Հայաստանի խորհրդարանի պատգամավորները չեն օգտվում իմիջմեյքերների ծառայություններից, քանի որ կարծում են, որ քաղաքական գործչի, օրենսդիրի իրենց իմիջն իրենցից լավ ոչ ոք չի կարող կերտել: Քաղաքական գործչի իմիջի մասին նրանց պատկերացումները, ինչպես պարզեցին NEWS.am-ի հարցումները, սահմանափակվում են միայն արտաքին տեսքով, մինչդեռ նրանցից քչերը գլխի ընկան, որ արտաքին տեսքից պակաս կարեւոր չեն էթիկայի կանոնների իմացությունը, ինտելեկտը, արտահայտվելու կարողությունը, հումորն ու բարոյական նկարագիրն ընդհանրապես: Այդ է պատճառը, որ խորհրդարանում են հայտնվում մարդիկ, որոնց իմիջը ճիշտ եւ ճիշտ համընկնում է նրանց մականվանն ու «վաստակին»` «բառադի», «լաչառ», «գործ տվող», «ալֆոնս», «մուտիլովշիկ», «նեմեց», «պոնչ», «չբավարարված»….(Այս մականուններից շատերը պատգամավորները գործածում են «նեղ» շրջապատում միմյանց մասին խոսելիս):

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը կարծում է, որ ունի պատգամավորին պատշաճ իմիջ: Խորհդականների կամ խորհրդատուների կարիք չունի, եւ իրեն որպես քաղաքական գործիչ դրսեւորելիս ապավինում է սեփական խելքին ու ճաշակին: Մելիքյանն ասաց, որ երբ նոր էր ոտք դրել քաղաքականություն, իր հասցեին պարբերաբար դիտողություններ էին հնչում, մասնավորապես` ՀՀԿ նախկին նախագահ, նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի կողմից:

«Դիտողությունները վերաբերում էին իմ խոսքին, Մարգարյանը խորհուրդ էր տալիս լինել ավելի զուսպ ու հավասարակշռված»,-անկեղծացավ Մելիքյանը:

Հագուստ ընտրելիս պատգամավորը հաշվի է առնում իր կնոջ կարծիքը, եւ երբեք բրենդային հագուստ չի կրել: Պատճառը` ֆինանսների սղությունն է. Մելիքյանն իրեն համարում է համեստ ապրող մարդ: «Չգիտես ինչու, բոլորը մտածում են, որ ես բրենդային հագուստ եմ կրում, բայց ես նման հագուստ երբեւէ, կյանքում չեմ ունեցել: Ես եթե 300 դոլար արժողությամբ կոստյում եմ հագնում, բոլորին թվում է, թե դա 3 հազար դոլար արժի, սովորական կոստյումը, փաստորեն,երբ ինձ վրա է, թանկ է երեւում»,-անկեղծացավ Մելիքյանը: Նա ձեռնպահ մնաց իր կոլեգաների իմիջի մասին կարծիք հայտնելուց, նշելով միայն, որ բոլոր պատգամավորները պետք է ունենան  համեստ կերպար:

«Մենք այն երկիրը չենք, որ մեզ, թեկուզ պատգամավորներիս մակարդակով, ճոխություն թույլ տանք: Մենք մեզ կարող են ճոխություններ թույլ տալ այն ժամանակ, երբ բարելաված կլինենք մեր ժողովրդի սոցիալական վիճակը»,-ասաց Մելիքյանը:   

Անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը եւս իմիջմեյքերների խորհրդատվությունից չի օգտվում:  Դեռ փոքր հասակից ծնողները նրան դաստիարակել են այնպես, որ մարդկանց հետ շփվելիս խնդիրներ չունենա ու չկաշկանդվի: Նրանք էլ, փաստացի, եղել են պատգամավորի առաջին ու միակ իմիջմեյքերները: Դալլաքյանը նշեց նաեւ, որ երբ մուտք է գործել ԱԺ` 1995 թվականին, իր, որպես պատգամավորի կայացման գործում կարեւոր դերակատարություն են ունեցել լրագրողները, որոնց պարբերաբար հարցրել է, թե ի՞նչ տպավորություն են թողնում իր ելույթները: «Կան լրագրողներ, որոնց հետ ունեմ ջերմ հարաբերություններ, եւ որոնց դիտողությունները, այդ թվում եւ հագուստիս վերաբերյալ, միանշանակ ընդունել եմ: Ես ինքնասիրահարված չեմ եւ սկսած փողկապի գույնից, կոստյումի ոճից, ես խորհրդակցել եմ լրագրողներիդ հետ»,-անկեղծացավ Դալլաքյանը: Նա չնշեց այդ լրագրողների անունները, միայն ընդգծեց, որ հայաստանյան լրագրողները հիմնականում ճաշակով են:

Հարցին, թե խորհրդարանում կա՞ն բարձրաոճ պատգամավորներ, որոնք, որպես քաղաքական գործիչ, իր համար էտալոն են, պատգամավորը արձագանքեց. «Ես չէի ցանկանա իմ սուբյեկտիվ ընկալումների հիման վրա գործընկերներիս վերաբերյալ դատողություններ անել եւ գնահատականներ տալ: Դա կոռեկտ չեմ համարում: Այդ հարցում լավագույն դատավորը դուք` լրագրողներդ եք: Ուղղակի մի խնդիր կա` եթե պատգամավորները հաշվի են առնում ձեր դիտողությունները, դրանից նրանք միանշանակ շահում են»:  Վիկտոր Դալլաքյանը նշեց նաեւ, որ հետաքրքրվում է  քաղաքական գործիչների կենսագրություններով եւ իր մեջ տպավորվել է Սըր Չերչիլի սկզբունքը, ով իր ելույթները պատրաստելիս կանգնում էր հայելու առաջ ու մշակում իր ժեստերն ու միմիկան:

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանը թեեւ չի օգտվում իմիջմեյքերների ծառայություններից, սակայն բավականաչափ ուսումնասիրել է այդ ինստիտուտի էությունը եւ շատ կարեւորում է իմիջմեյքինգի ինստիտուտը: «Շատ կարեւոր է, որ պատգամավորը հետեւի եւ իր արտաքին տեսքին` հագուպակին, եւ վարվեցողության կանոններին եւ խոսքին»,-նկատեց Աճեմյանը:

Նա մերթ ընդ մերթ գնում է հայտնի ֆիրմաների հագուստներ, սակայն

շեշտը հագուստի բրենդի վրա չի դնում: «Աշխատում եմ, որ հագուստը սազի ինձ ու համապատասխանի իմ աշխատավայրին: Երբ ԱԺ-ից դուրս եմ, ինձ թույլ եմ տալիս նաեւ ազատ ոճի հագուստ»,-նշեց Աճեմյանը: Ինչ վերաբերում է հղկված խոսք ու  ժեստեր ունենալուն, ապա այդ հարցում պատգամավորին օգնում է իր թատերական կրթությունը, արվեստի բնագավառում աշխատելը:

«Բացի այդ` ընտանիքում ես ունեմ խորհրդատուներ` դուստրս ու ամուսինս, որոնց քննադատական խոսքն ու խորհուրդները ինձ շատ են օգնում»,-նշեց Աճեմյանը: Նա եւս ձեռնպահ մնաց իր գործընկերների իմիջին գնահատական տալուց, միայն նշեց, որ գործող ԱԺ-ում «արտառոց դեպքերը քիչ են լինում»:

«Հանրային մարդ լինելը լրացուցիչ պատասխանատվություն է առաջ բերում եւ այն, ինչ իրեն թույլ կտար անել Լիլիթ Գալստյանը մինչեւ 2007 թվականը, այժմ թույլ տալ չի կարող»,-իմիջի մասին իր դիտարկումը հայտնեց ՀՅԴ խմբակցության անդամ Լիլիթ Գալստյանը: Նա եւս իմիջմեյքերների ծառայություններից չի օգտվում, եւ ապավինում է իր «ներքին զսպանակին», որը երբեք չի դադարում աշխատել: Գալստյանը արտաքին տեսքից ավելի կարեւորում է այն, երբ անհատը հաշտ ու ներդաշնակ է իր   ներքինի հետ եւ չի անում քայլեր, որոնք պահանջում են զոհաբերել իր անհատականությունը: Նրանք, ովքեր իրեն ճանաչում են վաղուց, կվկայեն, որ Գալստյանի արտաքինում, հագուկապում եւ կյանքի ոճի մեջ առանձնապես փոփոխություններ չեն արձանագրվել. պատգամավորը երբեք անխնամ տեսքով հանրային միջավայր դուրս չի գալիս եւ աշխատում է հագնվել միջավայրին համապատասխան: Կնոջ գլխավոր զենքը նա համարում է հմայքն ու իմաստնությունը համադրել կարողանալը: Դա է նախանձելի իմիջի գրավականը:

 

Պատրաստեց Ելենա Գեւորգյանը