Ադրբեջանի Գուբայի շրջանում լարված իրադրությունը պահպանվում է, ոչ պաշտոնապես արտակարգ դրություն է հայտարարվել: Այդ մասին հաղորդում է ադրբեջանական «Ազադլըգ» թերթի թղթակիցը Գուբայից:
«Գուբայում ոչ պաշտոնապես արտակարգ դրություն է հայտարարվել: Շրջան ելումուտ անող բոլոր ավտոմեքենաները ստուգման են ենթարկվում: Տեղի ունեցած իրադարձությունների առթիվ հարուցված քրեական գործի արդյունքում շրջանի բնակիչներին դատախազություն են կանչում` հարցաքննության: Դեռեւս ձերբակալությունների մասին տեղեկություններ չկան»,-գրում է «Ազադլըգ»-ը:
Մեկ այլ տեղեկության համաձայն, փախուստի դիմած շրջանի գործադիր իշխանության ղեկավար Ռաուֆ Հաբիբովը ապաստանել է Գելեդուզ գյուղում, որտեղ առանձնատուն ունի:
Հիշեցնենք, որ երեկ` մարտի 1-ին, Ադրբեջանի հյուսիսային շրջաններից մեկում` Գուբայում աննախադեպ իրադարձություններ են տեղի ունեցել: Տեղի բնակչությունը Շրջանի գործադիր իշխանության ղեկավարի անզգույշ արտահայտությունների հետեւանքով ոտքի է կանգնել եւ պահանջել նրա հրաժարականը: Գուբա են մտցվել ոստիկանական ջոկատներ եւ ՆԳՆ ուժեր, որոնք արցունքաբեր գազ են կիրառել ցուցարարներին ցրելու համար: Բախումներ են տեղի ունեցել ներքին զորքերի աշխատակիցների եւ ցուցարարների միջեւ: Բախումների ժամանակ վիրավորվել են նաեւ Լրագրողներ առանց սահմանների ինստիտուտի աշխատակիցներ Ռեշադ Վագիֆօղլուն եւ Իդրաք Աբասովը:
Գազազած ցուցարաները հարձակվել եւ հրդեհել են Շրջանի գործադիր իշխանության ղեկավարի տունը: Ավելի ուշ Միլլի մեջլիսի պատգամավորը ցուցարարներին հավաստիացրել է, որ Ռաուֆ Հաբիբովը շուտով հրաժարական կտա: Շրջանի գործադիր իշխանության ղեկավարի հրաժարականից եւ փախուստից հետո մարտի 1-ի երեկոյան Գուբայում պարետային ժամ է մտցվել: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, անցկացվում է հետաքննություն:




























