ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշը ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ իր առաջին հանդիպմանը խոստովանել է, որ վատ է գլուխ հանում միջազգային գործերից, գրում է AP-ն։
Բուշի նախագահության ժամանակ 2001 թվականի սեպտեմբերի 11-ին Նյու Յորքի երկվորյակ աշտարակների գրոհումից հետո ԱՄՆ-ի ռազմական գործողությունները Իրաքում եւ Աֆղանստանում գերակշռում էին:
Բայց երբ 1998 թվականի փետրվարին դեսպան սըր Քրիստոֆեր Մեյերը հանդիպել է Բուշի հետ, նա տեսել է մի քաղաքական գործչի, որի աշխարհայացքը հիմնականում սահմանափակված էր «տեխասյան եւ մեքսիկական հորիզոններով»:
Ազգային արխիվի կողմից հրապարակված փաստաթղթերի համաձայն, Բուշը, որն այն ժամանակ Տեխասի նահանգապետն էր, անկեղծորեն հայտարարել է միջազգային փորձ չունենալու մասին՝ չնայած այն բանին, որ նրա հայրը՝ Ջորջ Բուշ-ավագը, 1989-1993 թվականներին եղել է Միացյալ Նահանգների նախագահը:
«Բուշը խոստովանեց, որ, բացառությամբ Մեքսիկայի, նա քիչ է գլուխ հանում միջազգային գործերից, եւ որ պետք է ընդլայնի իր փորձը»,- հանդիպման մասին իր զեկույցում գրել է սըր Քրիստոֆերը:
Դեսպանը կոչ է արել նրան այցելել Մեծ Բրիտանիա, սակայն Բուշն ասել է, որ չի կարող իրեն արտասահման աղմկոտ ուղեւորություններ թույլ տալ այդ աշնանը կայանալիք նահանգապետի ընտրություններից առաջ:
Օսթինի նահանգապետի գրասենյակում «40 րոպեանոց բարեկամական զրույցի» ընթացքում Բուշը պնդել է, թե ինքը 2000 թվականի նախագահական ընտրություններում առաջադրվելու որոշում չի կայացրել: «Նա անհանգստանում էր իր ընտանիքի համար: Վաշինգտոնը կենդանաբանական այգի էր, տգեղ վայր։ Իհարկե, նա չէր կարող ժխտել, որ հետաքրքրված է առաջադրմամբ»,- ասել է սըր Քրիստոֆերը:
Նրա խոսքով, ընտանիքի հանդեպ Բուշի մտահոգությունը, թեեւ անկեղծ էր, ծառայում էր «օգտակար քաղաքական նպատակի»՝ նրա համար քողարկում էր ապահովում։
«Ինձ համար Ջորջ Բուշը նման էր մի մարդու, ով իսկապես ցանկանում է առաջադրվել: Իհարկե, այդ փուլում նա շահագրգռված չէր, որ օտարերկրյա դեսպանը վերադառնար Վաշինգտոն եւ բոլորին ասեր, որ նա որոշել է առաջադրվել նախագահի պաշտոնում»,- հավելել է սըր Քրիստոֆերը:
«Այս հանդիպումը հաստատեց Ջորջ Բուշ-կրտսերի մասին իմ առաջին անսպասելի կարծիքը։ Շատ ներկայանալի էր եւ լավ ինքնաքննադատական հումորի զգացում ուներ»,- ասել է նա։
Ջորջ Բուշ-կրտսերը նախագահի պաշտոնը զբաղեցրել է երկու ժամկետ՝ 2001-2009 թվականներին:





























