Կառավարությունը բարձունք է հանձնում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է պաշտպանության նախկին նախարար, ՀՀԿ առաջին փոխնախագահ Վիգեն Սարգսյանը:
Նա, մասնավորապես, գրել է. «Փորձում են կոմերցիոն նպատակներով օտարել Դիլիջանում տեղակայված Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի գույքը:
Ինձ հասած տեղեկություններով պետգույքի կառավարման վարչությունն ակտիվ գործընթաց է սկսել այդ ուղղությամբ: Համարել են, որ դա բանակին, հատկապես` կուրսանտներին շատ կլինի: Չէի հավատում, քանի որ աղբյուրը պետգույքի վարչության տեխնիկական աշխատակից էր, բայց այսօր տեղեկությունն անձամբ ինձ հաստատեց ՊՆ բարձրաստիճան մի պաշտոնյա:
Այն, ինչ մեկ տարում դարձավ տարածաշրջանի լավագույն ռազմական դպրոցը, այն ինչով կարող էինք դեպի սպայական ծառայություն գրավել մեր ամենապայծառ եւ կարող երիտասարդներին` փոշիացվելու է:
Եթե երեկ պետք չէր ռազմահայրենասիրական դաստիարակություն, ապա այսօր, փաստացի, պետք չէ նաեւ ռազմական կրթություն:
Կոչ եմ անում մեր ողջ հասարակությանը, յուրաքանչյուր հայրենասեր մարդու կանգնել պաշտպանության նախարարության կողքին եւ թույլ չտալ զրկել մեր ապագա սպաներին լավագույն կրթական հնարավորություններից:
Մոնթե` ճանապարհ դեպի բարձունք»:





























