Արմավիրի մարզի թիվ 21 ընտրատարածքում առաջադրված, ապա ինքնաբացարկի դիմում ներկայացրած թեկնածու Մերուժան Մխոյանը հերքել է, թե իրեն ծեծի են ենթարկել: NEWS.am-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում նա պնդեց, որ ընկել է ծառից:

«Էս լրատվամիջոցները հերյուրանքներ են տարածում` ավելորդ, ինձ հետ կատարված դեպքի հետ: Ծառից ընկնելը բերել-կապել են էս կռիվների, Նահապետ Գեւորգյանի տղայի, չգիտեմ ում հետ: Ես խնդրում եմ` իմ անունից բարձրաձայնել, որ լրատվամիջոցները, որ սուտ հերյուրանքներ են տպագրում, իմ անվան հետ են խաղում: Ես ուղղակի ձեզ խնդրում եմ, ասեք, որ հերյուրանքներ են, ես ոչ մեկին ոչ ճանաչում եմ, ոչ կռվել եմ: Ես չեմ ցանկացել շարունակել, քանի որ զգացել եմ` թույլ եմ, առողջական վիճակս լավ չի, դրա համար դիմում եմ ներկայացրել»,-հայտարարեց նա:

Ուզում եք ասել, որ Ձեզ ոչ ոք ծեծի չի՞ ենթարկել:

Ոչ մեկը: Ոչ մի տենց բան չի եղել:

Սակայն այդ դեպքով քրեական գործ է հարուցվել եւ նախաքննություն է ընթանում: Ինչպե՞ս կարելի է հասկանալ Ձեր եւ իրենց ասածի տարբերությունը:

Ես սենց մի բան ասեմ, եթե կասկածում են, թող գան տեսնեն: Դատախազությունը թող ճանաչման ներկայացնեն: Ես ոչ դատախազ եմ տեսել, ոչ ճանաչում եմ, ոչ էլ կանչել են: Ես նստած եմ, եկել տեսել է ոստիկանությունը, որ ինձ վրա ոչ քերծվածք, կա, ոչ էլ:

Դուք վեճի էլ չեք մասնակցե՞լ:

Չէ, չեմ մասնակցել: Բացարձակապես հերքում եմ: Ես ոչ կռիվ եմ արել… Ես ինվալիդ, երրորդ կարգի հաշմանդամ տղա եմ, ես ոնց կարամ կռիվ անեմ: Մի հատ էդ տարածողները թող գան տեսնեն:

Դեպքը, ըստ ոստիկանության, տեղի է ունեցել ապրիլի 6-ին: Այսօր արդեն ապրիլի 12-ն է, ինչո՞ւ եք վեց օր հետո որոշել հայտնել այդ մասին:

Որովհետեւ ցանկություն չեմ ունեցել: Ոչ մի լրատվամիջոցի հետ ոչ հանդիպել եմ, ոչ տեսել եմ, ոչ էլ: Էս երեք-չորս օր է` ես գալիս եմ ոստիկանություն, բացատրություն եմ տալիս, որ կռիվ չեմ արել: Ընկել եմ ծառից:

Դուք ասացիք, որ Ձեր վրա ոչ մի քերծվածք չկա, եթե ընկել եք ծառից, Ձեր վրա ի՞նչ է եղել:

Ծառից որ ընկել եմ, աչքիս կողքը քերծվածք է եղել ամսի 6-ի գիշերը: Ես գնացել-նայել եմ, որ ոչ մի ուրիշ լուրջ բան չկա, եկել եմ տուն:

Նշվում է, որ միջադեպի ժամանակ երկու երիտասարդ` Առնակ Կուրղինյանը եւ Սամվել Պողոսյանը վիրավորվել են:Իրենք էլ են եղե՞լ այդ ծառի մոտ:

Սամվել Պողոսյանին էսօր ներկայացնում են որպես իմ հարազատ եղբայր: Ես կուզենամ, որ փաստը ապացուցեք, որ իմ եղբայրը մահացել է, եւ էսօր ինձ նրա եղբայր են գտել:

Բայց նա Սամսոն Պողոսյանի եղբայրն է: Դուք իրենց չեք ճանաչո՞ւմ:

Ես լսել եմ, գիտեմ, որ ապրում են: Նախ դեմքով չեմ ճանաչում, որ տեսնեմ էլ չեմ ճանաչի:

Նշենք, որ մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ ապրիլի 6-ի առավոտյան մի խումբ անձինք Մխոյանին ինքնաձիգի սպառնալիքի տակ հանել էին Սարդարապատ գյուղում գտնվող տանից եւ տարել Հոկտեմբեր գյուղի գերեզմանոց, որտեղ դաժան ծեծի էին ենթարկել: Նշվում էր, որ հարձակվողների խմբում են եղել նախկինում մահափորձի համար ազատազրկված Սամվել Պողոսյանն ու հանրապետական պատգամավոր Նահապետ Գեւորգյանի որդին:

Դեպքի կապակցությամբ ոստիկանությունը քրեական գործ էր` ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:

Ավելի ուշ Մերուժան Մխոյանը ինքնաբացարկ էր ներկայացրել: