2010 թվականի հունիսին Հայաստանի Մարտունի քաղաքից ԼՂՀ Մարտունի 3-րդ պաշտպանական շրջան զորակոչված 18-ամյա Մայիս Աղաբաբյանը կուրացման վտանգի առջեւ է. նրա ձախ աչքը վնասվել է իր ծառայակից Շահեն Աղասյանի կողմից զինվորական գոտու մետաղական մասով հասցված հարվածից: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին պատմեց զինծառայողի մայրը՝ Ռոզա Կարապետյանը՝ տեղեկացնելով, որ փաստի առթիվ Ստեփանակերտի ՌՈ բաժնի կողմից նախապատրաստվել են նյութեր, ՀՀ ՊՆ քննչական ծառայության առաջին կայազորային քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել:
Զինվորի մայրը տեղեկացրեց, որ թեպետ տղայի տեսողությունն օրեցօր վատանում է, սակայն նա շարունակում է գտնվել զինվորական ծառայության մեջ եւ անհրաժեշտ բուժօգնություն չի ստանում։
«Միջադեպից մեկ օր հետո Մայիսին տեղափոխել են Մարտունու, հետո Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ, իսկ այնտեղից ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, որտեղ պարզվել է, որ տղայիս աչքը 7 մմ չափով ճեղքվել է: Ինձ ասացին, որ երեխան պետք շտապ վիրահատության ենթարկվի, բայց վիրահատություն այդպես էլ չարվեց։ Մայիսին 40 օր հոսպիտալում պահելուց հետո հայտարարեցին, որ աչքի 7 մմ-անոց ճեղքը աստիճանաբար փակվում է»,- պատմեց Ռոզա Կարապետյանը։
Զինվորի մայրը տեղեկացրեց նաեւ, որ այս միջադեպը տեղի է ունեցել որդու՝ բանակ զորակոչվելուց 1,5 ամիս հետ. «Հիմա նրան հարվածողը տեղափոխվել է մեկ այլ զորամաս եւ ծառայությունը շարունակում է կարծեմ Գորիսում։ «Տղայիս վիճակն այնքան վատ է, որ երեկ չի կարողացել մասնակցել անգամ հերթական դատական նիստին»,- ավելացրեց նա։
Վերջում Ռոզա Կարապետյանն ասաց, որ հանդիպել եւ իր որդու հետ պատահածի մասին խոսել է նաեւ ՊՆ նախարար Սեյրան Օհանյանի հետ, ով խոստացել է «զբաղվել գործով» եւ հավելյալ նորությունների դեպքում տեղեկացնել իրեն։
Գործին տեղյակ է նաեւ Հայաստանի զինվորական դատախազությունը։ Ինչպես NEWS.am-ին հայտնեցին այնտեղից, փաստի առթիվ քրեական գործը հարուցվել է դեռեւս 2010 թվականի սեպտեմբերի 4-ին:





























