News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայեցակարգում սահմանվել է, որ կոալիցիաների ձեւավորման արգելափակումը, որը ենթադրում է , որ միայն երեք ուժ կարող է ձեւավորել կոալիցիա, հանվում է, եւ առհասարակ թվային սահմանափակում չի նախատեսվելու։  Այդ մասին այսօր՝ հուլիսի 13–ին, ասաց վարչապետին կից ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոնիսյանը ԱԺ խմբակցությունների Ընտրական օրենսգրքի փոփոխությունների աշխատանքային խմբի  նիստին։

Նա նաեւ տեղեկացրեց, որ անդրադարձ է եղել կանանց թվի քվոտային. «Այն կարգավորումները, որոնք գործող ընտրական օրենսգրքով պետք է ուժի մեջ մտնեին հաջորդ հերթական ընտրությունների ժամանակ, դրանք ուժի մեջ կմտնեն արդեն արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ»։

Դավիթ Հարությունյանն անհամաձայնություն հայտնեց կոալիցիա ձեւավորելու համար նախատեսված արգելափակումը հանելուն. «Դա հանգեցնելու է անկայուն կառավարման։ Պատկերացնենք՝ ինչ–որ կուսակցություն ստացել է մի քիչ պակաս ձայներ, որ ունենա մեծամասնություն, մնացած ձայները բախշվել են շատ տրոհված ձեւով փոքրիկ քաղաղաքական ուժերի միջեւ, որոնք շատ մեծ հեղինակություն չունեն հանրության շրջանում։ Արդյունքում, եթե բոլորին գումարենք ընդդեմ մեծի, մենք կստանանք մեծամասնություն, բայց ինչքանով է այնտեղ լինելու միակարծություն եւ իրենց ձեւավորած գործադիր իշխանությունը կլինի կայուն, այ դա ամենամեծ հարցն է։ Կարծում եմ՝ նման քայլով մենք ավելի անկայուն քաղաքական համակարգի նախադրյալներ ենք ստեղծում»։

Հարությունյանը նշեց, որ եթե առաջարկվեր փոփոխել կոալիցիա ձեւավորելու թիվը՝ երեքից դարձնելով չորս, ապա դա իր համար հասկանալի կլիներ, բայց ամբողջովին արգելքի հանումը կհանգեցնի անցանկալի հետեւանքների։

Իր հերթին ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, որ ՀՅԴ–ն ի սկզբանե կողմ է եղել կոալիցիա ձեւավորող քաղաքական ուժերի թվի արգելքի վերացմանը, սակայն տվյալ պարագայում. «Համաձայն եմ, որ ինչքան քիչ լինեն կոալիցիայի անդամ քաղաքական ուժերը, այնքան տարաձայնությունները քիչ կլինեն, բայց մենք չպետք է խուսափենք տարաձայնություններից, որոնք կարելի է շտկել»։

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նշեց, որ ելնելով նախկին փորձից պարզ է դառնում, որ քաղաքական ուժին շատ հեշտ է դուրս գալ կոալիցիայից, ճիշտ կլինի կոալիցիա ձեւավորելու գործընթացը ստանա օրինական ուժ, իսկ կոալիցիա կազմող քաղաքական ուժերը ունենան նաեւ պարտավորություններ։ «Միաժամանակ ես կողմ եմ, որ այդ սահմանափակումը կոալիցիա կազմող քաղաքական ուժերի թվի հանվի»,– նշեց Բագրատյանը։

Գործընկերոջ տեսակետը չկիսեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, նշելով, որ արգելքի հանումը կտանի երկիրը պերմանենտ ցնցումների. « Դա չի բխում արդարության սկզբունքից, դրանով մենք անտեսելու ենք ժողովրդի վստահության քվեն»։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ