News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Գործարար Սիլվա Համբարձումյանն ու իր ներկայացուցիչն այսօր չէին ներկայացել Երեւան քաղաքի դատարանի Աջափնյակի նստավայր, որտեղ նշանակված էր Մանվել Գրիգորյանն ընդդեմ Սիլվա Համբարձումյանի գործով առաջին նախնական դատական նիստը։

Դատավոր Նաիրա Ավետիսյանը տեղեկացրեց, որ Համբարձումյանը ծանուցված չի եղել, ինչի համար էլ դատական նիստը հետաձգվեց։

Նշենք, որ քաղաքացիական գործով դատարանում Գրիգորյանի շահերը ներկայացնում է փաստաբան Կարեն Ղոնյանը։

Մանվել Գրիգորյանը Սիլվա Համբարձումյանից պահանջում է պատվին, արժանապատվությանը պատճառված վնասի հատուցում: Հայցադիմումը դատարան է ներկայացվել հունվարի 29-ին։

Հայցի համար հիմք է հանդիսացել Գրիգորյանի հասցեին Սիլվա Համբարձումյանի կողմից նախորդ տարի արված հայտարարություններից մեկը։

Նշենք, որ Համբարձումյանը լատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում հայտարարել էր՝ «Մանվելը էրեխեք է բռնաբարել»: Գործարարը նշել էր, որ իր ասածի վերաբերյալ փաստեր ունի:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը ներկայումս գտնվում է կալանքի տակ։ Հունիսի 6–ին նրա վիճակը կալանավայրում կտրուկ վատացել է և նրան տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց։

Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու եւ շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու համար:

Տպել
Ամենաշատ