News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանում կորոնավիրուսի համավարակի տարածումից ի վեր կառավարությունը ավելի քան 31 մլն դրամ է հատկացրել «Կրի՛ր, որ կրենք» կարգախոսով պաստառների տպագրության, տեղադրման և գովազդային արշավի հետ կապված այլ ծախսերի համար։ Այս մասին NEWS.am–ը տեղեկացավ՝ ուսումնասիրելով վարչապետի աշխատակազմի՝ մեկ անձից կատարված գնումները։

Վարչապետի աշխատակազմը այս ամիսների ընթացքում «Կրիր դիմակ, փրկիր կյանքեր» խորագրով գովազդային արշավի համար միայն 12,6 մլն դրամի գնում է կատարել «Աութդոր Էֆեկտ» ՍՊԸ գովազդային գործակալությունից։ Օրինակ՝ սեպտեմբերի 15–ին կնքված պետական գնման պայմանագրի համաձայն՝ 3.678.000 դրամի դիմաց հիշյալ ընկերությունը պարտավորվել է Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում տեղադրված 40 գովազդային վահանակների վրա առնվազն մեկ ամիս ժամկետով ցուցադրել «Կրի՛ր, որ կրենք» խորագրով գովազդային պաստառները։ Նշենք, որ հիշյալ ընկերությունը վարձակալությամբ տնօրինում է նաև Երևանի հասարակական տրանսպորտի կանգառներում տեղադրված կանգառասրահները և կանգառանշանները։

Կառավարությունը ընդհանուր առմամբ 5,9 մլն դրամ էլ հատկացրել է «ԻՄԻՋ Մ.Գ.» գովազդային գործակալությանը մարզերում դիմակ կրելու թեմայով գովազդային վահանակների տեղադրման համար։ Եվս 3,3 մլն դրամ էլ հատկացվել գովազդային ծառայություններով զբաղվող երեք այլ ընկերությունների՝ «Եվրո Ստուդիո» ՍՊԸ–ին, «Նուշիկյան Ասոցիացիա» ՍՊԸ–ին և «ԷԳԱ» ՍՊԸ–ին։

COVID–19–ի կանխարգելման նպատակով իրականացվող գովազդային արշավի շրջանակներում պաստառների ձևավորման և տպագրության համար վարչապետի աշխատակազմը 3,2 մլն դրամ հատկացրել է «ԲԻԹԻԷԼ ՍԵՐՎԻՍԻՍ» ՍՊԸ–ին, և 2 մլն 700 հազար դրամ էլ՝ Ա/Ձ Նոննա Իսաջանյանին՝ գովազդային արշավի կազմակերպման նպատակով լուսանկարչական ծառայությունների մատուցման համար։

Նշված բոլոր գնումները կատարվել են ոչ մրցակցային եղանակով, այլ կերպ ասած՝ մեկ անձից, թեև նման ընթացակարգով գնումները պետք է իրականացվեն բացառիկ դեպքերում։

Հիշեցնենք՝ «Կրիր դիմակ, փրկիր կյանքեր» խորագրով գովազդային արշավի շրջանակներում դեռևս հունիսից ողջ հանրապետությունում հայտնվեցին «Կրի՛ր, որ կրենք» գրությամբ պաստառները, որոնց վերաբերյալ բազմաթիվ քննադատություններ հնչեցին սոցցանցերում։ Դժգոհությունները վերաբերվում էին «Կրի՛ր, որ կրենք» խորագրի ընտրությանը։ Ոմանք նկատեցին, որ սա իշխանությունների հերթական գռեհիկ և անճաշակ սոցիալական արշավն է։ Լեզվաբաններն օրինակ նշում էին, որ այս գրությունը անգրագիտության, հայոց լեզվի աղավաղման բացահայտ օրինակ է. ըստ նրանց պետք է լինի «Կրի'ր որ հաղթենք, ոչ թե կրիր որ կրենք»։ Իսկ ինչ վերաբերվում է դիմակ կրելու կոչին, ապա շատերի կարծիքով՝ մեկի դիմակ կրելով չէ, որ մյուսները պետք է սկսեն կրել այն: Ներկայումս դժվար է գնահատել երկիմաստ գրությամբ պաստառների և, առհասարակ այս գովազդային արշավի արդյունավետությունը, քանի դեռ կորոնավիրուսով վարակման և մահվան դեպքերը շարունակվում են։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Դեղը, որը Թրամփը «հրաշք» է անվանել, աշխարհում 17 հազար մարդու մահվան պատճառ է դարձել
Հակամալարիայի դեղամիջոցը նշանակվել է որոշ հիվանդների, որոնք հոսպիտալացվել են COVID-19-ով համաճարակի առաջին ալիքի ժամանակ...
ԵՄ-ը կկորցնի 2,2 մլրդ դոլար COVID-ի դեմ ժամկետանց դեղամիջոցի պատճառով
Եվրոպան COVID-ի պատճառով կկորցնի 2,2 մլրդ դոլար...
Ամենաշատ