News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Եթե  վարչապետը մնա, շատ հնարավոր է՝ փորձի ընտրություններն անցկացնել այնպես, ինչպես դրանք միշտ եղել են, սկսած 1995 թվականից մինչեւ 2017 թվականի ապրիլի 2-ը ներառյալ, երբ ընտրություններն ուղղակի նկարվել են ուժով կամ փողով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։

«Մի քանի խնդիրներ կան, որոնք բարդացնում են ընտրությունների անցակցումը, եւ հարցեր կան, որոնց պատասխանները մինչեւ մենք չիմանանք, չենք կարող պատասխանել հարցին՝ ընտրություններ կլինե՞ն, թե՞ ոչ։ Մասնավորապես, արտահերթ ընտրություններ ասելով ե՞րբ նկատի ունեն, փետրվարի վերջից մարտի սկի՞զբ, հունիս-հուլիսի՞ն, թե՞ նոյեմբեր-դեկտեմբերին։ Երեքն էլ արտահերթ են, բայց տարբեր ժամանակներում են եւ տարբեր արդյունքներ կտան։ Երկրորդ, արտահերթ ընտրություններ անցկացնելու ժամանակ վարչապետը եւ այս կառավարությունն է մնո՞ւմ են, թե՞ փոխվում։ Այդ հարցի պատասխանը չունենք։ Եթե վարչապետը մնա, շատ հնարավոր է՝ փորձի ընտրություններն անցկացնել այնպես, ինչպես դրանք միշտ անցել են Հայաստանում սկսած 1995 թվականից մինեչեւ 2017 թվականի ապրիլի 2-ը ներառյալ, երբ ընտրությունները ուղղակի նկարվել են ուժով կամ փողով։ Մյուս հարցը՝ վարչապետը հեռանում է, բայց կառավարությունը շարունակո՞ւմ է իմքայլականների կողմից նշանակված ժամանակավոր կազմով եւ իմքայլական վարչապետի կողմից, թե՞ ոչ, նա ի՞նչ վերաբերմունք կդրսեւորի արտահերթ ընտրությունների նկատմամբ, առաջադրվելո՞ւ է, թե՞ ոչ, հաջորդ հարցը՝ եթե ձեւավորվում է չեզոք մի կառավարություն ո՛չ «Իմ քայլից», ո՛չ Հայրենիքի փրկության շարժումից, լինում է չեզոք վարչապետ, որն ընդամենը անցկացնում է ընտրություններ, դա կախված է արդեն առաջին հարցից՝ ո՞ր ժամանակահատվածում է անցկացնում։ Հաջորդ հարցը, որի պատասխանը պետք է ստանանք՝ իսկ միգուցե Հայրենիքի փրկության շարժմանը հաջողվում է ձեւավորել կառավարություն եւ վարչապետ նշանակել Վազգեն Մանուկյանին, դա լրիվ ուրիշ արդյունք է ապահովում։ Այսինքն, կախված այս եւ բազմաթիվ այլ հարցերի պատասխանից՝ դժվարությամբ կարող ենք ասել՝ կլինի՞, թե՞ ոչ, որովհետեւ մի խնդիր էլ կա՝ Ռուսաստանի վերաբերմունքը, եւ Արեւմուտքի վերաբերմունքը։ Գաղտնիք չէ, որ Ռուսաստանի գերիշխանությունը Հայաստանում բավականին ուժեղացել է, բայց նաեւ Արեւմուտքն էլ այնքան էլ անտարբեր կարող է չլինել ընտրական գործընթացի նկատմամբ եւ իր վերաբերմունքը դրսեւորի այն օրինական ճանաչելու կամ չճանաչելու գործընթացում, նաեւ թե քաղաքական ինչ ուժեր են մասնակցում։ Մի հարց էլ կա, որի պատասխանը պետք է ստանանք․ իսկ եթե վարչապետը եւ իշխող քաղաքական թիմը որոշում են արտահերթ ընտրությունների գնալ, արդյո՞ք Հայրենիքի փրկության շարժումը ամբողջությամբ համաձայնում է դրան եւ մասնակցում է ընտրություններին, թե՞ պառակտվում է՝ մի մասը մասնակցում է խորհրդարանական ընտրություններին, մի մասը բոյկոտում է։ Բոյկոտելը լինում է պասիվ՝ ասելով՝ մի գնացեք ընտրությունների, թե ընտրատեղամասերն են շրջափակում, խափանում ընտրական գործընթացը։ Մինչեւ այս հարցերի պատասխանները չիմանանք, չենք կարող ասել՝ տեղի կունենան արտահերթ ընտրություններ եւ ինչ պայմաններում։ Առավել եւս, որ մասնագետները նշում են, որ սոցիալ-տնտեսական վիճակը ավելի է վատանալու, եւ դա փետրվար-մարտին կարող է բերել սոցիալական բավականին մեծ լարվածության։ Այսինքն, ոչ միայն բարդ է ասել՝ արտահերթ ընտրություններ կլինեն, թե ոչ, այլեւ թե ինչ արդյունք դրանք կունենան»,- նշել է քաղտեխնոլոգը։

Ըստ Արմեն Բադալյանի՝  այս պահի դրությամբ փաստում ենք, որ այո՝ ճգնաժամ կա, որովհետեւ վարչապետն ունի այնքան ուժ, որ մնում է իշխանության, բայց չունի այնքան ուժ, որ իշխանությունը տարածի ամբողջ երկրով մեկ։

«Նա փաստացի Սյունիք չկարողացավ մտնել, 500-600 ոստիկանի ուղեկցությամբ կարողացավ օդանավակայան գնալ, Եռաբլուր ոստիկանական ճեղքերով բացելով մտավ։ Այսինքն, վարչապետը եւ «Իմ քայլի» ձեւավորած կառավարությունը չունեն այնքան ուժ, որ իշխանությունը տարածեն որպես վարչապետ, ոչ թե որպես Նիկոլ Փաշինյան, ամբողջ երկրով մեկ, բայց ունի այնքան ուժ, որ մնում է վարչապետի պաշտոնին։ Ընդդիմությունն ունի այնքան ուժ, որ թույլ չի տալիս իր նկատմամբ ռեպրեսիաներ կիրառել, բայց չունի այնքան ուժ, որ տապալի վարչապետին։ Ստացվում է, որ իշխող քաղաքական թիմը՝ վարչապետի գլխավորությամբ, եւ ընդդիմությունը՝ Հայրենիքի փրկության շարժումը, համարժեքորեն թույլ են եւ այս պահի դրությամբ չեն կարողանում միմյանց տապալել։ Սա մի փորք աբսուրդային վիճակ է, եւ ինչքան կշարունակվի՝ դժվար է ասել»,- նշել է նա։

ՀՓՇ-ն փողոցային պայքար է մղում եւ այնուամենայնիվ չի հասնում վարչապետի հրաժարականին․ ինչպե՞ս պետք է պայքարի արդյունքի հասնելու համար, հարցին ի պաասխան, քաղտեխնոլոգն ասել է, որ այդ հարցին պետք է իրենք պատասխանեն, որ իր պատասխանը չլինի խորհրդատվություն․

«Պետք է հստակ հասկանան՝ ինչ են ուզում՝ վարչապետի հրաժարական, ինչից է կախված վարչապետը, եւ կոնկրետ այդ խնդիրները լուծեն, որոնք օգնում են Նիկոլ Փաշինյանին մնալ վարչապետի պաշտոնում։ Եթե ճիշտ գտնեն խնդիրները եւ ճիշտ թիրախին հարվածեն, կկարողանան հասնել արդյունքի։ Եթե չկարողացան, ապա կարող է այսպես երկար շարունակվել։ Ի դեպ, պայքարի բազմաթիվ ձեւեր կան՝ փողոցային եւ ոչ փողոցային, եւ այդ ամենը համակարգված պետք է իրականացնել՝  չմոռանալով, որ վարչապետը խորհրդարանում ունի մեծամասնություն»։

Քաղտեխնոլոգը կասկածում է, որ միայն փողոցային պայքարով հնարավոր է հասնել վարչապետի հրաժարականին, ամենայն հավանականությամբ, միայն այս ճանապարհով՝ ոչ, որովհետեւ Հայաստանում էլ պայքարող չկա, հասարակության պայքարող հատվածն, ըստ նրա, արտագաղթել է, ուստի մարդ դուրս չի գալիս։

Իսկ արտագաղթը, Արմեն Բադալյանի խոսքով՝ կշարունակվի․

«Շատ մեծ կլինի եւ դա նկատելի է երիտասարդների շրջանում։ Ընտանիքով մարդիկ   փոքր-ինչ ավելի դժվար են գնում. լեզու սովորելու խնդիր կա։ Կոպիտ դիտարկումներով մարզերից եւ Երեւանից արտագաղթի ուժեղ ալիք է սպասվում, իսկ դա ազդելու է արտահերթ ընտրությունների արդյունքների վրա»։ 

Անդրադառնալով հարցին, թե իշխող խմբակցությունը լքելու գործընթացը կշարունակվի՞, Արմեն Բադալյանն ասել է, որ իշխող թիմի ներկայացուցիչները, որոնք  այսօր մեղադրում են խմբակցությունը լքող պատգամավորներին, լավ կանեն հիշեն, թե երբ 2012 թվականին ԱԺ մտավ Հայ ազգային կոնգրես դաշինքը, դրա կազմում նաեւ ներկայիս վարչապետն էր, եւ ինչպես նա լքեց խմբակցությունն ու մոտ 2 տարի առանձին էր իրականացնում իր պատգամավորական գործունեությունը եւ իր քայլերն ընդհանրապես այլեւս չէր համաձայնեցնում խմբակցության հետ, եւ թող հիշեն, թե ում շնորհիվ նա դարձավ պատգամավոր, ու նաեւ՝ ում ուսապարկն էր հանդիսանում։

«Քննադատողները թող այս դրվագը հիշեն եւ հետո նոր ինչ-որ հայտարարություններ անեն։ Լքողներ էլի կլինեն, թե չեն լինի, կախված է ընդդիմության աշխատանքից, որակյալ աշխատանքի դեպքում կլինեն, իսկ ընդամենը պետք է 15-20 լքող, դրանից հետո իշխանափոխությունը արդեն հստակ տեղի կունենա»,- վստահ է քաղտեխնոլոգը։

Ո՞ւմ վրա է հույս դնում այսօր Փաշինյանը, հավատարիմ թիմակիցներ ունի՞, հարցին ի պատասխան Արմեն Բադալյանն ասել է․

«1990-ականներից, երբ մի գիշերվա ընթացքում ՀՀՇ-ականների կեսը դարձավ երկրապահ, այդ պահից սկսած Հայաստանի քաղաքական համակարգում հավատարիմների ինստիտուտ ըստ էության գոյություն չունի։ Կմնան մարդիկ, որոնք գնալու տեղ չունեն, որովհետև ոչ մի տեղ չեն ընդունվի, որովհետև ոչ թե հավատարիմ են, այլ կա թե չկա, ուսապարկ է, էլի, բայց կան մարդիկ, որոնք կգնան, կախված է ընդդիմության որակյալ աշխատանքից։ Ընդդիմությունն այդ ձայների քանակով է, որ կարող է նախ ռազմական դրությունը չեղյալ հայտարարել, եւ որից հետո նաեւ անվստահություն կհայտնի։ Իսկ դրա համար ընդդիմությանն «Իմ քայլից» 15-20 ձայն է պետք»։

Մոսկվայում ամենակարեւոր՝ գերիների վերադարձի հարցը, չկարգավորվեց, տպավորություն է, թե  իշխանությունը չի գիտակցում իր ձախողումները։ Ի՞նչ եզրակացություններ պետք է անեն այս ամենից հետո, ի պատասխան  քաղտեխնոլոգն ասել է, որ արդեն քառորդ դար իշխանությունը վարդագույն ակնոցով է տեսնում իրականությունը։ 

«Ոչ թե չի գիտակցում, այլ սկսած 1995 թվականից, երբ Հայաստանում  կեղծվեցին ընտրությունները, ցանկացած իշխանություն ամեն ինչ լուսավոր ակնոցով է տեսնում, եւ հենց դառնում է ընդդիմություն, սկսում է արդեն տեսնել իրականությունը։ Նույնը նաեւ այս իշխող քաղաքական թիմի դեպքում է կատարվում. երբ  նրանց լսում ես, թվում է, թե Հանրապետականներն են խոսում, երբ դեռեւս իշխանություն էին, ամեն ինչ լուսավոր էին տեսնում, իսկ հիմա, երբ այլեւս իշխանություն չեն, նոր տեսնում են, որ երկիրը կործանվում է, նույնը կատարվում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ, ամեն ինչ հիմնավորում են, որ ճիշտ է, իրենց ղեկավարը անփոխարինելի է, Հիսուսի առաքյալն է և այլն։ Երբ Նիկոլ Փաշինյանը վարչապետ չի լինի, նոր այդ դեպքում կտեսնենք, թե նրանք ինչ են խոսում, ինչ՝ ոչ։ Ոչ մի եզրակացություն չեն անելու ձախողումից, որովհետեւ նրանք փորձում են ներկայացնել, որ բացի ռազմագերիներից, հիմա էլ տնտեսությունը կաշխատի եւ մենք փող կաշխատենք, լավ կապրենք, իսկ ռազմագերիների հարցով մեղավորը Ռուսաստանն է, որ մեզ չաջակցեց։ Այսինքն, շատ նրբորեն հակառուսական քարոզչություն են իրականացնում եւ ռազմագերիների խնդիրը գցում Ռուսաստանի վրա։ Նրանք այլեւս ոչինչ ի զորու  չեն անել, նրանք ի վիճակի չեն սովորել, եզրակացություններ անել եւ դրանից բխող գործողություններ իրականացնել։ Նրանք, ովքեր դեռեւս ինչ-որ մի բան կարող են անել երկրի համար, նրանք լքում են խմբակցությունը, որովհետեւ խմբակցության մեջ մնալով արդեն  վերածվում են ուսապարկի, ինչպես ասաց կուսակցության խոսնակը, եւ շատ դեպքերում նա ճիշտ դուրս եկավ։ Երբ ասում են ընդդիմություն, կարծես ընդդիմությունը լուսնից է իջել։ Ե՛վ իշխանությունը, ե՛ւ ընդդիմությունը հասարակության ծնունդն են։ Երբ հասարակութունը ծնում է ապիկար իշխանություն եւ թույլ ընդդիմություն, ուրեմն հասարակությունն ինքը թուլացած է եւ դա արդյունք է վերջին 30 տարվա քաղաքականություն»,- ամփոփել է Արմեն Բադալյանը։

Տպել
Ամենաշատ