Բրիտանական Կոլումբիայի (Կանադա) Ուիլիստոն ջրամբարում մոտ 9,8 հազար քառակուսի մետր մակերեսով առեղծվածային կղզի է հայտնվել, իսկ մի քանի շաբաթ անց անհետացել արբանյակային լուսանկարներից։ Մակերևույթին ծառեր ունեցող օբյեկտը տեղի բնակիչները նկատել էին օգոստոսի սկզբին։
BC Hydro ընկերության ներկայացուցիչները սկզբում կասկածանքով են վերաբերվել հաղորդագրություններին, քանի որ արտասովոր օբյեկտի լուսանկարները կարող էին գեներացված կամ փոփոխված լինել արհեստական բանականության միջոցով։ Այնուամենայնիվ, կղզու գոյությունը հաջողվեց հաստատել հուլիսի 20-ի արբանյակային լուսանկարներով։
«Մենք ավելի թարմ լուսանկարներ ենք արել և այլևս չենք տեսնում այդ օբյեկտը։ Հիմա այն անհետացել է», — CBC News-ին պատմել է BC Hydro-ի ներկայացուցիչ Բոբ Գամերը։
Ընդ որում, մասնագետները չեն կարծում, թե կղզին պարտադիր սուզվել է ջրի հառակը։ Նրանց ենթադրությամբ՝ այն կարող է նորից հայտնված լինել ափամերձ հատվածում՝ քամուց ու ալիքներից ավելի պաշտպանված գոտում, այդ պատճառով էլ առայժմ չի երևում արբանյակից։
Գամերը ենթադրել է, որ կղզին ձևավորվել է աստիճանաբար՝ մի քանի տարվա ընթացքում։ Նրա վարկածով՝ ջրամբարի ափերի երկայնքով կուտակվում են լողացող փայտանյութն ու ծառերի մնացորդները։ Քայքայվող փայտի մեջ արմատներ են գցում բույսերն ու ծառերը՝ աստիճանաբար ձևավորելով ցամաքի յուրօրինակ լողացող հատված։
Ափից կղզին, թերևս, վերջնականապես պոկվել է ջրամբարում ջրի մակարդակի բարձրացման հետևանքով։ Այժմ մասնագետները փորձում են պարզել, թե որտեղ է այն գտնվում և արդյոք նորից կհայտնվի արբանյակային լուսանկարներում։



























