Երեւանի կենտրոնում, այսօր` ապրիլի 25-ին, բացվել է 1915 թվականին Օսմանյան կայսրությունում ասորի ժողովրդի ցեղասպանության հուշարձանը (ֆոտոռեպերտաժ): Հայաստանի ասորական համայնքի ղեկավար Արսեն Միխայլովի խոսքով, այս հուշարձանը վկայում է այն մասին, որ հայերի, ասորիների, հույների ցավը չի մոռացվել: «Մենք պետք է պահանջենք, որպեսզի Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը եւ հատուցի տարբեր ազգերի հասցրած վնասը»,-ասել է նա:
Միխայլովը նշել է, որ հուշարձանի ստեղծմանն օժանդակել են Հայաստանի իշխանություններն` ի դեմս Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի:
Հուշարձանի բացմանը ներկա ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն իր խոսքում նշել է. «Հայկական հողը ոչ միայն ձեզ ընդունել է, այլ սա նաեւ ձեր հայրենիքն է: Հայ ժողովուրդը հասկանում է ձեզ եւ մենք երբեք չենք մտածել, որ մենք տարբեր ժողովուրդներ ենք, քանի որ մեր ճակատագիրը նման է»:
Նշենք, որ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում սկսվել է ասորիների մտածված ոչնչացում: Սկզբում զանգվածային կերպով ձերբակալվել եւ սպանվել են ասորի տղամարդիկ, որն ունակ էր դիմադրություն կազմակերպել: Դրան հետեւել են քաղաքական ու մշակութային գործիչների ձերբակալություններ:


























