News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի նորընտիր ավագանու առաջին նիստն այսօր՝ նոյեմբերի 18–ին, երրորդ անգամ տապալվել է։ Տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց նիստին ներկայացած «Ազգ-համայնք» խմբակցության անդամ, համայնքապետի թեկնածու Արտակ Գեւորգյանը։

Նիստն արդեն երրորդ անգամ չի կայանում, որովհետեւ ներկայանում են միայն «Ազգ-համայնք» խմբակցության տասը անդամները, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Հայկական երազանք» խմբակցությունները  բոյկոտում են համայնքապետի ընտրության օրակարգով հրավիրված նիստերը։

Այսօր նիստը կրկին հետաձգվել է, այն նշանակվել է նոյեմբերի 22–ին։

Հիշեցնենք՝ Անի համայնքում նորընտիր ավագանու առաջին նիստը նախատեսված էր նոյեմբերի 11–ին, որը չէր կայացել քվորում չապահովվելու պատճառով։ Նոյեմբերի 14–ին նշանակված նիստը   կրկին իրավազոր չլինելու պատճառով չէր կայացել։

Անի խոշորացված համայնքում սեպտեմբերի 25–ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին մասնակցած երեք ուժերից ոչ մեկին չէր  հաջողվել 50 տոկոսից ավելի ձայն ստանալ։ Մանդատների ընդհանուր թիվը 21–ն է. «Ազգ-համայնք» դաշինքն ունի 10, ՔՊ–ն՝ 8, իսկ «Հայկական երազանք» էլ՝ 3 մանդատ։

Քաղաքական ուժերը չէին կարողացել  միանձնյա իշխանություն ձեւավորել, բայց կոալիցիայով էլ նրանց չի հաջողվել տեղական իշխանություն ձեւավորել։

«Հայկական երազանք» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Ագուն Սաղաթելյանը մյուս երկու ուժերի առջեւ պայման էր դրել՝ կոալիցիա կկազմի այն ուժի հետ, որը կհամաձայնի իր թեկնածությանը համայնքի ղեկավարի պաշտոնում։ Ուժերից ոչ մեկը, սակայն, չէր ընդունել Ագուն Սաղաթելյանի պայմանը եւ համաձայնության չէին եկել։

«Ազգ-համայնք» դաշինքն ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն էլ իրար հետ կոալիցիա չեն կազմել։

Տեղական ինքնակառավարման մասին օրենքի համաձայն՝ նորընտիր ավագանու առաջին նիստը գումարվում է ոչ ուշ, քան ավագանու լիազորություններն ստանձնելու պահից քսան օրվա ընթացքում: Այսինքն՝ երբ ինչ-ինչ պատճառներով համայնքի ղեկավար չի ընտրվում, ապա վարչապետը կկարողանա խոշորացված համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել նաեւ ավագանու անդամին: Օրենքը հնարավորություն է տալիս, որ ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցվեն եւ ավագանու նոր ընտրություններ նշանակվեն։

Տպել
Ամենաշատ