Հեստապարային ակումբները (սթրիփ ակումբ-խմբ) պետք է բնակավայրերից դուրս լինեն, զուտ տուրիստների համար: Այս մասին այսօր՝, ապրիլի 11-ին, ԱԺ-ում «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը:

Նա նաեւ առաջարկեց, որ օրենքով արգելվի բազմաբնակարանային շենքերի առաջին հարկերում շուրջօրյա ռեժիմով աշխատող խանութների գործունեությունը:

Բաբուխանյանի հաջորդ առաջարկը վերաբերում էր արաոկե, դիսկոտեկ, հեստապարային ակումբ (սթրիփ ակումբ-խմբ), բաղնիք, շոգեբաղնիք, սաունա գործունեության տեսակների սահմանափակումներին. Նա առաջարկեց օրենքով սահմանել բնակելի շենքերից նվազագույն 50 մետր հեռավորության պահանջ, իսկ մնացածը թողնել ՏԻՄ-երին: «Որովհետեւ եթե կարաոկեն գտնվում է կողքի շենքում, նույնն է, որ նույն շենքում է: Կարող եմ օրինակներ բերել, որ 100 մետրից այնպես են պատուհանները դխկդխկում, որ մարդ չի կարողանում քնել»,-ասաց Բաբուխանյանը հավելելով, որ նման գործունեության տեսակները պետք է արգելվեն նաեւ պետական հիմնարկ-ձեռնարկությունների շենքերում. «Շատ հաճախ նման շենքերի առաջին հարկերը տրամադրվել են կարաոկե կամ սթրիփ ակումբներին»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքի փոփոխություններով նախատեսում է սահմանափակել գործունեության որոշ տեսակներ: Կարգավորման եւ սահմանափակման ենթակա օբյեկտները հետեւյալն են՝  կարաոկե, դիսկոտեկ, հեստապարային ակումբ (սթրիփ ակումբ-խմաբ), բաղնիք, շոգեբաղնիք, սաունա»,-ընդգծեց փոխնախարարը:

Ըստ կառավարության կողմից առաջարկվող օրինագծի, այդպիսի օբյեկտների տեղակայումը կսահմանափակվի բնակելի շենքերի տարածքում, ինչպես նաեւ  կրթական եւ պատմամշակութային հաստատությունների, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի, բժշկական հաստատությունների տարածքներում:

Բացի այդ, սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների  գործունեության թույլտվությունը կտրամադրի համայնքի ղեկավարը, իսկ Երեւան քաղաքում` Երեւանի քաղաքապետը, իսկ սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների տեղակայմանը (հեռավորությանը) ներկայացվող պահանջները կսահմանի համայնքի ավագանին:

Հեստապարային ակումբների դեպքում տուգանքները կլինեն 300-500 հազար դրամի սահմաններում, իսկ կրկնվելու դեպքում՝ 1-1,3 մլն դրամի սահմաններում:

Ինչ վերաբերում է լռության պահանջին, ապա դա խախտելու դեպքում տուգանքները կխստացվի՝ նախատեսելով առաջին անգամ 2000-300 հազար դրամ, կրկնվելու դեպքում՝ մեկ մլն դրամ տուգանք:

Օրենքի որոշ դրույթներ ուժի մեջ կմտնեն 1 տարի հետ, որպեսզի արդեն գործող օբյեկտները տեղափոխվեն օրենքով ընդունելի վայրեր: