Հայաստանի գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գրիշա Բաղյանը հերքում է իր եւ Սննդի անվտանգության պետական ծառայության պետ Գրիգոր Գրիգորյանի միջեւ առկա հակասությունների մասին լուրերը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Բաղյանը հայտարարեց, թե իր կողմից Գրիգորյանի նկատմամբ խարդավանքներ կազմակերպելու մասին լուրերը «պրովոկացիաներ են»:

«Իմ եւ պարոն Գրիգորյանի հարաբերությունները շատ լավ են եւ խնդրում եմ այլեւս մի փորձեք իմ եւ նրա միջեւ սեպ խրել, բավարարվեք այսքանով»,-կտրուկ հայտարարեց Բաղյանը եւ անջատեց հեռախոսը:

NEWS.am-ը փորձեց կապվել նաեւ Գրիգոր Գրիգորյանի հետ, սակայն նա հեռախոսազանգերին չէր պատասխանում: Նշենք, որ ըստ մամուլի տեղեկությունների, Սննդի անվտանգության պետական ծառայության նախկին աշխատակիցների հետեւում կանգնած է արդեն փոխնախարար Գրիշա Բաղյանը, ում թույլ տված խախտումների բացահայտմամբ է այժմ զբաղված նոր պետ Գրիգոր Գրիգորյանը:

Գրիշա Բաղյանի` նախարարի առաջին տեղակալ նշանակվելուց հետո տեսչությունում խարդավանքներ են հյուսվում եւ կոնֆլիկտներ հրահրվում: Այս ամենը պայմանավորված է Բաղյանի եւ ծառայության նորանշանակ պետ Գրիգոր Գրիգորյանի լարված հարաբերություններով: Իսկ այդ լարվածության պատճառն այն է, որ Գրիգորյանը գալուց հետո որոշել է ստուգել Բաղյանի գործունեությունն ու ջրի երես հանել այն անօրինականությունները, որոնց պատճառով վարկաբեկվել է այդ ծառայությունը, եւ հանցավոր պայմանավորվածության արդյունքում անթույլատրելի պայմաններում շարունակվել է վաճառվել սննդամթերք: Ըստ մամուլի հրապարակումների` չի բացառվում, որ առաջիկայում Գրիգորյանն աղմկոտ չարաշահումների բացահայտմամբ «ցնցի» նախարարությունը: