Մասնագետների կարծիքով կաթնամթերքը օգնում է ապահովագրվել աշխարհում մեծ տարածում գտնող մետաբոլիկ սինդրոմից։ Երկարամյա ուսումնասիրությունների արդյունքում ապացուցվել է, որ պարբերաբար կաթ եւ կաթնամթերք օգտագործողների շրջանում մետաբոլիկ սինդրոմը մոտ 40%-ով ավելի քիչ է հանդիպում, քան նրանց մոտ, ովքեր հազվադեպ են կաթնամթերք օգտագործում:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ուշադրության ներքո գտնվող այս հիվանդության մասնագետները ապացուցել են, որ մետաբոլիկ սինդրոմի դեմ պայքարի լավ միջոց է նաեւ սպորտը: Մկանների մարզումն օգնում է թոթափել ավելորդ քաշը եւ կարգավորել արյան շրջանառությունը: Լավ արդյունքների համար բուժիչ մարզաձեւեր են հատկապես արագ քայլքն ու լողը: Չափազանց կարեւոր է նաեւ սննդակարգը: Խոսքը ոչ թե դիետայի կամ օրգանիզմը սովի մատնելու, այլ ճիշտ սնվելու մասին է: Նախ պետք է հնարավորինս հրաժարվել ածխաջրերով հարուստ մթերքից` հացաբուլկեղեն, մակարոն, խմորեղեն:

Նշենք, որ օրգանիզմում մետաբոլիկ խախտումների եւ սիրտ-անոթային հիվանդությունների միմյանց հետ կապվածությունը հայտնի է եղել դեռեւս 1940-ական թթ-ին: Տարիներ անց ապացուցվել է, որ մետաբոլիկ սինդրոմն ի վերջո կարող է վտանգավոր լինել` դառնալով հիպերտոնիայի, խոլեստերինի բարձրացման եւ  անոթների խցանման պատճառ:

Մետաբոլիկ սինդրոմը հյուսվածքներում նյութափոխանակության խանգարումն է, ինչի հետեւանքով արյան բաղադրության մեջ աճում  է խոլեստերինի քանակը, ավելանում է գլյուկոզայի տոկոսը, բարձրանում է ճնշումը: Հիվանդությունն առավել հաճախ ի հայտ է գալիս օրգանիզմում ածխաջրերի ավելցուկի հետեւանքով: Առողջական նման խնդիրներ ունեցող մարդիկ տառապում են հատկապես գոտկային շրջանում դրսեւորվող գիրությամբ, ունենում են փքված մարմին: