News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Արցախում հակառակորդի կրակոցից զինվոր է զոհվել: Հունվարի 7-ին հակառակորդի արձակած կրակոցից մահացու վիրավորում է ստացել Պաշտպանության բանակի 19-ամյա զինծառայող Վաչե Չիլինգարյանը: Չիլինգարյանը Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքից էր, մեկ տարի առաջ էր զորակոչվել բանակ: Նա ընտանիքի միակ որդին էր, երկու կրտսեր քույր ունի:

Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի խոսքով՝ ժամկետային զինծառայողը ոչ մի խախտում թույլ չի տվել, նա զոհվել է դիպուկահարի կրակոցից: Նաեւ երկու վիրավոր կա. նրանք թեթեւ մարմնական վնասվածքներով զինհոսպիտալ են տեղափոխվել: Մովսես Հակոբյանը նշեց, որ հրամանատարը՝ ավագ լեյտենանտ Մուսինյանը, զինծառայողին օգնություն է գնացել, բայց վիրավորվել է: Մեկ այլ զինծառայող էլ վիրավորում է ստացել մեքենայում՝ դեպքի վայր շտապելիս կրակի տակ հայտնվելով:

Մեկնարկել է 2018 թվականի առաջին զորակոչը. այսօր ծառայության է մեկնել 167 նորակոչիկ: Ծնողները հուզմունքով են ճանապարհում որդիներին, իսկ նորակոչիկները բարձր տրամադրությամբ եւ մարտական ոգով են մեկնում ծառայության: Մեկնարկել է նաեւ «Ես եմ» ծրագիրը. Մովսես Հակոբյանի խոսքով՝ այս ծրագրով կամավոր հիմունքով ծառայության է մեկնելու 120 նորակոչիկ: «Ես եմ» ծրագրով զորակոչիկները իրավունք են ստանում անցնելու ծառայության նոր տեսակի` ժամկետային պայմանագրային: Այն կտեւի 3 տարի, որից, ընդհանուր առմամբ, 7 ամիս զինծառայողը կանցկացնի ազատ արձակման մեջ՝ մեկ շաբաթ` արձակուրդում, մեկ շաբաթ` զորամասում եւ երկու շաբաթ` առաջնագծում: Ծառայության ավարտին զինծառայողի անձնական հաշվին կփոխանցվի շուրջ 5 մլն դրամ, որը զորացրված զինծառայողը կկարողանա օգտագործել նպատակային երեք ծրագրերից մեկում՝ մատչելի բնակարան, մինի-ֆերմա կամ ուսման վարձի փոխհատուցում: 

Պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանն էլ լրագրողների հետ զրույցում խոսել է զինծառայողների հանդերձանքի մասին: Ասում է՝ ամեն ինչ արվում է՝ մարտական հերթապահություն իրականացնող զինվորներին ավելի դիմացկուն եւ որակյալ համազգեստով ապահովելու համար: Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այս տարի հունվարի 6-ին՝ Սուրբ Ծննդյան տոնին Ջրօրհնեքի արարողության ժամանակ խաչքավոր էր: Համացանցում լուսանկարներ ու բազմաթիվ մեկնաբանություններ էին տարածվել: Արտակ Զաքարյանին լրագրողները նաեւ այս մասին են հարցրել: Պաշտոնյան նման մեկնաբանություններին պատասխանելն անիմաստ է համարել:

Աջակողմյան ղեկով մեքենաների ներկրումն ու վերահաշվառումն արգելելու մասին տրանսպորտի նախարարության ծրագրին արձագանքը նոր զարգացումներ է ստանում: Վարորդներն «Աջ ղեկ» նախաձեռնություն են սկսել եւ բողոքի ցույցեր են անցկացնում: Առաջինը երեկ էր. նախաձեռնության անդամներն ավտոերթ են անցկացրել, նաեւ պահանջել տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանի հրաժարականը:

Այսօր էլ նրանք հավաքվել են կառավարության շենքի առջեւ ու վարչապետի հետ հանդիպում էին պահանջում: Սակայն Կարեն Կարապետյանը, պարզվում է, արձակուրդ է մեկնել: Նախաձեռնության անդամներն առաջարկությունների փաթեթ են մշակելու, որը հունվարի 12-ին ներկայացնելու են արձակուրդից վերադարձող վարչապետին:

Մինչ այդ, տրանսպորտի նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ նախագծում որոշ փոփոխություններ են արվել: Գերատեսչությունը որոշել է հարգել աջակողմյան ղեկով մեքենաների սեփականատերերի իրավունքը. ապրիլի 1-ից նման մեքենաների ներկրումը կարգելվի, բայց արդեն ներմուծված մեքենաների սեփականատերերը կկարողանան շահագործել, հաշվառել եւ վերահաշվառել իրենց մեքենաները: Ի դեպ, հունվարի 1-ից աջ ղեկով մեքենաների մասին նոր օրենք է գործում նաեւ հարեւան Վրաստանում: Այստեղ նման մեքենաների ներկրման եւ շահագործման հետ կապված խնդիրներ չեն ծագի, սակայն ղեկը ձախակողմյանի վերածելու հնարավորություն վարորդներն այլեւս չեն ունենա:

Երեւանում այսօր առավոտյան մահվան ելքով վթար է տեղի ունեցել: Աբովյան-Սայաթ-Նովա խաչմերուկում բախվել են «BMW X6»-ն ու ճանապարհային ոստիկանության «Toyota Corolla»-ն: Պատահարի հետեւանքով «Toyota»-ի վարորդ Արեգ Դավթյանը մահացել է, ոստիկանության մյուս ծառայող Խաչիկ Գասպարյանը հիվանդանոցում է: Նրա վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում. ծանր աստիճանի գլխի սալջարդ, պարանոցի ողի կոտրվածք, թոքի վնասվածք, կոնքոսկրի եւ ազդրի կոտրվածք ունի: Մահացած եւ վիրավոր ոստիկանները ծառայության մեջ են եղել:

BMW-ի վարորդը դեպքի վայրից փախուստի է դիմել, սակայն ժամեր անց ներկայացել է ոստիկանություն: Ըստ տեղեկությունների՝ նա բազմաթիվ ավտովթարների հեղինակ, նախկինում դատապարտված «Ճվճվ Արոյի» որդին է՝ «Սաքուլիկ» մականունով հայտնի Սարգիս Վարդանյանն է: Ողբերգական պատահարի փաստով քրեական գործ է հարուցվել: Իսկ ոստիկանությունն ամփոփել է այս տարվա առաջին 8 օրերի օպերատիվ տվյալները: Դրանց համաձայն՝ 8 օրվա ընթացքում հանրապետությունում ճանապարհատրանսպորտային 61 պատահար է գրանցվել, որոնց հետեւանքով 9 մարդ զոհվել է, 98-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել:

Դեկտեմբերի 28-ից Իրանի մի շարք քաղաքներում լարված իրավիճակ էր. այստեղ լայնածավալ բողոքի ակցիաներ էին: Թեհրանում, Սպահանում, Ռեշտում եւ այլ խոշոր քաղաքներում փողոցներ է դուրս եկել շուրջ 42 հազար մարդ: Ցույցերի ընթացքում նաեւ բախումներ են գրանցվել. անկարգությունների հետեւանքով 20 մարդ է զոհվել, այդ թվում՝ անչափահաս, միայն մայրաքաղաք Թեհրանում 450 ցուցարար է ձերբակալվել:

Հասան Ռոհանին հայտարարել է, որ բողոքի ակցիաները պայմանավորված են երկրի ներքին խնդիրներով. Իրանի նախագահը խոստացել է լուծել  տնտեսական խնդիրները, ջանքեր գործադրել՝ գործազրկության, գնաճի հարցերի լուծման համար: Այստեղ խոսում են նաեւ արտաքին սադրանքների մասին. Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը կարծիք է հայտնել, որ բողոքի ցույցերի հետեւում կանգնած են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան ու Սաուդյան Արաբիան:

Իսկ երեկ լրատվամիջոցներում հրապարակումներ եղան նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի ձերբակալության մասին, իբր՝ ցույցերը սատարելու համար: Նախկին նախագահի փաստաբանը, սակայն, հերքեց այս լուրերը:

Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Ոսկե Գլոբուս» մրցանակաբաշխության 75-րդ արարողությունը. այն կինոաշխարհում երկրորդ «Օսկար» են համարում: Աստղերի մեծ մասն այս տարի կարմիր գորգին ներկայացել է սեւ զգեստով՝ որպես բողոքի նշան Հոլիվուդում սեռական ոտնձգությունների դեմ: Հիշեցնենք, որ անցյալ տարի միանգամից մի քանի սեքս սկանդալ բռնկվեց, որոնց կենտրոնում հայտնվեցին պրոդյուսեր Հարվի Վայնշթեյնը, ինչպես նաեւ դերասաններ Քեւին Սփեյսին եւ Դասթին Հոֆմանը:

Ինչ վերաբերում է հաղթողներին. այս տարի «Լավագույն դերասան» անվանակարգում հաղթող է ճանաչվել Գարի Օլդմանը, լավագույն կանացի դերի համար «Ոսկե գլոբուս» է ստացել Ֆրենսիս Մաքդորմանդը, լավագույն ռեժիսոր է ճանաչվել Գիլյերմո դել Տորոն, իսկ ամերիկյան հայտնի հաղորդավարուհի Օփրա Ուինֆրին արժանացել է Սեսիլիա Բ. դե Միլլի անվան պատվավոր մրցանակի:

Հունվարի 8-ին դոլարը, եվրոն եւ ռուբլին թանկացել են: Դոլարի փոխարժեքը կազմել է 484 դրամ, եվրոյինը՝ 581, ռուբլունը՝ 8 դրամ 50 լումա, ֆունտինը՝ 656 դրամ:

Հունվարի 9-13-ը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը որոշ շրջաններում 5-6 աստիճանով կնվազի: Երեւանում նույնպես տեղումներ չեն սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի -2-4 աստիճան ցուրտ, ցերեկը՝ +8+10 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ