Բարձր տեխնոլոգիական հայկական ընկերությունները ոչ նախկին, ոչ էլ ներկայիս կառավարության ժամանակ բանակից պատվերներ չեն ստացել: Այս մասին «Նոյան Տապան» տեղեկատվական կենտրոնի «Քննարկում» հաղորդման եթերում հայտարարել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE)  գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Նրա խոսքով, Հայաստանի զինված ուժերը, չունենալով բարձր տեխնոլոգիական զենքեր, չեն օգտագործում հայ ինժեներների պատրաստի աշխատանքները, մինչդեռ այդ ոլորտում երկիրը մեծ ներուժ ունի:

 «Այդ իմաստով ես տարբերություն չեմ տեսնում ներկայիս եւ նախկին իշխանությունների միջեւ, բայց հույս ունեմ, որ 2-3 ամսից իրավիճակը կփոխվի եւ մենք չենք ապավինի միայն Ռուսաստանի օգնությանը»,- նշել է Կարեն Վարդանյանը:

Մինչ այդ, շարունակել է նա, 2016-ի ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ ապագա պատերազմները բարձր տեխնոլոգիական կլինեն եւ այդ ոլորտի մասնագետները պետք է իշխանությունների վրա ճնշում գործադրելու  ճանապարհով զինված ուժերում ժամանակակից զենքերն առաջ տանեն:

«Չպետք է թույլ տալ, որ բյուրոկրատական կառույցները որոշեն պետք է ողջ մնաս թե ոչ»,- նշել է նա: