News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Հայաստանի Զինված ուժերի կառավարման ուղղահայացը փոփոխության է ենթարկվում. այսուհետ այն վարչապետ-անվտանգության խորհուրդ-կառավարություն-պաշտպանության նախարար-գլխավոր շտաբի պետ տեսքը: Զինված ուժերի ղեկավար կազմի հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը հիշեցրել է, որ սա պայմանավորված է Սահմանադրության փոփոխություններով:

Նախագահը խոսել է բանակում կոռուպցիայի մասին: Սերժ Սարգսյանը դա դավաճանությանը հավասար հանցագործություն է համարում, չարիք՝ պետության եւ բանակի համար:

Սերժ Սարգսյանը նաեւ զինված ուժերում կարգապահությունն ամրապնդելու անհրաժեշտություն է տեսնում: Վստահեցնում է, որ բանակում միջադեպերի եւ դրանց հետեւանքով կորուստների մեծ մասը կանոնների խախտման արդյունք են: Իսկ այս ուղղությամբ աշխատանքում գերազանց արդյունքը նախագահը համարում է «զրո զոհ» ցուցանիշը: Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը. նախագահը ցավով է նշել, որ չի կարող բանակցություններում դրական առաջընթացի մասին խոսել:

Հանրապետականի եւ Դաշնակցության շարքերում ամիսներ շարունակ քննարկվում է վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի թեկնածությունն առաջադրելու հարցը, բայց այդ քննարկումները դեռ կուսակցական-ինստիտուցիոնալ հարթակներ չեն հասել: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասել է հանրապետության նախագահը՝ անդրադառնալով 2014 թվականի իր հայտարարությանը, թե այլեւս երբեք չի առաջադրվելու պետության ղեկավարի պաշտոնում: Ընդգծել է, որ այսօր էլ չի հավակնում վարչապետի պաշտոնին, բայց չի կարող «հաշվի չնստել իրականության հետ եւ համարել, որ պատասխանատվություն չունի մեր երկրի սահուն ընթացքի համար»: Սերժ Սարգսյանի խոսքով՝ բազմաթիվ գործընկերներ իր հետ նույնպես խոսել են այդ թեմայով, բայց չգիտի, թե երբ կավարտվեն այդ քննարկումները: Եթե ի վերջո որոշվի, որ առաջադրվելու է իր թեկնածությունը, կընդունի՝ մեկ հավելումով. պաշտոնավարմանը զուգահեռ ավելի շատ ժամանակ կհատկացնի երիտասարդ քաղաքական առաջնորդներին ամբողջ փորձը փոխանցելու գործին:

Ազգային ժողովի կողմից Հայաստանի 4-րդ նախագահ ընտրված Արմեն Սարգսյանի երդմնակալությունը կկայանա ապրիլի 9-ին, խորհրդարանի հատուկ նիստում: Ազգային ժողովի Խորհուրդն այսօր որոշել է, որ հատուկ նիստը կանցկացվի Մարզահամերգային համալիրում: Խորհրդարանական խմբակցություններից երդմնակալության արարողությանը կմասնակցեն Արմեն Սարգսյանի թեկնածությունն առաջադրած ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն: Այն բաց չի թողնի նաեւ «Ծառուկյան» խմբակցությունը, որի պատգամավորները նույնպես քվեարկել էին կոալիցիոն գործընկերների թեկնածուի օգտին: Իսկ «Ելք»-ն այս հարցով վերջնական որոշում դեռ չունի. միայն խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն է հայտարարել, որ չի պատրաստվում մասնակցել արարողությանը, քանի որ այն Ազգային ժողովում չի անցկացվելու:

Փետրվարի 13-ին քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպից հետո Երեւանի ավագանու այսօրվա նիստը նույնպես թեժ մթնոլորտում է անցել: Այս անգամ նույնպես պատճառը «Երկիր Ծիրանին» էր, ավելի ճիշտ՝ խմբակցության ներկայացրած երկու նախագծերը: Խմբակցությունը, մասնավորապես, առաջարկում է Մարտի 1-ի զոհերի հիշատակին հուշարձան տեղադրել: Այս նախաձեռնությունը նույնպես «Երկիր Ծիրանիի» գործընկերների հավանությանը չի արժանացել: Հարցի քննարկումից առաջ «Ելք»-ից Ալեն Սիմոնյանն առաջարկել է մեկ րոպե լռությամբ հարգել Մարտի 1-ի զոհերի հիշատակը: Հանրապետականները ոտքի չեն կանգնել:

Հաջորդ հարցը վերաբերել է Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան փողոցը վերանվանելուն: «Երկիր Ծիրանին» առաջարկում է այն Վուդրո Վիլսոնին անունով կոչել: Սա զայրացրել է ավագանու մյուս խմբակցությունների անդամներին: Բանը նույնիսկ վիրավորանքների է հասել: Նշենք, որ երկու հարցերի քննարկման ժամանակ էլ «Ելք» խմբակցության անդամները նիստերի դահլիճում չեն եղել: Ավագանին Զարուհի Փոստանջյանի կուսակցության ներկայացրած երկու նախագծերն էլ մերժել է:

Հավելենք, որ ավագանու նիստից առաջ լրագրողները «Դռները բացեք, մամուլն է գալիս» կարգախոսով ակցիա էին կազմակերպել: Նրանք նաեւ նույն գրությամբ շապիկներով են եղել: Լրագրողները բողոքել են ավագանու նիստերին լրատվամիջոցների ներկայությունը սահմանափակելու՝ քաղաքապետարանի որոշման դեմ: Թեեւ այստեղ վստահեցնում են, որ ավագանու նիստերը դռնփակ չեն լինի, պարզապես լրագրողները դրանց կհետեւեն առանձին սրահից, լրատվամիջոցների ներկայացուցիչներին սա չի բավարարում:

Մարտի 18-ին Ռուսաստանում նախագահական ընտրություններ էին: Երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն հաշվարկել է ընտրատեղամասերի կազմած արձանագրությունների 99.84%-ը: Նախնական արդյունքներով՝ 76.66% ձայնով նախագահ է վերընտրվել Վլադիմիր Պուտինը: Նախագահի պաշտոնին 8 թեկնածու էր հավակնում: Նրանցից երկրորդ տեղում Ռուսաստանի կոմունիստների թեկնածու Պավել Գրուդինինն է՝ 11.8% ձայնով, երրորդը Վլադիմիր Ժիրինովսկին է՝ 5.66% ձայնով: Քսենիա Սոբչակը ստացել է ընտրողների 1.67%-ը կողմ քվեն, Գրիգորի Յավլինսկին՝ 1.04%-ը, իսկ Բորիս Տիտովը, Մաքսիմ Սուրայկինն ու Սերգեյ Բաբուրինը 1%-ից էլ պակաս ձայն են ստացել: Ժիրինովսկու Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունն արդեն հայտարարել է, որ ընտրությունների արդյունքները վիճարկելու իմաստ չկա:

Ռուսաստանի նախագահ ընտրելու հնարավորություն են ունեցել նաեւ երկրի սահմաններից դուրս բնակվող ռուսաստանցիները. արտերկրում 400 ընտրատեղամաս է բացվել, այդ թվում երկուսը՝ Հայաստանում, Երեւանում եւ Գյումրիում: Երեւանում Ռուսաստանի դեսպանատան շենքում տեղակայված ընտրատեղամաս եկած նորապսակները գրավել են բոլորի ուշադրությունը. հարսանեկան խնջույքի մեկնելուց առաջ երիտասարդները որոշել էին անպայման կատարել իրենց քաղաքացիական պարտքը:

Թուրքիայի նախագահն ու զինված ուժերի Գլխավոր շտաբը հայտարարել են սիրիական Աֆրին քաղաքը վերահսկողության տակ վերցնելու մասին: Ի պատասխան՝ Աֆրինի քրդերը խոստացել են պարտիզանական պայքար մղել թուրքերի դեմ: Նրանք համոզված են, որ թուրքերի նպատակն Աֆրինի քրդերին ոչնչացնելն է, եւ հայտարարում են, որ չեն դադարեցնելու դիմակայությունը:

Իսկ սիրիական լրատվամիջոցները հաղորդում են Աֆրինի խաղաղ բնակչության դեմ թուրքական զորքերի հանցագործությունների մասին: Քաղաք ներխուժելու նախօրեին Թուրքիայի հրետանին եւ ավիացիան հրետակոծել էին այն, ինչի հետեւանքով մի քանի տասնյակ մարդ է զոհվել, հազարավոր բնակիչներ էլ լքել են իրենց տները: Արեւմտյան մամուլում լուսանկարներ են տարածվել, որոնցում պատկերված է թուրքական զորքերի եւ ահաբեկչական խմբավորումների զանգվածային թալանն Աֆրինի խանութներում եւ տներում: Աֆրինը պաշարվել էր մարտի կեսերից: Իսկ տեղի քրդական կազմավորումների դեմ Թուրքիան «Ձիթենու ճյուղ» գործողությունը սկսել էր հունվարի 20-ին: Թուրքական զորքերին աջակցում էին «Սիրիական ազատ բանակի» զինյալները՝ զինված խմբավորումների խոշորագույն միավորումը Սիրիայում, որը պայքարում է սիրիական կառավարության դեմ:

Երեւանի եւ Բրյուսելի միջեւ ուղիղ ավիահաղորդակցությունը վերականգնվում է. Brussels Airlines-ը վերսկսում է կանոնավոր չվերթները դեպի Հայաստան: Բելգիական ավիաընկերությունը քաղավիացիայի գլխավոր վարչությունից արդեն համապատասխան թույլտվություն է ստացել: Հունիսի 2-ից հուլիսի 2-ը, ինչպես նաեւ օգոստոսի 29-ից հոկտեմբերի 27-ը Բրյուսել-Երեւան-Բրյուսել չվերթները կիրականացվեն շաբաթական մեկ անգամ՝ յուրաքանչյուր շաբաթ, իսկ հուլիսի 3-ից օգոստոսի 28-ը՝ շաբաթական 2 անգամ՝ յուրաքանչյուր երեքշաբթի եւ շաբաթ:

Մարտի 19-ին դոլարն ու եվրոն շարունակել են արժեզրկվել, ընդ որում եվրոպական արժույթը՝ ավելի քան 2 դրամով: Դոլարի փոխարժեքը կազմել է 480 դրամ, եվրոյինը՝ 589, ռուբլունը՝ 8 դրամ 33 լումա, ֆունտինը՝ 671 դրամ:

Մարտի 20-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երեւանում նույնպես վաղը տեղումներ չեն սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +8+10, ցերեկը՝ +20+22 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ