Հայաստանում այսօր կան էներգաարտադրման կարողություններ, ինչը նշանակում է՝ հայաստանյան շուկան ընդլայնվում է և տարածաշրջանային նախագծերում կարող է ներգրավվել: Այս մասին այսօր՝ մայիսի 17-ին, լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը վերականգնվող էներգետիկայի զարգացմանը վերաբերող համաժողովից առաջ:

«Այդ հնարավորությունները ներառում են թե ավանդական էներգաարտադրությունը, թե վերականգնվող կանաչ էներգիայի աղբյուրների կիրառումը»,- ասաց նա:

ԱՄՆ դեսպանի խոսքով, Միացյալ Նահանգների գործարարների կողմից կարող է հետաքրքրություն լինել էներգետիկ ոլորտի նկատմամբ, ինչը երկկողմանի շահավետ կարող է լինել եւ հայկական, եւ ամերիկյան կողմի համար:

«Արդյունքների մասին երաշխիքներ տալ չեմ կարող, մեր աշխատանքն է մեկ հարկի տակ ներգրավվել երկու կողմերի գործարարներին: Այսօրվա համաժողովն էլ նման մի քայլ է։ Դա Հայաստանի գործարարների, կառավարության խնդիրն է, որ ձևավորեն, ներկայացնեն, թե ինչով է հրապուրիչ Հայաստանը ամերիկյան ներդրողների համար, և առավելապես կարևոր է, որ կառավարության կողմից երաշխիքներ լինեն, որ հավասար խաղի կանոններ կլինեն բոլորի համար»,- ասաց նա: