ԵՄ-ն դիտարկել է Հյուսիսային Կորեայի նկատմամբ ավելի խիստ պատժամիջոցներ ներդնելու հնարավորությունը ՝ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձարկման կապակցությամբ, հայտնում է AP-ն։
ԵՄ երկրները պնդում են, որ Փհենյանը չպետք է զիջումներ ակնկալի։ «Ոմանք կարծում են, թե անհրաժեշտ է բանակցել Փհենյանի հետ։ Մենք բոլորովին համամիտ չենք։ Նրանք պետք է լուրջ քայլ անեն իրենց երկրի ապամիջուկայնացման ուղղությամբ»,- ասել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը։
Իրենց հայտարարության մեջ ԵՄ ԱԳ նախարարները Փհենյանի՝ այս ամսվա սկզբին իրականացրած փորձարկումը անվանել են «լուրջ սպառնալիք միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը» ու Հյուսիսային Կորեային կոչ են արել վերջ տալ նման գործողությունների։ Հայտարարության մեջ նշվում է, որ ի լրումն գործող պատժամիջոցների՝ ԵՄ-ն «դիտարկում է համապատասխան պատասխան քայլերը»։
ԵՄ-ն նաեւ աջակցել է Հարավային Կորեայի ջանքերը՝ Հյուսիսային Կորեայի հետ բանակցությունները վերսկսելու հարցում։