News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանին կից Կոնֆուցիուսի ինստիտուտի տնօրեն Յան Մեյխուայի կարծիքով հայերենն ավելի բարդ լեզու է, քան չինարենը: Չինացի  մանկավարժն ու փիլիսոփան NEWS.am-ի հետ հարցազրույցում պատմել է Հայաստանում չինարենի  ուսուցման,   կրթական ոլորտում իրականացվող ծրագրերի եւ դրանց հեռանկարների մասին:

Տիկին Յան, խնդրում եմ պատմել Ձեր մասին, երբվանի՞ց եք Հայաստանում  եւ ի՞նչ առաքելությամբ։

2014 թվականին ժամանեցի Հայաստան ու միանգամից սիրեցի այս երկիրը՝ հնագույն քաղաքակրթությամբ, որի պատմությունը ինձ շատ է տպավորում: Ես Բրյուսովի անվան օտար լեզուների եւ հասարակագիտության համալսարանի կազմում գործող Կոնֆուցիուսի ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրենն եմ՝ չինական կողմից: Իմ առաքելությունն է՝օգնել հայ ժողովրդին սովորել չինարեն եւ ճանաչել չինական մշակույթը, ստեղծել երկու ազգերի միջեւ հոգեւոր կամուրջ եւ նպաստել նրանց փոխըմբռնմանը:

Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում արդեն մի քանի տարի է ՝ գործում է Կոնֆուցիուսի ինստիտուտը, տեղյակ ենք՝ չինարենի ուսուցման գործընթացներ եք կազմակերպում, դպրոցներում չինարենի դասարաններ բացում։ Դրանից բացի ի՞նչ ծրագրեր եք իրականացնում եւ ինչ նպատակներ ունե՞ք  առաջիկայում։  

Կոնֆուցիուսի ինստիտուտը Հայաստանում սկսեց գործել 2009 թվականից՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պետական գլխամասային գրասենյակի (Հանբան) եւ Բրյուսովի անվան համալսարանի փոխհամաձայնությամբ: Կոնֆուցիուսի ինստիտուտի գործընկեր ԲՈՒՀ-ը Չինաստանի Դալյանի համալսարանն է: 

Արդեն 2016 թվականին Կոնֆուցիուսի ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղը Կոնֆուցիուսի ինստիտուտի 512 մասնաճյուղերի մեջ ճանաչվեց աշխարհում լավագույնը:

Կոնֆուցիուսի ինստիտուտի գործունեությունը բաժանվում է մի քանի հիմնական ուղղությունների, որոնցից կարեւորագույնը չինարեն լեզվի տարածումն է Հայաստանի ազգաբնակչության շրջանում, ինչպես նաեւ պետական եւ ոչ պետական հանրակրթական դպրոցներում:

2015 թվականին կրթության եւ գիտության նախարարության կողմից հաստատվեց Չինարեն լեզվի ծրագիրը 5-11-րդ դասարանների համար: Այս պահին ՀՀ երեք դպրոցներում չինարենն ուսումնասիրվում է որպես 3-րդ օտար լեզու, իսկ ավելի քան տասը հաստատություններում գործում են չինական կրթամշակութային կենտրոններ, այդ թվում՝ Երեւանի պետական համալսարանի եւ Ռուս-սլավոնական համալսարանի կենտրոնները: Երեւանի Ա. Չեխովի անվան հմ.55 հիմնական եւ Անդրանիկ Մարգարյանի անվան համար 29 ավագ  դպրոցներում գործում են Կունֆուցիուսի դասարաններ:

Չինարեն սովորողների թիվը մեծանում է, եւ այսօր չեն բավարարում տեղացի ուսուցիչները: Այս նպատակով Կոնֆուցիուսի ինստիտուտը 2016 թվականից իրականացնում է վերապատրաստումներ հայ ուսուցիչների համար, որոնց մասնակցելեն 16 տարբեր հաստատությունների ուսուցիչներ: Արդեն իրականացվում է չինարենի հայազգի ուսուցիչների ընտրություն, իսկ հետագայում նախատեսվում է այս ծրագիրն իրականացնել ԿԳՆ-ի հետ համատեղ: 

Կոնֆուցիուսի ինստիտուտի մեկ այլ կարեւոր գործառույթ է մշակութային եւ գիտական միջոցառումների կազմակերպումը, ինչը հնարավորություն է տալիս երկու պետությունների միջեւ փորձի փոխանակում իրականացնել: Մշակութային միջոցառումները, որոնք հրաշալի հնարավորություն են ստեղծում ծանոթանալ չինական մշակույթին, կազմակերպվում են հասարակական վայրերում:

Հայ ժողովրդի շրջանում մեծ ճանաչում են գտել Հանբանի կողմից կազմակերպվող՝Չինաստանում ամենամյա ամառային ճամբարները (մեկնել է ավելի քան 190 մասնակից), HSKեւHSKK չինարեն լեզվի քննությունները, որոնք հնարավորություն են տալիս կրթաթոշակով սովորել Չինաստանում (մասնակցել էավելի քան 130 կրթաթոշակառու), «Դպրոցների տնօրենների եւ ուսումնական կենտրոնների ղեկավարների այցելություն Չինաստան» (մասնակցել է ավելի քան 30 ղեկավար): Հարկէ նշել, որ ՉԺՀ դեսպանատունը եւ ՀՀ կառավարությունը մեծաջակցություն են ցուցաբերում Կոնֆուցիուսի ինստիտուտին:

Չինարենը աշխարհի բարդ լեզուներից է: Հայաստանում չինարենի նկատմամբ ի՞նչ հետաքրքրություն  կա։ Հայերը հեշտությա՞մբ են սովորում։ Ի՞նչ խնդիրների եք հիմնականում բախվում։

Իրականում չինարենը աշխարհի ամենաբարդ լեզուներից մեկնէ, բայց մենք բոլորին բացատրում ենք, որ չինարենի նկատմամբ վախն անհիմն է. Չինական հիերոգլիֆները հեշտորեն մտապահելու համակարգ է գործում: Գլխավորը՝ամեն ինչ սիրով անելն է: Մեր չինացի ուսուցիչները դասավանդում են տարբեր ԲՈՒՀ-երում եւդպրոցներում: Ուզում եմ նշել, որ շնորհիվ դասավանդման չինական մեթոդների՝ նրանք գերազանց են աշխատում ուսանողների հետ, չնայած դպրոցականների հետ երբեմն դժվար է լինում՝ կարգուկանոնի առումով: Սակայն դպրոցների տնօրեններն ու մանկավարժները շատ են օգնում մեր մասնագետներին: Ամեն շաբաթ մենք նոր ուսումնական խաղեր ենք ներդնում, որպեսզի տարրական խմբերում դասն ավելի հետաքրքիր դառնա:  Ես կարծում եմ՝ հայերենն ու ռուսերենը չինարենից ավելի բարդ լեզուներ են: Հայերը խելացի են եւ ընդունակ, նրանք բավականաչափ արագ են յուրացնում օտար լեզուները:

Տեղյակ ենք, որ չինարենը որպես երրորդ օտար լեզու մի քանի տարի է՝ ներդրվել է Երեւանի Ա. Չեխովի անվան N 55 հիմնական դպրոցում։ Հետաքրիր էո՞ր կողմն  է մշակում ուսուցման մեթոդը, ծրագրերը, ո՞ւմ նախաձեռնությամբ է մշակվել եւ ներդրվել ծրագիրըովքե՞ր են դասավանդում չինարեն։

Արդեն 4 տարի է՝ չինարենը որպես երրորդ օտար լեզու հաջողությամբ դասավանդվում է Չեխովի անվան հմ.55 հիմնական դպրոցում: Ծրագիրը մշակվել եւ իրականացվում է համատեղ ուժերով: Չինարեն ուսումնասիրում են 5-րդ դասարանից սկսած,եւ դասավանդում են չինացի փորձառու եւ արհեստավարժ մանկավարժներ, որոնք ոչ միայն չինարեն են դասավանդում, այլ նաեւ ծանոթացնում չինական մշակույթին:

Դպրոցում հաճախ են իրականացվում բաց դասեր, թեյի արարողություններ, կալիգրաֆիայի (վայելչագրության) դասեր, լեզուների դասավանդման վարպետաց դասեր: Մենք Չեխովի անվան դպրոցի հետ միասին իրականացնում ենք երաժշտական, մշակութային միջոցառումներ, ամեն տարի նշում ենք չինական նոր տարին (երեխաներն ասում են, որ այս տոնը նրանց համար դարձել է ամենասպասվածն ու սիրելին): Այս դպրոցի հետ համագործակցության փորձից հիմքեր ունենք մտածելու,  որ մշակված ծրագիրն արդյունավետ է, մենք ճիշտ ուղու վրա ենք, եւ չինարեն լեզուն Հայաստանում մեծ պահանջարկ ունի: Հույս ունենք՝ մեր համագործակցությունը նպաստում է հայ-չիանական հարաբերությունների ամրապնդմանը:

Նպատակ ունե՞ք ընդլայնել ցանկը, երեւանյան այլ եւ մարզերի դպրոցներում եւս ներդնել  չինարենի ուսուցման ծրագրեր։

Մենք շատ կուզենայինք ընդլայնել մեր համագործակցությունը Հայաստանի այլ դպրոցների հետ նույնպես: Այս պահին ցանկացողների թիվը շատ մեծ է, բայց ցավոք սրտի, մեր չինացի մասնագետները չեն բավարարում, եւ մենք ստիպված քչերի հետ ենք համագործակցում: Այս պահին մեր նպատակն է վերապատրաստել չինարենի հայազգի մասնագետներին, որոնք կօգնեն մեզ իրականացնել համագործակցությունը շատ այլ դպրոցների հետ եւս:

Որո՞նք են չինական եւ հայկական դպրոցներում կրթության կազմակերպման առանձնահատկությունները, նմանություններն ու տարբերությունները:

Եթե համեմատենք հայ եւ չինացի սովորողներին, ապա կուզենայի ընդգծել, որ չինացի երեխաներն ավելի հնազանդ են եւ կարգապահ: Չինաստանում մեկ դասարանում սովորում է գրեթե 50 աշակերտ, եւ նրանք բոլորը շատ հարգալից են ուսուցչի նկատմամբ, ենթարկվում են նրան: Ես նկատել եմ, որ հայ երեխաները շատ հետաքրքրասեր են եւ ակտիվ, ինչը նրանց խանգարում է ամբողջովին կենտրոնանալ դասի ընթացքում: Չինաստանում ուսուցչի հեղինակությունը շատ բարձր է: Ուսուցիչները հարգված մարդիկ են, եւ ցանկացած ոլորտի հեղինակավոր անձանց մեծարում են «լաոշի» (ուսուցիչ) դիմելաձեւով:

Երեխաները մանկուց տեսնում եւ զգում են, թե ինչ հարգանքով են իրենց ծնողները վերաբերվում ուսուցիչներին: Եվ դա շատ դրական ազդեցություն է ունենում ուսումնական գործընթացի վրա: Ուսուցիչը երեխաների համար խորհրդատու է ոչ միայն դասարանում, այլ նաեւ կյանքում: Չինաստանում մի ասացվածք կա՝ «Մի օր ես կսովորեմ քեզ մոտ՝ողջ կյանքում կլինես իմ հայրը»: Ուսուցչի անառարկելի հեղինակության շնորհիվ՝ դպրոցում կարգապահական լուրջ խնդիրներ չեն առաջանում: Ծնողը անչափ մտահոգ է իր երեխայի առաջադիմության եւ կարգապահության համար, քանի որ դա կանդրադառնա իր հեղինակության վրա՝անկախ զբաղեցրած պաշտոնից: Այս ամենը նպաստում են կրթության որակի բարձրացմանը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ