
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է չինական ներմուծման վրա լրացուցիչ մաքսատուրքեր սահմանելու մասին, եթե G20-ից հետո չհաջողվի Չինաստանի հետ առեւտրային գործարք կնքել:
CNBC-ի հետ զրույցում Թրամփը նշել է, որ չինական Huawei Technologies տեխնոլոգիական հսկայի հետ կապված վեճերը կարող են դիտարկվել ԱՄՆ-Չինաստանի առեւտրային գործարքի շրջանակում: Նրա խոսքով՝ եթե Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ հունիսի վերջին Օսակայում «Մեծ քսանյակի» շրջանակում հանդիպումը չկայանա, ապա մաքսատուրքերն անհապաղ ուժի մեջ կմտնեն:
ԱՄՆ նախագահը կրկին քննդատել է Չինաստանին յուանի դեվալվացիայի համար, որով «անարդար առավելություն» է ստեղծվում առեւտրում:
«Նրանք արժեզրկում են իրենց արժույթը: Դա կոնկրետ առավելություն է տալիս նրանց, իսկ մենք առավելություն չունենք, քանի որ ունենք Դաշնային պահուստների համակարգ, որը չի նվազեցնում տոկոսադրույքները»,- ասել է Թրամփը: