և Պաշտպանության նախարարության միջև կնքել է ցորենի գնման պայմանագիր, ինչի արդյունքում բանակից յուրացվել է մի քանի տասնյակ միլիոն դրամ: Դիտարկմանը, թե կարծիք կա, որ դուք անձնական շահ եք հետապնդում, քանի որ ինքներդ էլ տարիներ շարունակ ալյուր եք մատակարարել բանակին, Վահան Բադասյանն այսպես արձագանքեց. «Այո, ես անձնական շահ ունեմ. Ես ու զավակներն ապրում ենք սահմանին մոտ եւ եթե պատերազմ սկսվի, ես, իմ զավակներն ու զարմիկներն ենք գնալու պատերազմ»:
Վահան Բադասյանը հայտնեց նաեւ, որ կան գեներալներ, որոնք նույնպես պատրաստ են խոսել բանակում չարաշահումների մասին:




























