ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը հինգշաբթի հայտարարել է, որ Կոնգրեսի կողմից նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ռազմական գործողությունների վրա ազդելու անհրաժեշտություն չկա, քանի որ Միացյալ Նահանգները ներկայում «պատերազմի մեջ չեն», հայտնում է NBC News-ը։

«Ես չեմ կարծում, թե մենք ունենք ակտիվ, կինետիկ ռազմական ռմբակոծություններ, հրետակոծություններ կամ նման որևէ բան: Հենց հիմա մենք փորձում ենք հասնել խաղաղության»,- Կապիտոլիումում NBC News-ին տված հարցազրույցում ասել է Ջոնսոնը: -Ես շատ չէի ցանկանա հանդես գալ վարչակազմի առջև այս չափազանց զգայուն բանակցությունների թեժ պահին, ուստի պետք է տեսնենք, թե դա ինչով կավարտվի»:

Իրանի հետ շարունակվող ռազմական հակամարտությունը մոտենում է 1973 թվականի «Ռազմական լիազորությունների մասին» բանաձևով սահմանված 60-օրյա ժամկետին: Ըստ այդ օրենքի՝ նախագահը պետք է դուրս բերի զինված ուժերը հակամարտությունից 60 օրվա ընթացքում, եթե Կոնգրեսը չի արտոնում պատերազմը մինչև այդ ժամկետի լրանալը:

Պատասխանելով 60-օրյա ժամկետի մասին հարցին, որը լրանում է այս ուրբաթ, Ջոնսոնը, մասնավորապես, նշել է.

«Մենք պատերազմի մեջ չենք։ Մենք հսկում ենք Հորմուզի նեղուցը և փորձում ենք հասնել խաղաղության։ Նախագահն ու վարչակազմը գործում են այնքան ագրեսիվ, որքան հնարավոր է։ Կոնգրեսը ոչինչ չի կարող անել այս գործն առաջ մղելու համար, այնպես որ կտեսնենք, թե ինչպես այն կավարտվի։ Դա է իմ դիրքորոշումը»։

1973 թվականի օրենքը նախագահներին իրավունք է տալիս միաժամանակ ժամկետի 30-օրյա երկարաձգում խնդրել, թեև պարզ չէ՝ արդյոք Դոնալդ Թրամփը պատրաստվում է դա անել այս շաբաթ։  

Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան NBC News-ին հայտնել է, որ վարչակազմի պաշտոնյաներն ու Կապիտոլիումի առաջնորդները «ակտիվ բանակցություններ» են վարում, թե ինչպես կատարել 1973 թվականի օրենքով սահմանված պահանջը։

Պաշտոնյան հավելել է, որ Ներկայացուցիչների պալատի ցանկացած անդամ, որը դեմ կքվեարկի նախագահի՝ Իրանի հետ պատերազմի արտոնմանը, «միայն կթուլացնի Միացյալ Նահանգների ռազմական հզորությունն արտերկրում»։