News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկում ապրիլի 17-ի ուշ երեկոյան տեղի ունեցած զանգվածային անկարգությունների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 3 անձի։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

2018թ. ապրիլի 17-ին՝ ժամը 23-ի սահմաններում, Երեւան քաղաքի Մաշտոցի պողոտայի եւ Թումանյան փողոցի հատման խաչմերուկում տեղի են ունեցել զանգվածային անկարգություններ, որի  ժամանակ ոչնչացվել եւ վնասվել է տարածքում առկա հանրային գույքը՝ վտանգելով հասարակական անվտանգությունը։ Քննությամբ պարզվել է զանգվածային անկարգության մասնակիցներից երեքի ինքնությունը, անհատականացվել նրանցից յուրաքանչյուրի գործողությունները։

Քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 1986թ. ծնված Զ.Բաղդատյանը, Ռ.Մուրադյանը եւ 2000թ. ծնված Վ.Բարսեղյանը մասնակցել են ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի կողմից 2018թ. ապրիլի 13-ից Երեւան քաղաքում կազմակերպված հավաքներին եւ երթերին, տարբեր օրերի հավաքների մյուս մասնակիցների հետ արգելափակել  տարբեր փողոցներ՝ խաթարելով երթեւեկության բնականոն ընթացքը:

Դեպքի օրը՝ 2018թ. ապրիլի 17-ին, Երեւան քաղաքի տարբեր փողոցներով տեղի ունեցած քայլերթից հետո Հայաստանի Հանրապետության հրապարակում կազմակերպվել է հավաք, որին մասնակցել են նաեւ վերոնշված անձինք: Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հավաքից հետո դրա մասնակիցները այն շարունակել են Երեւան քաղաքի «Ֆրանսիայի» հրապարակում: Որոշ մասնակիցներ, նրանց թվում՝ Զ.Բաղդատյանը, Ռ.Մուրադյանը եւ Վ.Բարսեղյանը, վրդովված ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից Երեւան քաղաքի «Ֆրանսիայի» հրապարակում չհավաքվելու եւ երթեւեկությունը չխաթարելու օրինական պահանջից, ժամը 23-ի սահմաններում գնացել են Երեւան քաղաքի Մաշտոցի պողոտայի եւ Թումանյան փողոցի հատման խաչմերուկ, որտեղ սկսել են կատարել զանգվածային անկարգություններ:

Այդ ընթացքում զանգվածային անկարգությունների մասնակիցները, վտանգելով հասարակական անվտանգությունը, խաթարել են երթեւեկության բնականոն ընթացքը, ձեռքերով, ոտքերով, տարատեսակ առարկաներով ոչնչացրել եւ վնասել են նշված տարածքում առկա լուսացույցերը, ճանապարհային երթեւեկությունը կարգավորող նշանները, ցուցանակները, նստարանները, գովազդային վահանակները, իրական վտանգ են ստեղծել անցորդների կյանքի ու առողջության համար, քարերով, մետաղյա իրերով հարվածներ են հասցրել հասարակական կարգը եւ անվտանգությունն ապահովելու նպատակով նշված վայր ժամանած ոստիկանության երեք ծառայողական ավտոմեքենաներին:

Նկարագրված զանգվածային անկարգությունների ժամանակ դրա մասնակից Զ.Բաղդատյանը կոտրված նստարանի մետաղյա կտորով հարվածել է խաչմերուկում տեղադրված լուսաֆորին, մի խումբ անձանց հետ փորձել է տեղահան անել այն, այնուհետեւ քար եւ կոտրված նստարանի մետաղյա կտոր է նետել հասարակական կարգն ու անվտանգությունն ապահովելու նպատակով նշված վայր ժամանած «HYUNDAI» մակնիշի 437 II 02 հաշվառման համարանիշի ոստիկանական ավտոմեքենայի ուղղությամբ՝ կոտրելով դրա ապակին, իրական վտանգ ստեղծելով հիշյալ ավտոմեքենայում գտնվող ոստիկանության ծառայողների կյանքի եւ առողջության համար: Ռ.Մուրադյանը մետաղյա առարկայով հարվածել է խաչմերուկում տեղադրված լուսաֆորին՝ վնասելով այն, ապա հարվածել գովազդային վահանակին՝ կոտրելով այն։ Վ.Բարսեղյանը մի քանի այլ անձանց հետ փորձել է տեղահան անել խաչմերուկում տեղադրված լուսաֆորը, վնասել այն, պոկված ճանապարհային նշանով փորձել արգելափակել ճանապարհը։

Քրեական գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Զ.Բաղդատյանին, Ռ.Մուրադյանին եւ Վ.Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով եւ միջնորդություն ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ։

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ անկարգությունների բոլոր մասնակիցներին հայտնաբերելու եւ նրանց գործողություններին համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ։

Քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալները վկայում են, որ ապրիլի 17-ին տեղի ունեցած զանգվածային անկարգություններին ակտիվ մասնակցություն են ունեցել նաեւ նշված լուսանկարներում պատկերված անձինք։

Ովքեր ճանաչում են նրանց կամ որեւէ տեղեկություն ունեն նրանց ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչություն կամ ոստիկանության մոտակա բաժին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
101-րդ օրվա անելիքը. հանել ուժայիններին բիզնեսից, ամրացնել կենտրոնացված կառավարումը եւ չբարիկադավորվել
Վերադարձ հնին հնարավոր չէ, բայց ապագայի տարբերակները շատ են…
Որոշվել է սեղմ ժամկետներում կասեցնել ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները. ԵԿՄ փոխնախագահ
ԵԿՄ ազատամարտիկներն ու ԵԿՄ վարչության անդամները խստորեն դատապարտում են տեղի ունեցած...
Արտակ Մանուկյանը նշանակվել է վարչապետի խորհրդական
Ամեն ինչ կանեմ, որ արդարացնեմ ու արժանի լինեմ նման վստահությանը։ Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը...
Սուպերվարչապետությունը պետք է վերանա, բայց դա չի նշանակում, որ իշխանությունը պետք է հավասար բաշխվի. ՀՀ վարչապետ
Հայաստանում էլ իշխանությունը երբեք հավասար բաշխված չի լինելու, որովհետեւ պետք է հստակ լինի, թե ով է իշխանության պատասխանատուն…
Ժողովուրդն իր հաղթանակը չի կորցնի. Փաշինյանը՝ արտահերթ ընտրությունների հնարավոր արդյունքների մասին
Ես համոզված եմ, որ ընտրությունների արդյունքում ժողովուրդը կտոնի իր հաղթանակը...
Անկախ նրանից, թե ինչ փաթեթավորմամբ հետ կկանգնենք ընտրական օրենսգրքից, դա կլինի նահանջ. Արփինե Հովհաննիսյան
Ընտրական օրենսգրքի ընդունումը պետք է լինի նույն ոճով ու ձեւաչափով, որով ընդունվել է ներկա ԸՕ-ն…
Ամենաշատ