Այսօր Վրաստանի խորհրդարանի մոտ քաղաքացիական ակտիվիստները դատարկ սառնարան են բերել, որի վրա գրել են «Ժողովուրդը սովի է մատնված», հաղորդում է Նովոստի-Գրուզիա-ն:
Բողոքի ակցիան Ռուսթավելի պողոտայում անցկացրել է «Միասնական երիտասարդությունը հանուն Վրաստանի» շարժումը: Շուրջ հարյուր մարդ մասնակցել է երկրում գործող սահմանափակումների դեմ եւ պահանջել չեղարկել դրանք:
«Սառնարանը կորցրել է իր գործառույթը, եւ այդպես գրեթե յուրաքանչյուր ընտանիքում: Ուստի իմ կոչը տնտեսությունը բացելուն է ուղղված: Նրանք ունեն ժամանակ մինչեւ փետրվարի 1-ը»,-լրագրողներին ասել է ակցիայի մասնակիցներից մեկը:
Նույն պահանջով ակցիա է անցկացվել նաեւ Թբիլիսիի Ազատության հրապարակում:
Ակտիվիստներն ու ընդդիմադիր քաղաքական կուսակցություններն ակցիա են անցկացրել նաեւ Քութաիսիում: Նրանք կոչ են արել չեղարկել սահմանափակումները ոլորտների գործունեության համար, որոնք ունեն ուղիղ կապ տնտեսության զարգացման հետ:
Ռեստորանային եւ զբոսաշրջային բիզնեսի ներկայացուցիչները անհնազանդության սպառնալիքներ են հնչեցրել. եթե փետրվարի 1-ից իշխանությունները չներկայացնեն տնտեսությունը բացելու հստակ ծրագիր, նրանք խոստանում են վերսկսել աշխատանքը՝ առանց հաշվի առնելու սահմանափակումները:




























