News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

«Սիվիլնեթը» գրում է. «Ներքեւի լուսանկարներում Լաչին քաղաքը շրջանցող ճանապարհի հատվածն է Արցախի Բերդաձորի շրջանում։ Առաջին լուսանկարն արել եմ հուլիսի 24-ին՝ Ղարաբաղ գնալիս, երկրորդը՝ հուլիսի 30-ին՝ Ղարաբաղից վերադառնալիս։ Երկրորդ լուսանկարում արդեն երեւում է, որ ճանապարհն ասֆալտապատված է եւ պատրաստ օգտագործման։

Ամփոփենք, թե ինչ տեղի ունեցավ նախորդ շաբաթ եւ ինչու։

Օգոստոսի 1-ին Ադրբեջանը խախտեց շփման գիծը Մարտակերտի շրջանի հյուսիսարեւմտյան հատվածում եւ հարավում՝ Լաչինի միջանցքի ուղղությամբ։ Երեք օր տեւած բախումների արդյունքում հայկական կողմն ունի առնվազն երկու զոհ, երկու տասնյակ վիրավոր։

Օգոստոսի 2-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ Ադրբեջանը Լաչինի միջանցքով երթեւեկությունը նոր ճանապարհով կազմակերպելու պահանջ է ներկայացրել։ Ավելի վաղ՝ հունիսի 30-ին, Արցախի նախագահը հայտարարել էր, որ «Բերձորից [Լաչին] պետք է դուրս գանք, իսկ Աղավնոյի մասով շարունակելու ենք բանակցությունները, պայքարը»։

Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների 2020-ի նոյեմբերի 9-ի համաձայնագրով «Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ կապն ապահովելու համար առաջիկա երեք տարիների ընթացքում պիտի հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ, որից հետո ռուսական խաղաղապահ զորակազմը կվերատեղակայվի՝ այդ երթուղին պաշտպանելու համար»: Այսինքն՝ խոսքը ոչ թե եռամյա ժամկետում նոր ճանապարհ կառուցելու մասին էր, այլ ընդամենը նոր երթուղին որոշելու։

Օգոստոսի 4-ի կառավարության նիստին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննադատեց Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմին՝ նշելով, որ «Լեռնային Ղարաբաղի հայությանը խաղաղապահների ներկայությամբ ֆիզիկապես եւ հոգեբանորեն ահաբեկելու դեպքերը պարզապես անընդունելի են»։ Նա նաեւ ասաց, թե ներկայում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից եռակողմ ֆորմատով ճանապարհի կառուցման հաստատված որեւէ պլան գոյություն չունի, եւ Հայաստանը մի քանի անգամ առաջարկել եւ հիմա էլ առաջարկում է դա անել: Փաշինյանը նշեց, որ հայկական կողմը [նոր ճանապարհի] որեւէ պլանի համաձայնություն չի տվել, սակայն սկսել է Տեղ գյուղից մինչեւ Կոռնիձոր (Ադրբեջանի սահման) ավտոճանապարհի վերակառուցումը, որը, նրա խոսքով, ենթադրաբար պիտի միանա Լաչինի միջանցքի նոր երթուղուն:

Հարցեր

Ես արդեն իսկ մի շարք հարցեր եմ ուղղել Հայաստանի կառավարությանը նախորդ սյունակումս (Եղե՞լ է արդյոք Բերձորը ավելի շուտ հանձնելու պայմանավորվածություն․ հարցեր Հայաստանի կառավարությանը)։ Կրկնեմ այդ հարցերից մի քանիսը․

Եթե չի եղել Լաչին քաղաքը նոյեմբերի 9-ի հայտարարությամբ նախատեսված եռամյա ժամկետից ավելի շուտ հանձնելու պայմանավորվածություն, ինչո՞ւ է Ադրբեջանն իր տարածքում կառուցել շրջանցիկ մոտ 30 կմ-ոց ճանապարհը, որը պետք է հանձնվի հայերի օգտագործմանը։

Ինչո՞ւ եւ ի՞նչ պայմանավորվածության հիման վրա է Ադրբեջանը կառուցել ճանապարհը ոչ միայն իր վերահսկողության տակ գտնվող հատվածում, այլեւ հայկական տարածքում՝ Շուշիի շրջանի Հին Շեն եւ Մեծ Շեն գյուղերի հատվածում։

Ինչո՞ւ Ադրբեջանը Լաչինը պահանջեց անմիջապես ճանապարհի կառուցումից հետո եւ ինչո՞ւ հայկական կողմն անմիջապես համաձայնեց Ադրբեջանի պահանջին՝ մինչեւ օգոստոսի 25-ը հանձնել Լաչին քաղաքը եւ Լաչինի գործող միջանցքի վրա գտնվող Աղավնո եւ Սուս գյուղերը։

Եթե պայմանավորվածություն չի եղել Բերձոր քաղաքն ավելի վաղ (կարդացեք 2022-ի հուլիսին) հանձնելու մասին, ինչո՞ւ է Հայաստանի կառավարությունը տեղի տալիս Ադրբեջանի պահանջին եւ հայտարարում, որ Կոռնիձորի հատվածում 8 կմ-ոց ճանապարհը կկառուցի մինչեւ 2023-ի գարուն։

Ճի՞շտ է արդյոք տեղեկությունը, որ Հայաստանը նախքան Տեղ-Կոռնիձոր ճանապարհահատվածի կառուցումը կառուցելու է 3 կմ-ոց ճանապարհ, որը Լաչինի գործող միջանցքի սկզբնամասից միանալու է Ադրբեջանի կառուցած 30 կմ-ոց ճանապարհին, որը շրջանցում է Բերձոր քաղաքը։ Հնարավո՞ր է, արդյոք, որ այս ճանապարհը հետագայում եւս հանձնվի Ադրբեջանին։

Հայաստանի կառավարության հայտարարությունները հակասում են նրա գործողությունների եւ իրավիճակի տրամաբանությանը։ Հաստատապես կարելի է պնդել, որ Փաշինյանի կառավարությունը որոշակի համաձայնություն տված է եղել Ադրբեջանին եռամյա ժամկետից շուտ Լաչին քաղաքը հանձնելուն կամ առնվազն դեպի Արցախ նոր երթուղու ճանապարհին։

Քաղաքագետ Բենիամին Պողոսյանը ՍիվիլՆեթում հրապարակած հոդվածում անդրադարձել է Փաշինյանի՝ ռուսական կողմին ուղղված քննադատությանը՝ տարակուսելի համարելով, որ Հայաստանի իշխանությունները Ադրբեջանին նորանոր զիջումների մեղքը փորձում են բարդել ռուսների վրա։

Եզրակացություններ

Իրադարձությունների վերլուծությունը հիմք է տալիս անելու հետեւյալ եզրահանգումները․

Հայաստանի իշխանությունները անկարող են եղել մնալ նոյեմբերի 9-ի համաձայնագրի շրջանակում, բանակցություններում տեղի են տվել Ադրբեջանի պահանջներին եւ համաձայնել են ինչպես Լաչինը շրջանցող նոր երթուղուն, այնպես էլ դրա կառուցումից հետո Լաչին քաղաքը, Աղավնոն եւ Սուս գյուղերը հանձնելուն։ Այստեղ հատկապես կարեւոր է արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը չի կարողացել հասնել այն բանին, որ Հայաստանն ու Արցախն իրար կապող ճանապարհը կառուցվեր դրանով անցնող ենթակառուցվածքների տեղափոխմանը զուգահեռ՝ էլեկրահաղորդման գծեր, գազատար եւ ինտերնետ։ Այժմ երթեւեկությունը կկազմակերպվի նոր երթուղով, իսկ ենթակառուցվածքները կմնան Ադրբեջանի վերահսկողության ներքո։

Համաձայնած լինելով նոր ճանապարհի երթուղուն, ինչպես նաեւ դրա կառուցման ավարտից հետո Լաչինը, Աղավնոն եւ Սուսը հանձնելուն՝ Հայաստանը ոչինչ չի արել այս ընթացքում ճանապարհի իր հատվածը կառուցելու ուղղությամբ, որը կմիանար Ադրբեջանի արդեն իսկ կառուցած ճանապարհին։ Այժմ հապճեպ եւ տարերային գործողություններ է անում, որոնք ավելի են խորացնում անորոշությունը Արցախում բնակվող ժողովրդի համար։

Ամենակարեւորը, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, գործնական քայլեր չանելով իր ստանձնած տխրահչռակ խոստումը (բանավոր, թե գրավոր՝ էական չէ) կատարելու ուղղությամբ՝ առիթ է տվել սահմանային նոր սրացման, որի արդյունքում ունենք առնվազն ԵՐԿՈՒ ԶՈՀ եւ ԵՐԿՈՒ ՏԱՍՆՅԱԿ ՎԻՐԱՎՈՐ։

Կարելի է անվերջ մեղադրել Ադրբեջանին, որի միջազգային նշանակությունը, ի դեպ, թե՛ ռուսների, թե՛ Արեւմուտքի համար էապես մեծացել է ուկրաինական պատերազմից հետո։ Կարելի է մեղադրել Ռուսաստանին, որը, ըստ Հայաստանի պնդումների, լավ չի կատարում Արցախի հայերի անվտանգության պահպանության գործառույթը։

Փաստը, սակայն, այն է, որ Հայաստանի կառավարությունը խուսափել է իրավիճակի սթափ գնահատումից, ինչը հանգեցրել այն վիճակին, որ հիմա կա»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիան 2020-ի Ադրբեջանի ագրեսիան անվանել է «հնարավորություն» խաղաղության և կայունության համար
Նրա խոսքով, կողմերը պայմանավորվել են խորացնել Թուրքիայի հաջող համագործակցությունը Ադրբեջանի և...
Երևանի և Բաքվի միջև միմյանց դեմ միջազգային դատական ​​հայցերը հետ կանչելու համաձայնություն չկա. Միրզոյան
Քննարկվում են տարբեր տարբերակներ...
Դպրոցներ կային՝ մեզ ագրեսիվ դիմավորեցին, մի տեղ ասացին՝ կարող ա դուք մուսուլման եք. զոհվածի հայր
Մենք 7 հոգանոց տարբեր խմբեր էինք կազմել, որպեսզի այցելենք դպրոցներ, սակայն…
Այս պահի դրությամբ 23 մարդ դեռեւս պահվում է անազատության մեջ Բաքվում. Արարատ Միրզոյան
2023 թվականի հենց առաջին օրից մենք արդեն ունենինք շատ կոնկրետ իրավիճակ՝...
«Փաշինյանը 2018–ին խոստացել էր վերադարձնել տարածքները».Ալիև
«Բայց, ցավոք, 2019-ին Հայաստանի նոր ղեկավարությունը բացարձակապես անընդունելի առաջարկներ արեց»․․․
Զոհված զինծառայողների ընտանիքները փոխնակ մոր ծառայությունից կարող են օգտվել նաև 2-րդ անգամ, եթե ընտանիքում կա 2 զոհված
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 14-ի նիստում ընդլայնեց զոհված...
Ամենաշատ