Էրդողանի եւ Օբամայի կայանալիք հանդիպմանը, ի թիվս այլ հարցերի, իհարկե քննարկվելու է նաեւ ղարաբաղյան հարցը, Երեւան-Անկարա հարաբերությունների կարգավորման եւ հայ-թուրքական արձանագրությունների վավերացման հարցը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՅԴաշնակցության Հայ դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը:

Նրա խոսքով, Թուրքիան անպայման այդ հանդիպման ընթացքում կփորձի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պայմանավորել ղարաբաղյան հարցի հետ: Իր հերթին նախագահ Օբաման կփորձի Էրդողանի վրա ճնշում բանեցնել հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ուղղությամբ: «Բայց ԱՄՆ նախագահը ճնշումէ գործադրելու ոչ թե Հայաստանի շահերից ելնելով, այլ, Անկարայի վրա ճնշելով այլ հարցերի հասնելու, որ աշխարհագրական առումով Հայաստանի եւ հայերի հետ որեւէ կապ չունեն: Ընդհանրապես Հայաստանը չպետք է առանձնակի սպասելիքներ ունենա այդ հանդիպումից: Ես կնախընտրեի, որ այդ հանդիպումն ընդհանրապես չլիներ»,- հայտարարեց Մանոյանը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կնոջ՝ Էմինե Էրդողանի, հետ դեկտեմբերի 6-ին ժամանել է ԱՄՆ: Թուրքական պատվիրակության կազմում են՝ Էրդողանի կինը՝ Էմինե Էրդողանը, պետնախարար եւ փոխվարչապետ Ալի Բաբաջանը, պետնախարար Էգեմեն Բաղըշը, արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Ասլան Գյուները եւ այլոք։ Թուրքական պատվիրակությունը տեղավորվել է Սպիտակ տան մոտակայքում գտնվող Willards Intercontinental հյուրանոցում։ Թուրքիայի վարչապետ Էրդողանի եւ ԱՄՆ նախագահ Օբամայի հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 7-ին, տեղի ժամանակով 11.30-ին, Սպիտակ տանը։ Հանդիպումից անմիջապես հետո կկազմակերպվի համատեղ մամուլի ասուլիս։ Իսկ տեղի ժամանակով 14.00-ին անցկացրած հանդիպման թեմայով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես կգա առանձին մամուլի ասուլիսով։

Էրդողան-Օբամա հանդիպման առանցքային թեմաներն են՝ Իրանի միջուկային խնդիրը, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման, Ղարաբաղի, Կիպրոսի, քրդական հարցի կարգավորման, Աֆղանստան հավելյալ զորքեր ուղարկելու, Իսրայել-Թուրքիա լարված հարաբերությունների խնդիր։