Հայաստանը վաղուց ի վեր անվանում են թանգարան բաց երկնքի տակ։ Երկրի միջնադարյան վանքերը, պատմական քաղաքները, ինչպես նաև հնագույն ժողովրդական ավանդույթներն ու սովորույթները վաղուց հիացմունք են առաջացնում, սակայն շատ տարածաշրջաններում զբոսաշրջությունից ստացվող տնտեսական օգուտները սահմանափակ են։ Դրա մասին ասվում է Համաշխարհային բանկի հրապարակման մեջ։
Վատ ճանապարհները, սահմանափակ հասանելիությունը և ենթակառուցվածքների բացակայությունը շատ վայրեր դարձրել էին անմատչելի՝ սահմանափակելով տեղական համայնքների հնարավորությունները՝ օգուտ քաղելու ներքին և օտարերկրյա զբոսաշրջիկների հոսքից։
Հասկանալով, թե ինչպես կարող են մշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության ուղղված ներդրումները նպաստել երկրի տնտեսության դիվերսիֆիկացմանը, գյուղական համայնքների վերածննդին և աղքատության կրճատմանը՝ Հայաստանի կառավարությունը և Համաշխարհային բանկը համատեղ ներդրումներ են կատարում զբոսաշրջության ոլորտում։
Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի (LEID) շրջանակում ջանքերն ուղղվել են առանձին օբյեկտների զբոսաշրջային հասանելիության բարձրացմանը. Ճանապարհների ասֆալտապատում և ընդլայնում ամբողջ երկրում։ Թեքահարթակների, ցանկապատերի, արտաքին լուսավորության և նստարանների տեղադրում: Հանրային տարածքների վերականգնում և տարածաշրջանային զբոսաշրջային կենտրոնների ստեղծում։
Հայաստանը բացահայտում է իր զբոսաշրջային պոտենցիալը՝ ներդրումներ կատարելով մշակութային ժառանգության օբյեկտների հասանելիության բարելավման գործում, ինչպիսիք են միջնադարյան վանքերը, պատմական քաղաքներն ու թաղամասերը։
Համաշխարհային բանկի ջանքերի շնորհիվ հաջողվել է աշխուժացնել հարակից համայնքները՝ հնարավորություններ ստեղծելով փոքր ձեռնարկությունների համար, որոնք աշխատատեղեր են ապահովում տեղացիների համար և միջոցները վերաներդրում իրենց համայնքներում։ Այդ նախաձեռնությունները մարդկանց մեջ նոր հույս են արթնացրել և նպաստել սփյուռքի ներգրավմանը։
Ծրագրի շրջանակում բարելավված օբյեկտներից մեկը 10-րդ դարի Մարմաշեն վանական համալիրն է։ Դարերի ընթացքում դիմակայելով բազմաթիվ փորձությունների, այդ թվում՝ երկրաշարժերի և արշավանքների, այդ պատմական վայրը մինչև վերջերս գրեթե անմատչելի էր այցելուների համար, ովքեր ստիպված էին տեղ հասնել զառիթափ լեռնալանջերով անցնող հողածածկ ճանապարհով։ Արդյունքում Մարմաշենը տարեկան այցելում էր ընդամենը մոտ 3000 մարդ։
Վանք տանող 2,4 կիլոմետր երկարությամբ ճանապարհի ասֆալտապատումից և վերակառուցումից հետո այցելուների թիվը կտրուկ աճել է և այժմ կազմում է տարեկան ավելի քան 40 հազար մարդ։





























