Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հրաման է ստորագրել հարյուր հազարավոր պետական ծառայողների եւ զինծառայողների աշխատավարձը 50 տոկոսով բարձրացնելու մասին կոշտ տնտեսական եւ ֆինանսական ճգնաժամի, ինչպես նաեւ կենսական կարեւորության ապրանքների գնաճի պայմաններում, հաղորդում է Associated Press-ը:

Ասադի որոշումն ընդունվել է հաջորդ օրը, երբ պետությունը կրկնապատկել է հացի գինը, որը երկրի հիմնական սննդամթերքն է, եւ 180 տոկոսով բարձրացրել դիզելային վառելիքի գինը:

Սիրիայի տնտեսությունն ուժգին տուժել է տասնամյա պետերազմի, արեւմտյան պատժամիջոցների, լայն տարածում գտած կոռուպցիայի հետեւանքով: Աշխատավարձի վերջին բարձրացումը հայտարարվել էր 2019 թվականի նոյեմբերին:

Սիրիացիների շուրջ 80 տոկոսն աղքատ է, իսկ 60 տոկոսը զրկված է պարենային անվտանգությունից. դա պարենի անվտանգության ոլորտում ամենավատ իրավիճակն է, որը երբեւէ արձանագրվել է Սիրիայում՝ ՄԱԿ-ի տվյալներով: