News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Պաշտոնական հատակագծային գոտիավորման հատակագծերը պետք է նորից քննարկվեն, քանի որ այս պահին հողատարածքի զգալի մասը ծածկված է գերեզմանոցով:  Այս մասին նշված է «Ակադեմիական քաղաքի» գլխավոր հատակագծի նախագծումն իրականացնող գերմանական GMP International GmbH Architects and Engineers ճարտարապետական ընկերության մշակած սահիկաշարի համառոտ տարբերակում, որը վերջերս քննարկման է դրվել ակադեմիական հանրության շրջանում:

NEWS.am-ն ուսումնասիրելով «Ակադեմիական քաղաքի» հատակագծի նախնական տարբերակն,  ինչպես նաև վերլուծելով գերմանական ընկերության առաջարկները,  առանձնացրել է մի քանի խնդրահարույց և կարևոր կետեր, որոնց մասին հանրությունը պետք է պատշաճ իրազեկվի:

Աջափնյակի խոշոր գերեզմանատների տարածքների պլանային գոտիավորումը հնարավոր է փոխվի

GMP International GmbH Architects and Engineers ընկերության փոխտնօրեն, գերմանացի ճարտարապետ Թոբիաս Քայելի ներկայացրած՝ «Ակադեմիական քաղաքի» գլխավոր հատակագծի մշակման սահիկաշարի համառոտ տարբերակում նշված է, որ տեղանքը հիմնականում շրջապատված է բնակելի շենքերով, վարելահողերով, արտադրական տարածքներով և գերեզմանատներով:

«Պաշտոնական պլանային և հատակագծային գոտիավորման հատակագծերը պետք է նորից քննարկվեն, քանի որ այս պահին հողատարածքի զգալի մասը ծածկված է գերեզմանոցով»,-նշված է սահիկաշարի համառոտագրում: Նշենք, որ քաղաքաշինական տերմինաբանությամբ՝ գոտիավորումը (գոտևորում) տարածքների գոտիների սահմանների որոշումն է՝ դրանց օգտագործման կանոնակարգերով և ըստ դրանց գործառնական նշանակության, կառուցապատման չափորոշիչների և լանդշաֆտի կազմակերպման:

Ակադեմիական քաղաքի հատակագիծն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ բուհական քաղաքի հարավարևելյան հատվածին հարող տարածքում խոշոր գերեզմանատներ են: Խոսքը Աջափնյակ վաչական շրջանում գտնվող Սիլիկյան և Սպանդարյան գերեզմանատների մասին է:  «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ից NEWS.am-ին հայտնեցին, որ նշված գերեզմանատները բաց են, այսինքն այնտեղ թույլատրվում է հուղարկավորություններ իրականացնել: ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023  թվականի մայիսի 22-ի N  04-Ն հրամանի համաձայն՝ գլխավոր հատակագծերի նախագծերում բնակավայրերին հարող տարածքներում պետք է նախատեսել քաղաքի ազդեցության (մերձքաղաքային) գոտի՝ որպես պահուստ քաղաքի տնտեսական սպասարկման օբյեկտների տեղակայման, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում բնակչության տարհանման համար, որտեղ կազմակերպվում են համայնքի հիմնական փոխադարձ գործառական, ինժեներական, տրանսպորտային և հատակագծային կապերը շրջապատի հետ:
Իսկ ՀՀ կառավարության 2006 թվականի  նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշմամբ՝ գերեզմանատներն ու դիակիզարանները տեղադրվում են բնակելի տներից, դպրոցներից, նախադպրոցական, առողջապահական և հասարակական այլ շենքերից ու հանգստի գոտիներից առնվազն 300 մետր հեռավորության վրա: Թե որքան է գերեզմանատների տարածքից ակադեմիական քաղաք ընկած հեռավորությունը, սահիկաշարում  նշված չէ: Սակայն գերմանացի ճարտարապետի առաջարկից ենթադրվում է, որ Ակադեմիական քաղաքի ազդեցության (մերձքաղաքային) գոտու և գործող գերեզմանատների միջակայքը փոքր է, ինչն էլ հիմք կարող է դառնալ, որպեսզի հետագայում մայրաքաղաքի գլխավոր հատակագիծը կամ Աջափնյակ վարչական շրջանի գոտիավորման նախագիծը փոխելու որոշում ընդունվի: Թե ինչ խնդիրների կհանգեցնի նման որոշումը, արդյոք այն կազդի գործող՝ բաց գերեզմանատների կարգավիճակի փոփոխության վրա, առայժմ վաղ է գնահատականներ տալը:

Նախատեսվում է տեղափոխել երկաթուղու կայարանը

«Ակադեմիական քաղաքի» գլխավոր հատակագծի մշակման սահիկաշարի համառոտ տարբերակում նշվում է, որ երկաթուղին տեղանքը բաժանում է երկու մասի, հետևաբար հնարավոր է, որ գոյություն ունեցող երկաթուղային կայարանը տեղափոխվի տեղանքի կենտրոնական հատված։ NEWS.am-ը պարզեց, որ խոսքը Երևանը Կոտայքի, Գերաքունիքի և Տավուշի մարզերին կապող երկաթուղու մասին է, որն այժմ կիրառվում է բեռնափոխադրումների նպատակով, իսկ ամռանն այս ուղղությամբ գործում է Երևան–Սևան–Շորժա սեզոնային էլեկտրագնացքը։ Նշված տարածքում ժամանակին գործել է Սպանդարյան կայարանը, որն այս պահին չի շահագործվում:

Հայաստանյան երկաթուղիների կառավարիչը հանդիսացող «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ից NEWS.am-ը հետաքրքրվել էր, արդյոք Ակադեմիական քաղաքի հատակագիծը կազմելիս քննարկումներ իրականացվե՞լ են ընկերության հետ, ինչին ի պատասխան ՀԿԵ-ի գլխավոր տնօրենի մամլո քարտուղար Ռուբեն Գրդզելյանը հայտնեց, որ այդ հարցով դեռևս պաշտոնական դիմում չեն ստացել:

«Քանի որ երկաթուղին Հայաստանի հանրապետության սեփականությունն է հանդիսանում, երկաթուղու զարգացման հետ կապված որոշումների կայացումը կառավարության գործառույթների շրջանակում է: Նշված հարցի հետ կապված պաշտոնանական  դիմումի դեպքում, կքննարկվի գործընթացի հնարավորությունը և կիրականացվեն համապատասխան հաշվարկներ»,-ասաց մեր զրուցակիցը:

Կդիտարկեն  Բարձրավոլտ էլեկտրական ցանցերի տեղափոխման հնարավորությունը

Գերմանացի ճարտարապետներն ակադեմիական քաղաքի հատակագիծը կազմելիս,  ի թիվս այլ խնդիրների, արձանագրել են, որ Բարձրավոլտ էլեկտրական ցանցերն անհարմար կերպով բաժանում են տեղանքը։ «Պետք է դիտարկել դրանցից մի քանիսի տեղափոխման հնարավորությունը»,-նշված է Ակադեմիական քաղաքի հատակագծի մշակման սահիկաշարի համառոտ տարբերակում:

Գործող իրավակարգավորումներով՝  Էլեկտրահաղորդման 110կՎ և ավելի բարձր լարման օդային գծերի (ՕԳ) տեղաբաշխումը թույլատրվում է միայն բնակելի և հասարակական-գործարարական  գոտիների սահմաններից դուրս: Իսկ 220 կՎ և ավելի բարձր լարման  էլեկտրահաղորդման տարանցիկ գծերի տեղադրումը բնակավայրերի սահմաններում չի թույլատրվում, բացառությամբ պահուստային տարածքների: Բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերի միջանցքների լայնությունը և դրանք շահագործելու թույլատրելի ռեժիմը, այդ թվում նաև գյուղատնտեսական արտադրանքի ստացման համար, որոշվում են էլեկտրական էներգիայի հաղորդաբաշխման վերաբերյալ ՀՀ կառավարության 2007 թվականի հուլիսի 12-ի N 961-Ն որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգով։  1000 Վ-ից բարձր լարման էլեկտրամատակարարման ցանցերի համար՝ ՀՀ կառավարության 2009 թվականի ապրիլի 2-ի N 363-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրական ցանցերի անվտանգության գոտիների վերաբերյալ տեխնիկական կանոնակարգի» համաձայն՝ էլեկտրահաղորդման օդային գծերի երկայնքով, գծի երկու կողմերից (եզրային հաղորդալարերից՝ դրանց չշեղված դիրքի դեպքում) սահմանվում են անվտանգության գոտիներ:

Պետք է վերանայել ոչ էլեկտրական տրանսպորտային համակարգերը

Ակադեմիական քաղաքի հատակագիծը կազմելիս ճարտարապետական ընկերությունն  ուշադրություն է դարձրել հատկապես մայրաքաղաքի հետ տրանսպորտային հանգույցների ապահովման խնդրին:

Ըստ սահիկաշարի համառոտ տարբերակի՝ պետք է նախագծվի (U1) մայրուղուց դեպի տեղանք պոտենցիալ կապը: Մասնավորապես պետք է դիտարկել «Հայֆիլմ»-ի տարածքը Ակադեմիական քաղաքի հետ ավտոմոբիլային և հետիոտնի համար նախատեսված ճանապարհով կապելու հնարավորությունը։

«Հյուսիս-արևելքից հարավ-արևմուտք կան հաճախակի քամիներ: Լաբորատորիաների և գյուղատնտեսական օբյեկտների գտնվելու վայրը որոշելիս պետք է հաշվի առնել այդ քամիների գործոնը՝ անցանկալի հոտից խուսափելու նպատակով։ Տեղանքն ունի 170 մ բարձրության տարբերություն, պետք է վերանայել ոչ էլեկտրական տրանսպորտային համակարգերը»,-ասված է գերմանական ընկերության ներկայացրած նախագծի նախնական տարբերակում:

Հիշեցնենք, որ Ակադեմիական քաղաքի կառուցման համար կառավարությունը 2024թ. հունվարի 5-ին ընդունեց Երևանի 17-րդ թաղամասի, ինչպես նաև Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու վերաբերյալ որոշման նախագիծը։ Որպես հիմնական տեղամաս ընտրված 17-րդ թաղամասի տարածքի սահմաններում առկա են ինչպես պետության և համայնքի սեփականություն հանդիսացող հողամասեր, այնպես էլ ֆիզիկական և իրավաբանական անձանց պատկանող հողամասեր։ Ավելի վաղ NEWS.amհայտնել է, որ Հայաստանում Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը կազմելու համար պետական բյուջեից շուրջ 600 մլն դրամ է հատկացվել գերմանական GMP International GmbH Architects and Engineers ընկերությանը և «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամին: Պայմանագրի արժեքը կազմում է մինչև 854.100 եվրո՝ գերմանական ընկերություն վճարման համար:

Մասնավորաես՝ GMP International GmbH Architects and Engineers ընկերությունը ՀՀ ԿԳՍՄՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի և «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հետ կնքած ճարտարապետական նախագծման ծառայությունների պայմանագրով պարտավորվում է մատուցել Ակադեմիական քաղաքի կոնցեպտուալ գլխավոր հատակագծի նախագծի նկարագրություն և տեսլականի մշակման, ինչպես նաև կոնցեպտուալ գլխավոր հատակագծի նախագծման աշխատանքներ։

Ակադեմիական քաղաքի ճարտարապետական նախագծման ծառայությունները ձեռք են բերվել առանց մրցույթի՝  մեկ անձից գնման ձևով:

Ակադեմիական քաղաքի նախագծման փուլը, որը մեկնարկել է 2023 թ. սեպտեմբերից նախատեսվում է ավարտել 2025 թ սեպտեմբերին: Իսկ կառուցման փուլը նախատեսվում է մեկնարկել 2025 թ. հոկտեմբերից և կառավարության նախնական գնահատմամբ կավարտվի 2029 թ. դեկտեմբերին:

425027596_716164837323053_7170800042111345742_n.jpg (130 KB)

1707463315177.png (592 KB)

1707463315189.png (689 KB)

Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Որտե՞ղ է թաղվել Պլատոնը. Գիտնականները լուծել են առեղծվածը արհեստական ​​ինտելեկտի շնորհիվ
Այժմ, օգտագործելով արհեստական ​​ինտելեկտը, հետազոտողները ուսումնասիրում են այս մագաղաթները՝ ձգտելով...
Գիտնականներն ալմաստներ են աճեցրել ընդամենը 150 րոպեում
Ածխածնի տարրալուծարումը հեղուկ մետաղի մեջ...
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ամենաշատ