Ադրբեջանում Նիդերլանդների դեսպան Մարյան դե Յոնգը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Նիդերլանդների խորհրդարանի ընդունած բանաձևը չի անդրադառնա երկկողմ հարաբերությունների վրա։ Հայտարարության առիթը Բաքվի դժգոհությունն էր Նիդերլանդների և Բելգիայի խորհրդարանների որոշումներից. ապրիլի 16-ին Նիդերլանդների խորհրդարանի ստորին պալատը ընդունել էր հայ գերիների ազատ արձակման վերաբերյալ պատգամավոր Դոն Սեդերի երկու առաջարկները, իսկ Բելգիայի խորհրդարանը բանաձևեր էր ընդունել ի պաշտպանություն Հայաստանի և Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի։ Ադրբեջանի ԱԳՆ-ն կանչել էր երկու երկրների դեսպաններին և պահանջել դադարեցնել իրենց խորհրդարաններում «հակաադրբեջանական խմբավորումների» գործունեությունը։
Դե Յոնգը պարզաբանել է, որ Նիդերլանդների խորհրդարանը գործում է կառավարությունից անկախ։ «Մենք չենք կարող ազդել նրա վրա։ Մենք կարող ենք միայն տեղեկություններ տրամադրել, սակայն որոշումները պատգամավորներն ինքնուրույն են ընդունում»,- նշել է նա։ Դիվանագետը մատնանշել է նաև, որ Նիդերլանդների խորհրդարանում այժմ ավելի նկատելի են հայամետ ձայները, սակայն թույլ է տվել, որ ապագայում երկրի ադրբեջանական համայնքը ևս կարող է ստանալ իր ներկայացվածությունը։
Դեսպանն ընդգծել է, որ Նիդերլանդները հարաբերություններ է պահպանում երկու երկրների հետ և կողմ է տարածաշրջանում խաղաղ գործընթացին, իսկ Եվրամիությունն ընդհանուր առմամբ որդեգրել է հավասարակշռված մոտեցում։ Ըստ նրա՝ խաղաղ կարգավորումը ճանապարհ կհարթի առևտրի զարգացման և ընդհանուր առաջընթացի համար։





























