News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Սյունիքի մարզի Կապանի եւ Լիճքվազ-Թեյի բազմամետաղային հանքավայրերի շահագործման կոնցեսիոն իրավունքը ձեռք բերած ոուսական «Պոլիմետալ» խումբը մտադիր է ոսկի, արծաթ, պղինձ, կապար եւ ցինկ որոնել Սյունիքի մարզի 3 համայնքի 20 բնակավայրերի տարածքում, հաղորդում է «ԷկոԼուրը»:

Բոլոր տարածքները միասին ընկերությունն անվանել է Կապանի հարթակ: Այն ընդգրկում է Կապան համայնքի Աղվանի, Աճանան, Անտառաշատ, Առաջաձոր, Գեղանուշ, Եղեգ, Կապան, Ձորաստան, Ներքին խոտանան, Նորաշենիկ, Շրվենանց, Սեւաքար, Վանեք, Վերին խոտանան, Տանձավեր, Տավրուս եւ Օխտար, Գորիս համայնքի Բարձրավան եւ Շոտնուխ, Տաթեւ համայնքի Քաշունի բնակավայրերը: Որոնողական աշխատանքները պետք է իրականացնի «Պոլիմետալ» խմբի «ՊոլիԱրմ» ՍՊԸ-ն:

Բնապահպանական փորձաքննության ներկայացված Կապանի հարթակի հայտի վերաբերյալ 2-րդ հիմնական հանրային լսումներն անցկացվել են Կապան քաղաքում 2017 թ-ի դեկտեմբերի 27-ին: Ինչպես ԷկոԼուրին հայտնեց ՀՀ բնապահպանության նախարարության փորձագետ Ազգանուշ Դռնոյանը, բոլոր համայնքների ներկայացուցիչները ներկա են եղել, նրանցից բացասական կարծիքներ չեն հնչել: Հայտով աշխատանքները նախատեսված են 2017-2020 թթ-ի ընթացքում, բայց քանի որ 2017 թ-ն ավարտվեց, փորձաքննական կենտրոնը պահանջ է դրել վերանայել աշխատանքների ժամանակացույցը:

Կապանի հարթակում օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության հայտի լսումների փուլն ավարտված է, սակայն եզրակացություն դեռ չկա:

Կապանի հարթակի ընդհանուր տարածքը կազմում է 295 քառակուսի կմ: Ընդհանուր նախատեսվում է 150 հորատման հարթակ, կվերցվի 28.378 նմուշ: Նաեւ նախատեսվում է 8 կմ նոր ճանապարհների կառուցում:

Հայտի համաձայն` Կապանի հարթակը բնության հատուկ պահպանվող տարածքներում չի գտնվում, սակայն հայցվող տարածքի մի մասը ծածկված է անտառներով: Աշխատանքներ ծառածածկ տարածքներում չեն նախատեսվում, ծառերի հատում` եւս: Անտառային հողերում հորատման աշխատանքներն իրականացվելու են բացատներում:

Նշվում է, որ երկրաբանական աշխատանքները բացասական ազդեցություն կունենան բուսական եւ կենդանական աշխարհի վրա: Տարածքն ունի բազմազան բուսական եւ կենդանական աշխարհ: Ըստ հայտի` հորատման, փորման եւ նոր ճանապարհների տեղամասերում նախնական հետազոտության ընթացքում Կարմիր գրքի տեսակներ չեն հայտնաբերվել: Սակայն, ինչպես ընդգծում են նախագծողները, նախատեսվող գործունեության հարակից տարածքներում բավական հաճախ են հանդիպում ՀՀ Կարմիր գրքում գրանցված Հնդկական մացառախոզը, Լայնականջ ոզնին եւ Անտառակատուն, բարձրադիր լեռներում խիստ հազվադեպ կարող են հանդիպել Գորշ արջը եւ Ընձառյուծը, Զանգեզուրի բարձրադիր տեղանքներում` Բեզոարյան այծը եւ Հայկական մուֆլոնը:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ