Հայտնի գործարար պատգամավոր, «Գրեյթ Վելի» ընկերության սեփականատեր Տիգրան Արզաքանցյանն արդեն վաղուց արտասահմանյան մեքենաների ու բրենդային հագուստի հետեւից չի ընկնում: «Այսօր, որ մարդիկ կան նոր են սկսել արտասահմանյան մեքենաներ քշել, բրենդովի կոստյում, շորեր հագնել դրանք ես վաղուց եմ տեսել եւ նման բաների հետեւից չեմ ընկնում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Տիգրան Արզաքանցյանը: Նա պատասխանեց եւս մի քանի հարցերի, որոնք ներկայացնում ենք ստորեւ:
Պարոն Արզաքանցյան ինչո՞վ էր պայմանավորված այն հանգամանքը, որ չառաջադրվեցիք: Ձեր ընտրատարածքում մեծ ընտրազանգված ունեիք, հայտնի եք բարեգործություններով:
Հա գիտեմ, բայց աշխարհում լայն թափ ստացած ֆինանսատնտեսական ճգնաժամն ազդել է նաեւ իմ գործերի վրա: Հետեւաբար` իմ տնտեսական վիճակը կարգավորելու համար ես որոշեցի, որ անձամբ ղեկավարեմ իմ կազմակերպությունը եւ տանեմ առաջ: Արտահանման քանակը մեծացնեմ, արդյունաբերությունը զարգացնեմ: Ոսկու արդյունաբերության վրա մեծ ներդրումներ եմ արել: Հրազդանի գործարանը, որ վերցրել ենք, 0-ից սկսել ենք սարքել եւ 3 ամսվա ընթացքում արդեն կստանանք արտադրանք: 7 տարի է ինչ հանքարդյունաբերության ոլորտն եմ ֆինանսավորում: Այն ժամանակ ազատ գումարներ ունեինք, ինվեստիցիա կատարեցինք: Նոր պայմանագիր կնքեցի «Հենեսի» դիստրիբյուտորի հետ, որն ամենամեծն է Ռուսաստանում: 5 տարվա պայմանագիր եմ կնքել, որ կոնյակի արտահանման քանակը գնալով մեծացնենք, հայտնի դիզայներներ ենք վարձել: Շուկայում միշտ եղել ենք առաջինը, բայց հիմա շատ հետ ենք ընկել տարբեր պատճառներով: Ես այնպես եմ ցանկանում անել, որ եթե 1-ին տեղը չզբաղեցնենք, ապա 2-րդը հաստատ լինենք: Ֆրանսիական ցեմենտի նոր գործարան ենք ցանկանում սարքել Ֆրանսիական ընկերության հետ եւ այլն: Իսկ իմ ընտրատարածքում միշտ արել եւ անելու եմ բարեգործություներ` «Արզաքանցյան Տիգրան Հիմնադրամով»: Կանանց տոնին էլ, որը ավանդաբար նշում ենք ես եկա Հայաստան: Այնտեղ մեր նախարարներից էլ կային տարբեր հյուրեր եւ տեսան, որ կապ չունի գնում եմ խորհրդարան, թե չէ, ես իմ բարեգործական աշխատանքները շարունակում եմ: Սոցիալական կարիքներ ունեցող ընտանիքներին միշտ օգնել եմ եւ կօգնեմ: Աստծուն փառք, հիմա էլ մեր գործերը տանում ենք առաջ:
Այսինքն` չառաջադրվելու որոշումը ոչ թե կուսակցությանն է եղել, այլ ձերը, այո՞:
Դա իմ որոշումն է եղել: Բացի այդ, դեռ առողջական խնդիրներ ունեմ եւ ապաքինման փուլում եմ: Արդյունքում ստիպված եմ լինում ԱԺ նիստերից բացակայել: Եվ տեսնելով, որ բացակայությունների վրա շատ խոսակցություններ են գալիս, մարդիկ չեն հասկանում, որ հարգելի պատճառներով եմ բացակայում, որոշեցի չառաջադրվել: Ավելին` իմ բացակայությունները` իմ գործունեության հետ կապ չունի, քանի որ իմ խումբը իմ գլխավորությամբ գործում է:
Պարոն Արզաքանցյան, նշեցիք, որ հատուկ կանանց տոնին մասնակցելու համար եկել էիք Հայաստան: Գաղտնիք չէ, որ համաշխարհային մակարդակով հայտնի կանանց հետ եք շփվում: Հնարավոր է մի օր Մոնիկա Բելուչիին, Ջենիֆեր Լոպեսին եւ այլոց հրավիրեք Հայաստան, կանանց տոնը շնորհավորելու համար:
Ես աշխարհում շատ մարդիկ, շատ աստղեր եմ ճանաչում: Եթե մենք գտնենք, որ պետք է նման մարդիկ գտնվեն մեր հայրենիքում, գան մասնակցեն միջոցառումներին ու դա շատ կարեւոր է, խնդիր չկա: Բայց այսօր ես մեր ավանդական տոնին մեր տեղի աստղերին եմ հրավիրել: Կարիք չկար այնտեղից աստղեր բերեինք ցույց տայինք: Ես գտնում եմ, որ մեր աստղերը մեր հայրենակիցներին ավելի լավ կուրախացնեն, քան թե դրսի աստղերը:
Պարոն Արզաքանցյան նշեցիք, որ ցանկանում եք Ձեր բիզնեսը զարգացնել: Հնարավո՞ր է մի օր Ձեզ տեսնենք «Ֆորբս» ամսագրում` աշխարհի մեծահարուստների շարքում:
Կյանքը ցույց կտա: Ես միշտ եղել եմ շատ հարուստ եւ ինձանով եմ ստեղծել ու արարել: Ամենամեծ բարեգործական հիմնադրամը ունեմ: Առաջիկա 3 տարում կերեւա: Ես էդ «Ֆորբսի» հետեւից չեմ վազում, որովհետեւ ես դեռ երիտասարդ տարիքից շուտ եմ ամեն ինչ տեսել, այս ամենին հասել: Հիմա, ոնց որ պետքն ա իմ ծրագիրն եմ կատարում: Իմ բիզնեսն եմ փորձում բարձրունքի հասցնեմ եւ իմ ընտանիքը լավ պահեմ, իմ երեխաների համար լավ ապագա ստեղծեմ: Ինչով էլ կարող եմ իմ երկրին, իմ պետությանը պետք գամ, ես միշտ պատրաստ եմ:
Ասացիք, որ վաղուց եք նորաձեւության շքեղություններից օգտվել: Հնարավո՞ր է, որպես ճաշակ թելադրող Հայաստանում նորաձեւություն թելադրեք եւ բրենդային խանութների ցանց, արտադրություն զարգացնեք:
Ոչ ես նման բաներով չեմ զբաղվում: Նորաձեւությունով եւ դիզայնով զբաղվում է իմ կինը: Ինքը լավ զբաղվում է, լավ արդյունքներ ունի Փարիզում: Նա ունի իր անունով` «Վարդ», բրենդ եւ հիմա զբաղվում, զարգացնում, առաջ է տանում իր բրենդը: Ինքը իր գործերով, ես` իմ:
Իսկ Ձեր ոճով ո՞վ է զբաղվում:
Ես ոճի հետեւից չեմ ընկնում: Պարզապես ինձ ինչ դուր է գալիս, այն էլ հագնում եմ: Բրենդի հետեւից էլ չեմ ընկնում:
Պարոն Արզաքանցյան, վերջերս լուրեր շրջանառվեցին, որ Ձեր մայրը գնացել է դպրոց եւ տեսնելով պատին փակցված Մեսրոպ Մաշտոցի նկարը հարցրել է, թե դտ ով է, հետո էլ նեղսրտել, թե. «Իմ Տիկոն, քի՞չ բան է արել դպրոցի համար, որ իր նկարը փակցնելու փոխարեն ուրիշի նկարն են փակցրել»:
Դա հիմար արտահայտություն է: Իմ մայրը կրթված կին է եւ գիտի, որը ինչ է: Դա լպիրշ արտահայտություն է: Չի կարելի, դա վիրավորական է: Իրենց մայրերը թող մի օր գնան դպրոց, բարերարություն անեն, նոր արտահայտվեն: Չեն էլ ամաչում: Իմ մայրը իր 60-ն անց տարիքում 173 դպրոց է գնում, բարեգործություններ անում եւ այդքանից հետո փոխանակ ասեն նման մայրերը շատ լինեն, լպիրշ արտահայտություններ են անում: Այնինչ ամեն սեպտեմբերի 1-ին մենք երեխաներին ապահովում ենք պայուսակներով, գրենական պիտույքներով: Շնորհակալության փոխարեն տգետ բառեր են արտահայտում:
Ուզո՞ւմ եք ասել Ձեր դեմ նպատակաուղղված թի՞մ է գործում:
Եթե մամուլին հետեւել եք, իմ դեմ ոչ մի նեգատիվ չի եղել, մինչեւ որ դաշնակցության պատվերով հրապարակումներ սկսեցին: Ես էլ հանդիպեցի Վահան Հովհաննիսյանի հետ: Ճշտել եմ, որ իրենց ներքին որոշումն է եղել, որ ես իրենց ֆինանսական օգնություն ցույց չեմ տվել, դրանից հետո սկսեցին նման արտահայտություններ անել: Այդքան բան:
Պարոն Արզաքանցյան, Մոսկվայում ձեր դեմ մահափորձի գործից ինչ նորություններ կան:
Կարող եմ ասել, որ քիլերը բերդում է, իսկ բանդայի ղեկավարն ԱՄՆ-ի բերդում է նստած: Նրանք տարբեր գործերով են նստած: Նրանց իմ գործով չեն բռնել, այլ գործերի շրջանակներում են նստած:
Իսկ հա՞յ է կանգնած այդ ամենի հետեւում:
Հայաստանից է, բայց հայ չէ: Ավելին` չեմ կարող ասել, քանի որ նախաքննությունն ավարտված չէ:
Զրուցեց Տաթեւ Մեսրոպյանը




























