Ես Սերժ Սարգսյանի հետ իշխանության փոխանցման ոչ մի պայմանավորվածություն չեմ ունեցել այն սկզբունքով, որը Ռուսաստանում կիրառվեց Վլադիմիր Պուտինի և Դմիտրի Մեդվեդևի միջև, թեև նման լծակներ կային։ Համապատասխան միտքն արտահայտել է «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։

Նա հավելել է, որ քաղաքականությամբ զբաղվելը շարունակելու ոչ մի ցանկություն չի ունեցել։

«Ես իմ վերաբերմունքն արտահայտել եմ իրականացվող քաղաքականության վերաբերյալ 2008 թվականի վերջից մինչև 2018 թվականը։ Ես տարին մեկ կամ երկու անգամ արտահայտել եմ իմ անհամաձայնությունը, բայց դա չի նշանակում, որ իշխանության գալու ձգտումներ եմ ունեցել։ Ընդ որում, նախկին իշխանությունները կարծում էին, թե ես չէի կարող չունենալ նման ձգտումներ, և փորձում էին տարբեր լրատվամիջոցներով իմ դեմ կանխարգելիչ քարոզչություն իրականացնել։ Նման խոստովանություն արել է նաև նախկին իշխանությունը։

Միևնույն ժամանակ, մենք չենք սրում իրավիճակը։ 2018 թվականի իրադարձությունները շատ ծանր են ընկալում նրանք, ովքեր կորցրել են իշխանությունը կամ նրանք, ովքեր այն հանձնել են Նիկոլին։ Չեմ ուզում գնահատական տալ։ Ընդ որում, փորձելով արդարանալ՝ անցնում են բոլոր սահմանները և փորձում են ամեն ինչ բարդել այս կամ այն մարդկանց կամ հզոր ուժերի վրա։ Չեմ կարծում, թե սա այն ուղին է, որով պետք է առաջ շարժվել»,- հավելել է Քոչարյանը։

Նա «Հայաստան» դաշինքն անվանել է ամենաարմատական ընդդիմությունը, որն ակտիվ է եղել և՛ խորհրդարանում, և՛ փողոցային պայքարի ժամանակ։

«Ընդ որում, այսօր իրենց մոլի ընդդիմադիր են անվանում նրանք, ովքեր սիրալիր շփվում և համագործակցում էին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ։ Մեր նպատակը իշխանափոխությունն է, որպեսզի կանխենք ապագա աղետները, որոնք կարող են պատահել Հայաստանի հետ, եթե իշխանությունները վերարտադրվեն։ Մենք պայքարի մեջ ենք մտել հանուն հաղթանակի, բայց այդ ճանապարհին մենք չենք ասում, որ չենք համագործակցի այս կամ այն ուժի հետ»,- եզրափակել է Քոչարյանը։