Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի և Հայաստան-Եվրոպական միություն գագաթնաժողովի նախաշեմին շուրջ երեք տասնյակ հայաստանյան իրավապաշտպան և հասարակական կազմակերպություններ բաց նամակ են հղել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտային։ Նամակով կոչ է արվում աջակցել Բաքվում պահվող հայ քրիստոնյա գերիների ազատ արձակմանը։

Նամակի ամբողջական տեքստը ներկայացվում է ստորև․

Բաց նամակ

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտային

Հարգելի՛ տիկին ֆոն դեր Լեյեն,

Հարգելի՛ պարոն Կոշտա,

Օրերս Հայաստանում կկայանա Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը և Հայաստան-Եվրոպական միություն գագաթնաժողովը: Մենք ողջունում ենք Ձեր սպասվող այցը մեր երկիր այս միջոցառումների շրջանակում: Համոզված ենք, որ դրանք էլ ավելի կամրապնդեն Հայաստանի և Եվրոպական միության միջև հարաբերությունները և իրական ներդրում կունենան Հայաստանում ու տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և բարօրության ապահովման գործում:

Սույն նամակով մենք՝ իրավապաշտպան կազմակերպություններս, Ձեր ուշադրությունն ենք հրավիրում մարդասիրական կարևորագույն մի խնդրի վրա՝ Բաքվում առ այսօր պահվող հայ գերիների ազատ արձակման հարցին: Չնայած տարբեր միջազգային կառույցների՝ հայ գերիներին անհապաղ և անվերապահ ազատ արձակելու կոչերին, այդ թվում՝ Եվրոպական խորհրդարանի 2025 թվականի մարտի 12-ի բանաձևում տեղ գտած պահանջին, Ադրբեջանը շարունակում է ապօրինաբար անազատության մեջ պահել 19 հայ գերիներին և տառապանք պատճառել նրանց ընտանիքներին:

Այսօր Դուք գլխավորում եք մի կառույց, որի համար մարդու իրավունքների պաշտպանությունը և հումանիտար հարցերն ունեն հիմնարար նշանակություն: Հենց այդ անսասան արժեքների պահպանումն ու օրինական իրավունքների հանդեպ հարգանքն են հիմք հանդիսանում տևական խաղաղության հաստատման համար։

Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն ուղղված Եվրոպական միության ջանքերը, և ակնկալում Ձեր ակտիվ աջակցությունն ենք ակնլակում հայ գերիների անհապաղ հայրենադարձությունն ապահովելու գործում: Զինված հակամարտության համատեքստում ազատությունից զրկված բոլոր հայերի ազատ արձակումն ու հայրենադարձությունը առաջնահերթ նշանակություն ունեն խաղաղության գործընթացի համար և վստահության հաստատման կարևորագույն միջոց են:

Այս աջակցությունն էլ ավելի արդիական է դառնում Ադրբեջանի պաշտոնյաների՝ ծայրահաստիճան մտահոգիչ հայտարարությունների լույսի ներքո, որոնք մատնանշում են, որ նրանք մտադիր չեն վերադարձնել Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնատար անձանց: Արդար դատաքննության սկզբունքների կոպտագույն խախտման պայմաններում կայացվել են դատավճիռներ, որոնք մինչ օրս չեն տրամադրվել կալանավորվածներին և նրանց անկախ փաստաբաններին, ինչը փաստացի խոչընդոտում է միջազգային դատարաններում այդ դատավճիռները բողոքարկելու նրանց իրավունքը: Միևնույն ժամանակ, այդ երկրի կառավարության խնդրանքով Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեության կասեցումը հայ գերիներին զրկել է որևէ միջազգային մարդասիրական մեխանիզմից օգտվելու հնարավորությունից։

Մենք՝ իրավապաշտպան կազմակերպություններս, համոզված ենք, որ Եվրոպական միությունը կարող է վճռորոշ դեր խաղալ Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցում։ Ակնհայտ է, որ Ադրբեջանի խաղաղության մասին խոստումները չեն կարող համոզիչ ընկալվել հայկական հանրության կողմից, քանի դեռ նրանց հայրենակիցները պահվում և տանջանքների են ենթարկվում Ադրբեջանում։

Մենք կոչ ենք անում Ձեզ և եվրոպական բոլոր երկրների առաջնորդներին միջոցներ ձեռնարկել հայ գերիների հնարավորինս շուտ ազատ արձակման և նրանց ընտանիքների հետ վերամիավորման համար։ Մենք խորապես համոզված ենք, որ Եվրոպական միությունն իսկապես կարող է նպաստել այս հրատապ հումանիտար խնդրի լուծմանը՝ վերջ դնելով բազմաթիվ հայկական ընտանիքների տառապանքներին։