Զիմբաբվեի ֆինանսների նախարար Իգնասիուս Չոմբոյին չորեքշաբթի մայրաքաղաքը գրաված զինվորականները հսկողության տակ են վերցրել: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով կառավարությունում աղբյուրին:

Գործակալության տեղեկություններով՝ Չոմբոն երկրի 93-ամյա նախագահ Ռոբերտ Մուհաբեի կնոջ՝ Գրեյսի կողմնակիցներից է, ով համարվում է նախկին փոխնախագահ Էմերսոն Մնանգագվայի հիմնական քաղաքական մրցակիցը, որի պաշտոնանկությունը նոյեմբերի 6-ին  զինվորակլաններին վճռական գործողությունների է դրդել:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մի խումբ զինվորականներ մայրաքաղաք Հարարեում իրենց վերահսկողության տակ էին վերցրել երկրի Հեռուստառադիոհեռարձակման կորպորացիան: Զինված զինվորները գրավել էին նաեւ քաղաքի կենտրոնը, որտեղ պայթյուններ էին լսվել: «Ֆրանս Պրեսի» տեղեկություններով՝ կրակոցներ են հնչել Մուհաբեի նստավայրում: Իրենք զինվորականները հավաստիացնում են, որ խոսքը չի վերաբերում պետական հեղաշրջմանը, նախագահն անվտանգության մեջ է, իսկ իրենց գործողությունների նպատակը «նրա շուրջ եղած հանցագործներին պատասխանատվության կանչելն է»:

Զինվորականներն ակտիվացել են, երբ իշխող «Զիմբաբվեի Աֆրիկյան ազգային միություն-Հայրենասիրական ճակատ» կուսակցությունը երկրի ԶՈւ հրամանատար Կոնստանտինո Չվենգային մեղադրել է դավաճանության եւ հովանավորչության մեջ: Ավելի վաղ նա հայտարարել էր միջամտելու պատրաստակամության մասին՝  դադարեցնելու համար Մնանգագվայի կողմնակիցների հալածանքները, ում համարում էին Մուհաբեի ժառանգորդը: