Հայերը, ալավիտները եւ մյուս քրիստոնյաները շարունակում են Թուրքիայում քսենոֆոբիական արտահայտությունների եւ խտրականության զոհ մնալ: Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի մարդու իրավունքների վիճակի մասին ամենամյա զեկույցում:
Զեկույցի համաձայն՝ հայ բառը դեռեւս շարունակում է տարածված վիրավորական արտահայտություն լինել:
Քրիստոնեական եւ հրեական երկրպագության վայրերի վրա հարձակումները հազվագյուտ երեւույթ էին, սակայն ապրիլի 29-ին վանդալները ազգայնական գրաֆիտի էին նկարել եւ աղբ նետել Ստաբուլի հայկական եկեղեցու մոտ:
Կառավարական մարմիններն, այդ թվում ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն դատապարտել էր հարձակումը եւ հետաքննություն սկսել, որի արդյունքում մեկ կասկածյալ էր ձերբակալվել:
Հրանտ Դինքի հիմնադրամի զեկույցի համաձայն՝ հունվար-ապրիլ ժամանակահատվածում հրապարակված ազգային եւ տեղական թերթերի վերլուծության ժամանակ ատեցողական արտահայտությունների 3076 դեպք է հայտանբերվել՝ ուղղված ազգային, էթնիկական եւ կրոնական խմբերին: Թիրախային խմբեր են եղել հայերը, հրեաները, հույները եւ սիրիացիները:
Զեկույցում նաեւ նշվում է, որ ապրիլի 25-ին Ստամբուլի ոստիկանությունը որոշ ժամանակով ձերբակալել էր երեք իրավապաշտպանների Ստամբուլում ապրիլի 24-ի ակցիայի ժամանակ պաստառներին ցեղասպանություն բառն օգտագործելու համար: