Բջիջների միջև հաղորդակցման այն մեխանիզմը, որն առանձնահատուկ դեր ունի մարդու օրգանիզմում, հնարավոր է՝ շատ ավելի հին ծագում ունի, քան ընդունված էր կարծել։ Կենսաբանների միջազգային խումբը նմանատիպ համակարգ է հայտնաբերել բազմաբջիջ ցիանոբակտերիաների մոտ, ինչը փաստում է, որ այն գոյություն է ունեցել դեռ կենդանիների ու մարդու հայտնվելուց շատ առաջ։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են The EMBO Journal-ում։
Մարդու և կենդանիների բջիջներն ունեն իրար միացնող հատուկ կառույցներ, որոնք ապահովում են ազդանշանների փոխանակումն ու հյուսվածքների նորմալ աշխատանքը։ Օրինակ՝ այս կապի շնորհիվ է գործում սրտամկանը, իսկ նյարդային բջիջները փոխանցում են մարմինը կառավարող ազդակները։ Այս ամենի կարգավորման գործում առանցքային դեր են խաղում կալցիումի իոնները։
Դյուսելդորֆի Հայնրիխ Հայնեի անվան և Տյուբինգենի համալսարանների հետազոտողները նույն գործողության սկզբունքն են գտել բազմաբջիջ ցիանոբակտերիաներում։ Ի տարբերություն մեր բջիջների՝ դրանք պրոկարիոտներ են, այսինքն՝ զուրկ են կորիզից։
Այս բակտերիաները ձևավորում են բազմաբջիջ կառուցվածքներ և միանում իրար հատուկ հանգույցներով՝ սեպտալ միացություններով։ Դրանք կատարում են նույն դերը, ինչ էուկարիոտների «ճեղքային կոնտակտները»։ Մինչ այժմ գիտնականներին քիչ էր հայտնի, թե ինչպես է կարգավորվում այդ կապերի ձևավորումն ու բակտերիաների միջև ազդանշանների փոխանցումը։
Գիտնականները ցիանոբակտերիաներում հայտնաբերել են CSE սպիտակուցը, որը կապվում է կալցիումի հետ։ Միջուկային մագնիսական ռեզոնանսի միջոցով նրանք պարզել են սպիտակուցի կառուցվածքն ու ցույց տվել, որ այն աշխատում է որպես բուֆեր՝ կարգավորելով իոնների խտությունը։
Կրիոէլեկտրոնային մանրադիտակով անցկացված փորձերը ցույց են տվել, որ CSE սպիտակուց չունեցող մուտանտ բջիջներում միջբջջային կապերը նկատելիորեն պակասել են։ Սա ապացուցում է, որ կալցիումի ազդանշանները մասնակցում են բջջային հաղորդակցմանն ու այդ կապերի ձևավորմանը։
Այս բացահայտումը փոխում է բջջային էվոլյուցիայի մասին պատկերացումները․ բարդ օրգանիզմներին բնորոշ մեխանիզմները գոյություն են ունեցել դեռևս հնագույն բազմաբջիջ բակտերիաների մոտ։
Փաստորեն, միջբջջային կապի համակարգերը կարող էին ձևավորվել մոտ մեկ միլիարդ տարի առաջ՝ դեռևս պրոկարիոտների և էուկարիոտների բաժանումից առաջ։



























