ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հինգշաբթի հավանություն է տվել Սենատի ընդունած օրինագծին, որը հնարավորություն կտա ֆինանսավորել Ներքին անվտանգության նախարարության (DHS) գործունեության մեծ մասը՝ վերջ դնելով այդ հսկայական դաշնային գերատեսչության աշխատանքի ռեկորդային 75-օրյա ընդհատմանը, հայտնում է NBC News-ը։
Նախագահ Դոնալդ Թրամփը օրենսդիրներին կոչ է արել ընդունելու օրինագիծը և խոստացել է ստորագրել այն։
Մաքսային և սահմանային պահպանության ծառայությունը (ICE) ֆինանսավորում ստացել է նաև «շաթդաունի» ժամանակ, և հանրապետականները առաջիկա շաբաթներին կփորձեն պահպանել նրանց ֆինանսավորումը մինչև Թրամփի նախագահական ժամկետի ավարտը։
Ներկայացուցիչների պալատի որոշումն ընդունվել է սեղմ ժամկետներում։ Ներքին անվտանգության նախարար Մարկուեյն Մալինը նախազգուշացրել էր օրենսդիրներին, որ եթե նրանք մինչև հինգշաբթի հավանություն չտան միջոցների հատկացմանը, արտակարգ ֆինանսավորումը կավարտվի, և հազարավոր աշխատակիցներ աշխատավարձ չեն ստանա։
Հաջող քվեարկությունը տեղի է ունեցել նախքան Ներկայացուցիչների պալատի և Սենատի օրենսդիրների՝ հինգշաբթի օրվա վերջում մեկշաբաթյա ընդմիջման գնալը։
Հենց որ Թրամփը ստորագրի ֆինանսավորման օրինագիծը, Ներքին անվտանգության նախարարության այնպիսի գործակալություններ, ինչպիսիք են Արտակարգ իրավիճակների կառավարման դաշնային գործակալությունը, Առափնյա պահպանությունը, Տրանսպորտային անվտանգության վարչությունը և Գաղտնի ծառայությունը, կֆինանսավորվեն մինչև սեպտեմբերի 30-ը։
Դեմոկրատները Ներքին անվտանգության նախարարությանը ստիպել էին դադարեցնել աշխատանքը փետրվարի 14-ին, երբ հանրապետականները մերժել էին նրանց պահանջները՝ բարեփոխումներ իրականացնելու Թրամփի վարչակազմի ներգաղթի վերահսկողության մարտավարության մեջ, ներառյալ տեսախցիկների պարտադիր օգտագործումը և ռեյդերի սահմանափակումը հատուկ նշանակության վայրերում, մասնավորապես դպրոցներում ու հիվանդանոցներում:
Մարտի վերջին Սենատը միաձայն հավանություն էր տվել Ներքին անվտանգության նախարարության գործակալությունների մեծ մասի ֆինանսավորման օրինագծին՝ բացառությամբ ICE-ի և սահմանապահ ծառայության։





























