News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Իրավապաշտպանների լռությունը ափսոսանք է առաջացնում, եւ այն կարող է հեռուն գնացող հետեւանքներ ունենալ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտարարեց Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է ինքը գնահատում Հայաստանի իրավապաշտպանների պասիվ դիրքորոշումը՝ կապված քաղաքական վերջին զարգացումների հետ։

Նրա խոսքերով՝ պետք է հասկանալ, թե իրավապաշտպան կազմակերպությունների եւ իրավապաշտպանների որ մասն է ղեկավարվել իրավական մշակույթի սկզբունքներով, իսկ որ մասն է այդ գործունեությունը համարել միայն այլ նպատակներին հասնելու միջոց եւ չարաշահել մարդու իրավունքների պաշտպանության գաղափարախոսությունը։

Այն հարցին, թե ինչի հետ է կապված, իր կարծիքով, իրավապաշտպանների լռությունը, Մելիքյանը պատասխանեց՝ կրկնելով, որ պետք է հասկանալ՝ ով է նրանցից իրավապաշտպանի գործունեությունը դիտարկել իր շահերից ելնելով։ «Ես մեծ ցավ եմ ապրում, որ տվյալ պահին մենք չունենք այն արդյունավետ իրավապաշտպան համակարգը, որը գործում էր երկար տարիներ եւ կարեւոր զսպիչ գործոն էր։ Եւ այսօր այդ զսպիչ գործոնը մեր երկրում բացակայում է։ Դա տխուր իրողություն է։ Սակայն, կարծում եմ, որ դաշտը երկար դատարկ չի մնա»,- ասաց նա։

Մելիքյանը կոչ արեց այս իրավիճակը կոնկրետ անձերի հետ չկապել։ «Ցանկացած գործադիր իշխանություն ձգտում է իր իրավասությունների ընդլայնմանը, եւ հենց իրավապաշտպան համակարգն է այդ զսպիչ մեղանիզմը։ Մենք տեսնում ենք իրական իրավական խնդիրներ, որոնք համապատասխան գնահատական չեն ստանում առաջին հերթին գործադիր իշխանության կողմից, երկրորդ հերթին, ինչը ավելի շատ է ափսոսանք առաջացնում, իրավապաշտպան համակարգի կողմից»,- նշեց նա։

Պատասխանելով այն հարցին,թե կարելի է արդյոք ասել, որ ինքը մտավախություն ունի, որ ընտրություններից հետո դա կհանգեցնի իշխանությունների կողմից ավտորիտարիզմի, Մելիքյանն ասաց․ «Չէի ասի մտավախություն, ավելի շուտ՝ անհանգստություն։ Այո, ես անհանգստացած եմ, որ դա կարող է տեղի ունենալ։ Բայց ես դա կապում եմ ոչ քաղաքական անձանց, այլ համակարգային դրսեւորումների հետ»։ Այն ակնարկին, թե համակարգային դրսեւորումներն այս կամ այն կերպ կապված են անձանց հետ, Մելիքյանը պատասխանեց, որ ամեն դեպքում կարեւորը ինստիտուտներն են․ «Տվյալ դեպքում պետք է լինեն հասարակական ինստիտուտներ, որոնք կհավասարակշռեն հասարակության մեծ մասի աջակցությունը ունեցող գործադիր իշխանությանը։ Երբեմն հենց գործադիր իշխանությանը այսքան ուժեղ հզոր աջակցությունը կարող է վտանգավոր լինել, այդ թվում՝ մարդու իրավունքների պաշտպանության համատեքստում։ Իսկ մենք այժմ հակակշռի մեխանիզմ չունենք»։

Նրա կարծիքով՝ կձեւավորվեն նոր ինստիտուտներ, կուժեղացվեն գոյություն ունեցող ինստիտուտները։ «Դա կարելի է դիտարկել այն հասարակության հասունացման գործընթացի համատեքստում, որը, հուսով եմ, կբերի հասարակական ինստիտուտների ուժեղացմանը։ Ես վստահ եմ, որ հաջողության գրավականը հասարակական ուժեղ ինստիտուտների մեջ է, եւ կարծում եմ՝ կհասնենք դրան։ Շատերին թվում էր, թե այդպիսի ինստիտուտներ մենք ունենք, սակայն վերջին իրադարձությունները ցույց տվեցին, թե որքանով են դրանք սերտորեն կապված քաղաքական կոնկրետ իրավիճակի հետ»,- ամփոփեց Մելիքյանը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ