News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի «Եղնիկներ» զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ժորա Մկրտչյանը, ում զորամասում ծեծի հետեւանքով հոգեխանգարման են հասցրել, դեկտեմբերի 9-ին դուրս է գրվել հոսպիտալից եւ արդեն տանն է: Ավելին` նրա հայրը պատրաստվում է հետ վերցնել մեղադրանքը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Ժորա Մկրտչյանի հայրը` Մկրտիչ Մկրտչյանը:

Նրա փոխանցմամբ, Ժորան մինչեւ զորացրման ժամկետի լրանալը պետք  գտնվի ՊՆ Թալինի շրջանի զինկոմի հսկողության տակ: Ավելին` մինչ օրս նրանց համապատասխան փաստաթուղթ չեն տվել, որի կվկայի, որ տղան  ազատված է զինվորական ծառայությունից:

Հիշեցնենք, որ 19-ամյա Ժորա Մկրտչյանը «Եղնիկներ» զորամաս է զորակոչվել է 2010թ-ի դեկտեմբերի 18-ին Թալինի շրջանի Լուսական գյուղից, իսկ սեպտեմբերի 27-ին սուր փսիխոզ ախտորոշմամբ ԼՂՀ-ից Երեւանի կայազորի զինվորական հոսպիտալի հոգեբուժական բաժանմունք է տեղափոխվել: Պատճառն էլ հոր՝ Մկրտիչ Մկրտչյանի պատմելով, այն է` եղել, որ զինծառայողներից մի քանիսը տղայի զինվորական գրքույկը վերցրել, գցել են զուգարանը եւ տղան ցանկացել է դիմադրել: Արդյունքում հայրը տղային տեսել է անտանելի վիճակում, կապույտ, ձեռքերը ծխախոտով վառած, ականջը լրիվ ցխած, ոտքերը` վերք, կապույտ: Տղան նաեւ սրտից է բողոքում, քանի որ ոտքով միշտ խփել են սրտին: Մկրտիչ Մկրտչյանի փոխանցմամբ, իրեն խոստացել էին, որ Ժորային նոյեմբերի 9-ին դուրս են գրելու, հետո խոստացել են նոյեմբերի 22-ին դուրս գրել, իսկ նոյեմբերի 22-ից հետո խոստումը տեղափոխել մինչեւ Նոր տարի:

Ավելի վաղ ՊՆ քննչական բաժանմունքի հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել էր, որ սույն գործով սերժանտ Վաչիկ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քր.օր-ի 360 հոդվածի 2-րդ մասով (զինծառայողին վիրավորանք հասցնելը, որը կատարվել է ստորադրյալի կողմից պետի, ինչպես նաեւ պետի կողմից ստորադրյալի նկատմամբ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ): Իսկ  շարքայիններ Ալբերտ Առաքելյանին ու Մովսես Բադալյանին  ՀՀ Քր.օր-ի 359 հոդվածի 1-ին մասով (զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջեւ ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է անձի պատիվն ու արժանապատվությունը ստորացնելով, նրան ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ զուգորդվել է բռնություն գործադրելով): Ավելին` նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ոչ թե կալանքը, այլ հրամանատարության հսկողության տակ գտնվելը: Մկրտիչ Մկրտչյանին ուղղված մեր այն հարցին, թե շարունակելու է պնդել, որ մեղավորները պատասխանատվության ենթարկվեն ավելացրեց. «Չէ, թող գնան հասնեն իրենց ծնողներին: Մեղք են, բայց պահանջում եմ, որ հրամանատարների վրա մեծ հսկողություն դրվի: Զինվորները տարբեր տներից, տարբեր տեղերից են գալիս, եթե իմ երեխան չոբանի երեխա է չի նշանակում, որ բարձր դիրք ունեցող երեխաները իմ տղային պետք է ճնշեն: Բայց ամեն դեպքում ես իմ մեղադրանքը հետ եմ վերցնում»:

Նա միաժամանակ հավատացրեց, որ այդ որոշումը կայացնելուց առաջ ոչ ոքի հետ չի հանդիպել, ոչ ոքի հետ չի խոսել եւ ավելացրեց. «Ինքս իմ մեջ եմ գցել-բռնել եւ այդ որոշումը կայացրել»: Վերջինս ավելի վաղ պատասխանելով NEWS.am-ի թղթակցի այն հարցին, թե միջնորդություններ կամ սպառնալիքներ հնչե՞լ են իր հասցեին, որ մեղադրանքը հետ վերցնի, ասել էր. «Չէ, բայց Ժորաս, ինչքան զանգում է  խնդրում է, որ այդ տղաներին օգնեմ ազատեմ, մեղադրանքը հետ վերցնեմ, որ գնան հասնեն իրենց ծնողներին, քանի որ չի կարողանում գիշերները քնել: Ասում է ինչ եղել-չի եղել թող անցնի գնա:  Բայց ես մինչեւ վերջ պետք է գնամ, որ նրանք պատժվեն, որպեսզի այլեւս նման դեպքեր չլինեն»:

Ինչ վերաբերում է Ժորա Մկրտչյանի առողջական վիճակին նրա հոր փոխանցման նա մեկ իրեն լավ է զգում , մեկ էլ շարունակում ցենզուրայից դուրս արտահայտություններ անել, անտեղի ծիծաղում է եւ այլն, եւ այլն: «Ներկա պահին հարեւանների տղաներն են հրավիրում Ժորային իրենց մոտ, փորձում զբաղեցնել, որ ցրեն վատ հիշողություններից: Տղերքի հետ զբաղվում են: Սկզբից որ եկավ, մինչեւ վերջին 10 օրը  հաց չէր ուտում ասում էր, որ ախորժակ չունի: Ասում էր այնքան են ներարկել, որ կարծես օդի միջով է ման գալիս: Մենք ֆինանսականից լավ չենք, որ լրացուցիչ բուժման եւ ստուգման տամ Ժորային: Ես չոբան մարդ եմ, չոբանություն եմ անում»,- պատմեց Ժորայի հայրը:

Ի դեպ, նա նշեց, որ Ժորայից դեռեւս միջադեպից հարց ու փորձ չի արել եւ ավելացրեց. «Մենք իրեն չենք քրքրում, չենք ուզում, որ վերհիշի եղածը»:

ՊՆ քննչական բաժանմունքի հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ Ժորա Մկրտչյանի զինվորական գրքույկը զինկոմիսարիատից առաջիկայում կուղարկվի նրան: Ինչ վերաբերում է հարուցված քրգործին, նա նշեց, որ նախաքննություն է ընթանում եւ գործը պետք է գնա դատարան, սակայն մեկ շաբաթից պարզ կլինի, թե գործը ինչ ընթացք կունենա: «Ներկա պահին գործի ընթացքը չի փոխվել: Մեղադրյալները կան»,- ավելացրեց Մերի Սարգսյանը:

 

Պատրաստեց Տաթեւ Մեսրոպյանը

 

Տպել
Ամենաշատ